Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք

ԱղվանԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, նշեց, որ «Լեզվի մասին» օրենքի քննարկման համատեքստում լեզվի խնդրին խորությամբ ուշադրություն չի դարձվում, ինչի հետևանքները ժամանակի ընթացքում ավելի ծանր են լինելու:

Ըստ պատգամավորի, ժամանակին` 2002թ-ին, ունեցել ենք ՀՀ լեզվական քաղաքականության վերաբերյալ պետական ծրագիր, որն ուներ նպատակներ ու մի շարք միջոցառումների ծրագիր, սակայն այժմ այդ ծրագիրը ուժի մեջ չէ այլևս, ծրագրի ժամկետն անցել է: «Կարծես թե՝ Լեզվի պետական տեսչությունն ունի սահմանափակ լիազորություններ:

Առաջարկում եմ, որ կառավարությունն այս ուղղությամբ մտածի` հրավիրելով լայն մասնագիտական քննարկումներ, որպեսզի մենք ունենանք նոր ծրագիր առաջիկայի համար:

Խորապես համոզված եմ, որ լեզուն ժողովրդի հոգին է, ուստի դրան պետք է սրտացավորեն մոտենալ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ապա պատգամավորն անդրադառնալով չորս քաղաքական ուժերի միջև համագործակցությանը, նշեց, որ ամեն ինչ շատ պարզ է` քաղաքական ուժերը դնում են խնդիր, ապա գալիս են տվյալ խնդրի շուրջ համաձայնության: «Ի՞նչ հրաշալի քառյակի մասին է խոսքը :

Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք այդ բառը, մենք քաղաքական տարբեր ուժեր ենք, որոնք համագործակցում են քաղաքական կոնկրետ խնդիրների շուրջ: Եվ փորձել ցանկացած պարագայում նույնացնել ու գնահատականներ տալ, անտեղի ու անիմաստ շահարկում է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել