Իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ օր-օրի ավելի է գիտակցվում խնդրի լրջությունը

արմեն«Սահմանադրական դատարանից ակնկալում ենք անաչառ, անկողմնակալ և խորքային քննություն և առաջին հերթին իրավական տեսակետից` նկատի ունենալով, որ մեր համոզմամբ, կան հստակ հակասություններ ընդունված օրենքի և Սահմանադրության միջև»,-Panorama.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի վաղվա քննարկմանն ընդառաջ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցական պատգամավորի կարծիքով, Սահմանադրական դատարանը պետք է իր ողջ լիազորություններն օգտագործելով հարցին այնպիսի լուծումներ տա, որ խնդրի հետ կապված ստեղծված ճգնաժամը հարթվի:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի վերջին օրերին իշխանության տարբեր մակարդակներից հնչող հայտարարությունները, որոնցից կարելի է ենթադրել, որ իշխանությունները պատրաստ են կոնսենսուսի և փոփոխությունների վիճահարույց օրենքում, Ա.Ռուստամյանը նշեց, որ դրանք ցույց են տալիս, որ իսկապես օր օրի ավելի է գիտակցվում խնդրի լրջությունը:

«Նախ այն հանգամանքը, որ հնարավոր չէ ցանկացած բարեփոխում հաջողել, եթե այդ բարեփոխմանը դեմ է բնակչության գերակշիռ մեծամասնությունը: Ի վերջո բարեփոխումը չեն իրականացնում ղեկավարները, այն իրականացնում է հասարակությունն ու ժողովուրդը միասնական և եթե այդ միասնականությունը չկա, ապա ոչ մի բարեփոխում չի կարող իր նպատակին ծառայել: Սա ամենակարևոր հաստատումն է, որ իշխանությունները օր առաջ պետք է գիտակցեին»,- նշեց նա:

Երկրորդը, ինչի վրա ուշադրություն հրավիրեց Ա.Ռուստամյանն այն է, որ կան Սահմանադրական դատարանի պրակտիկայում արձանագրված նախադեպեր և եթե այդ նախադեպերով շարժվենք, ապա, ըստ Panorama.am-ի զրուցակցի, բարձրացված հարցերի զգալի մասը պետք է լուծում ստանան հօգուտ հայցվորների, որովհետև ակնհայտ հակասություններ են առաջանում Սահմանադրության պահանջների հետ:

Հիշեցնենք, վաղը` մարտի 28-ին Սահմանադրական դատարանում կքննարկվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը:

panorama.am

Տպել Տպել