Ճիշտ կլինի, որ ՍԴ որոշումից հետո կառավարությունն իր նախաձեռնությամբ հրաժարական տա

Armen-RustamyanԱյսօր Աժ-ում տեղի տեղի է ունեցել ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստը։

Նիստին մասնակցում էին ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:

Քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ քննարկվել են հետևյալ որոշումները, կառավարությանն անվստահություն հայտնելու ապրիլի 28-ի որոշման նախագծի մանրամասները և նոր կառավարության առաջնահերթ գործողությունների փաթեթը, որը վերջնականապես կհստակեցվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Քննարկվել է նաև հրապարակային միջոցառումների ծրագիրը: «Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում նախատեսված է համատեղ շուրջօրյա հանրահավաք: Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը պետք է կայանա ոչ շուտ, քան 48 ժամը, և ոչ ուշ` քան 72 ժամը, այդպես է նախատեսված ըստ Սահմանադրության: Այսինքն քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով` ապրիլի 28-30 -ը տեղի կունենան հանրահավաքներ` ի պաշտպանություն այդ պահանջի: Մինչ այդ մարզերով մեկ տեղի կունենան իրազեկման միջոցառումներ: Այդ բոլոր միջոցառումները իրականացնելու նպատակով ստեղծվել է երկու հանձնախումբ` կազմակերպչական և քարոզչական ապահովման խնդիրներով:

«Ապրիլի 28-ից հետո որևէ համաձայնություն չունենք, թե ինչ ենք անելու համատեղ: Ըստ ստեղծված իրավիճակի, կգնահատենք արդյունքները և կքննարկենք մեր անելիքները: Մնացած կուսակցությունները ազատ են իրենց հայտարարություններում ու անելիքնեում, ես խոսում եմ համատեղ համաձայնեցված որոշումների մասին»,- հավելել է Արմեն Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցին` հնարավոր՞ է, որ ՍԴ-ի` պարտադիր կուտակային բաղադրիչի վերացման վերաբերյալ որոշման դեպքում ոչ իշխանական չորս ուժերը հրաժարվեն կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունից, պատասխանեց. «Ոչ, ՍԴ դրական որոշումից հետո այն ավելի կամրապնդի մեր մոտեցումը, որովհետև միայն կուտակայինը չէ խնդիրը, խնդիրների ծավալը շատ մեծ է, իսկ կուտակայինը մեկ կոնկրետ բաղադրիչ է` կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի»:

Նա նշեց, որ երկու օր տևած սահմանադրական քննարկումները ակնհայտ դարձրեցին բոլոր այն կոպիտ խախտումները, հակասություններն ու հակասահմանադրական գործընթացները, որոնք կային` կուտակային օրենքի հետ կապված: Եվ ՍԴ քննարկումներն ավելի շատ ահազանգ էին կառավարությանը, որ եթե ուզում են խուսափել անվստահության հարցից, ապա ճիշտ կլինի, որ հենց ՍԴ որոշումից հետո իրենք հրաժարական տան ու չսպասեն անվստահություն հայտնելուն: «Կուտակայինի հետ կապված սահմանադրական քննարկումները ցույց տվեցին, որ կառավարությունն ինքն էլ չգիտի այդ գործընթացի սկիզբը և վերջը:

Նրանք միայն միջազգային փորձն են մեջբերում, բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկրում նման նախադեպ չկա, այն տեսքով, որ Հայաստանում են փորձում կիրառել»,- ասաց Արմեն Ռուստամյանը, ապա հավելեց. «Կարծում ենք, որ մեր ներկայացրած փաթեթը ՍԴ-ում անխոցելի է, և ակնկալում ենք, որ այն խնդիրներին, որոնք ուղղակի հակասության մեջ են Սահմանադրության հետ, ՍԴ-ն զերծ մնալով քաղաքական մոտեցումներից, զուտ իրավական գնահատականներ կտա, որով կնպաստի, որ եղած համակարգը փոփոխվի»:

Տպել Տպել