Ովքեր հակառակ քայլեր են կատարում, իշխանության դրածոներն են, ականներն են

Արմեն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

– Պարոն Ռուստամյան, ոչ իշխանական ուժերը եր՞բ են առաջին դեմքով հանդիպելու: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նման հարց էր բարձրացրել:

– Մենք համարում ենք, որ դա պետք է լինի ճիշտ պահին և հետագա քայլերի համար հանդիսանա անհրաժեշտ խթան: Հիմա դրա անհրաժեշտությունը որպես այդպիսին չկա, որովհետև համարում ենք, որ այն, ինչ մենք կատարում ենք, ի վերջո, չորս ուժերի մոտեցումներն են: Այդ հանդիպումը նոր բան չի ավելացնի: Եվ դա այն մեթոդը չէ, որով պետք է փաստել, ապացուցել, հավելյալ համոզում առաջացնել, որ մենք միասին ինչ-որ քայլեր ենք անում: Կոնկրետ պայմանավորվածություն չկա, սակայն այդ հարցը քննարկվում է: Բայց այդ տարբերակը՝ որպես հնարավորություն, չենք բացառում, թեև ճիշտն ասած` այդպես մեծ կարևորություն էլ չենք տալիս:

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները ավարտվեցին: Որո՞նք են լինելու հետագա քայլերը:

– Ապրիլի 28-ին Ազգային ժողովում նախատեսվում է կառավարությանն անվստահության հարցի արծարծումը: Մինչ այդ համաձայնեցրել ենք համատեղ միջոցառումների հետ կապված քայլեր: Մեր մոտեցումը միշտ եղել է ամբողջական իշխանափոխություն, ինչը մենք հասկանում ենք ոչ միայն որպես վարչախմբի լիարժեք հեռացում, այլ նաև նոր իշխանությունների կողմից համակարգային այնպիսի փոփոխությունների նախաձեռնում, որպեսզի նույնը չկրկնվի: Իսկ որ դրա անհրաժեշտությունն առաջացել է պատմականորեն, մենք դա կարող ենք ցույց տալ մեր ցանկացած օպոնենտին: Անկախությունից ի վեր մենք նախագահներ ենք փոխել, իշխանություններ ենք փոխել, բայց համակարգը որպես այդպիսին չի եղել այն որակի, որ մենք չմտածենք, թե տեղի ունեցածը իշխանության լծակների յուրացում է կամ իշխանություն-ժողովուրդ օտարում: Այսինքն` հակակշռելիության և զսպումների մեխանիզմներն այսօր իշխանությունների մոտ գտնվում են զրոյական մակարդակի վրա: Հասել ենք այն մակարդակի, որ իշխող կուսակցությունը նույնացել է պետության հետ, և դա գլխավոր խնդիրներից մեկն է:

– Ոչ իշխանական քառյակը խորհրդարանում չունի մեծամասնություն: Ի՞նչ հույսով եք կառավարության անվստահության հարց դնում քննարկման կամ քվեարկության:

– Մենք նախ համարում ենք, որ այն հանգամանքը, որ Սահմանադրությունն այդ քայլը նախատեսում է, դա ինքնանպատակ չէ: Եվ մեր այդ քայլի իմաստն այն է, որ այս գործընթացների միջոցով իշխանություններին հնարավորություն ենք տալիս իրենց գործունեության մեջ շտկումներ մտցնել: Մենք նաև ասելու ենք, թե ինչպես ենք պատկերացնում հարցերի լուծումը: Իսկ ամբողջական իշխանափոխությունը նշանակում է ոչ միայն կառավարության կազմի փոփոխություն, այլ նաև կառավարության քաղաքականության փոփոխություն:

– Բայց չէ՞ որ մեծամասնությունն անընդհատ ցույց է տալիս, որ աջակցում է իր կառավարությանը:

