Հանդիպում` Սոցինտերնի Իսրայելի ներկայացուցիչների հետ


ՀՅԴ պատվիրակությունը նախ հանդիպում ունեցավ Սոցինտերնի Իսրայելի Աշխատավորական կուսակցության անդամ, երկրի առաջին արաբ նախարար Ղալեբ Մաջադլեի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գալիք խորհրդարանական քննարկումները, Թուրքիայի` տարածաշրջանային դերի բարձրացումը եւ հայ-իսրայելական հարաբերությունները:

Մաջադլեն իր աջակցությունն է հայտնել Հայ Դատին եւ նշել, որ ՀՅԴ-ի եւ իր կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները շատ կարեւոր են, եւ դրանք հարկավոր է հաճախակի դարձնել:

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է նաեւ իսրայելական «Մերեց» կուսակցության խոսնակ Չաիմ Աուրոնի հետ: Վերջինս քաջատեղյակ է Հայ Դատին եւ բարձր է գնահատում հայերի ավանդը Իսրայելի, Երուսաղեմի, Պաղեստինի եւ Միջին Արեւելքի հարցերի կարգավորման գործում, նաեւ ՀՅԴ-ի ներդրումը` միջազգային կազմակերպություններում: Հանդիպումն ավարտվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության քննարկմամբ:

Նույն օրը` երեկոյան, կարճ հանդիպում է տեղի ունեցել Հրեական համալսարանում` իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ:

Կնեսետի պատգամավոր Զեեւ Էլկինը, որը մշտապես հանդես է գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` Իսրայելի արտգործնախարարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը եւ չխոչընդոտի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանը:

Տպել Տպել