– Մենք ինչ արել ենք, ունեցել է երկու նպատակ: Նախ` այն ծառայել է քաղաքական ուժերի տրամաբանված և ծրագրային համագործակցությանը: Մենք միշտ ընդդիմության համախմբման խնդիր ենք ունեցել: Իշխանությունների դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել, եթե ընդդիմությունը հանդես չի գալիս միասնական: Եվ ես կարծում եմ, որ մենք այսօր ունենք աննախադեպ վիճակ, որ Ազգային ժողովում հնարավոր է դառնում մեր համատեղ քայլերը: Երկրորդը՝ մեր քայլերն ուղղված են նաև հասարակությանը, և հասարակությունը տեսնում է, որ արդեն հնարավոր է համատեղ քայլեր անել: Իսկ դրանից հասարակությունը կհամախմբվի ու իր կամքն իշխանություններին ավելի զորեղ ուժով կպարտադրի: Եվ մենք, ըստ էության, երկրորդ բևեռը ստեղծելու խնդիր ենք լուծում: Այսօր քաղաքական համակարգը միաբևեռ է, միայն իշխանություններն են իրենց տոտալ վերահսկողությամբ: Հիմա մենք ձևավորում ենք երկրորդ բևեռը՝ քաղաքական ուժեր գումարած քաղաքացիական հասարակություն, և վերջում պետք է լուծվի ամբողջական հասարակության միավորման խնդիրը: Այս գործընթացն արդեն արդյունքներ է տալիս՝ իշխանություններն արդեն ջղաձիգ քայլեր են կատարում: Նրանց զայրացնում է այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր քառօրյայում փորձում ենք ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ: Նրանց զայրացնում է այն հանգամանքը, որ մենք շարունակում ենք նորից միասնական քայլեր կատարել: Իշխանափոխության հիմքը և երաշխավորը լինելու է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության շուրջ հասարակության մոբիլիզացիան: Իսկ բոլոր նրանք, ովքեր սրա դեմ հակառակ քայլեր են կատարում, նրանք իշխանության դրածոներն են, այն ականներն են, որ դրված են մեր մեջ: Կլսեք, կտեսնեք, թե այս գաղափարին դեմ ովքեր են խոսում:

– Բայց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ չեն ցանկանում քաղաքականացնել իրենց շարժումը:

– Դա անգրագետ հայտարարություն է: Քաղաքական խնդիրն ինչպե՞ս չքաղաքականա: Չկուսակցականացնելն այլ բան է: Նրանք այս երկու բանը շփոթում են: Չքաղաքականացված հարցը չի լուծվում: Իշխանություններին փոխելու հարցը քաղաքական չի՞: Անգամ կարմիր գծերի հարցն է քաղաքական դարձել: Եթե հարցը հասարակական հնչեղություն ունի, ուրեմն քաղաքական է: Հակառակը՝ պետք է քաղաքականացնել, քաղաքական հնչեղություն տալ, որ դրա շուրջ հնարավորինս լայն շերտեր համախմբվեն: Չկուսակցականացնելուն համաձայն եմ, քանի որ տարբեր կուսակցություններ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: Իսկ մենք այդ տարաձայնությունները հարթելով՝ փորձում ենք գտնել մեզ միավորողը:

– Ամենայն հավանականությամբ ապրիլի 28-ին մեծամասնությունը դեմ կքվեարկի կառավարությանն անվստահություն հայտնելու ձեր նախաձեռնությանը: Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:

– Մենք գրեթե 99 տոկոսով համոզված ենք, որ այս նախաձեռնությունը չի ընդունվելու մեծամասնության կողմից: Բայց մեր խնդիրը դա չէ: Մեր խնդիրն է հասարակության մեջ ստեղծել միավորման համար շատ ավելի առողջ մթնոլորտ և միասնական օրակարգ: Եվ, ի վերջո, շատ հստակ կդառնա, որ մենք ամեն ինչ արեցինք, որ խնդիրները լուծվեն քաղաքակիրթ, պառլամենտական ճանապարհներով: Իսկ այս իշխանությունները ակնհայտ դարձրեցին, որ ցանկացած խնդրի լուծում կապված է իշխանափոխության հետ: Եվ այլևս այլ բան չի մնում, քան իշխանափոխություն անելու ծրագիրը: Ես գրեթե վստահ եմ, որ կուտակվող հարցերի չլուծումը չի կարող չբերել քաղաքական պայթյունի, և չի կարող չառաջանալ մի քաղաքական ուժ, ուղղորդող մի ծրագիր, որը իշխանափոխության և երկրում իրավիճակի փոփոխության կհանգեցնի:

Արմինե Ավետյան

1in.am

Տպել Տպել