ՀՅԴ ներկայացուցիչները կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ. Ի՞նչ առաջարկներ են նրանք ներկայացնելու

Arsen-HambarcumyanՀայ Յեղափոխական Դաշնակության ներկայացուցիչները կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օրենքի պահանջով եւ տրամաբանությամբ վարչապետի եւ կառավարության ձեւավորման շրջանակներում նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքական ուժերի հետ, եւ նրա կարծիքով, նմանատիպ հանդիպում կլինի նաեւ ՀՅԴ անդամների հետ: Թե երբ եւ որտեղ կլինի հանդիպումը, ովքեր կմասնակցեն ՀՅԴ-ից, առայժմ հայտնի չէ, կորոշվի առաջիկայում:

«Մենք հստակ մոտեցումների եւ առաջարկությունների փաթեթ ունենք, որոնք նոր չէ, որ ձեւավորվել են եւ բնականաբար մենք պատրաստվում ենք մեր առաջարկություններով հանդես գալ: Ինչպիսին կլինի վերաբերմունքը, ըստ այդմ՝ էլ պարզ կլինի մեր վերաբերմունքը վարչապետի նշանակման, կառավարության ձեւավորման հետ կապված»,- նշեց նա:

Իսկ թե ինչ առաջարկություններ է ՀՅԴ-ն պատրաստվում ներկայացնել նախագահին, Արսեն Համբարձումյանն ասաց, որ այդ առաջարկությունները ձեւավորված են 2012թ նոյեմբերին հրապարակված հրապարակված 7 կետերի շրջանակում, դրանցից են՝

անցում կառավարման խորհդարանական համակարգին, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատում, «Ընտրական օրենսգրքի» արմատական փոփոխություն, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունների հետկանչում, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքում եւ այլն:

Ինչ վերաբերում է ազգային համաձայնությամբ կառավարության ձեւավորմանը, Արսեն Համբարձումյանն ասաց, որ դա քննարկվում է մամուլում, եւ եթե քննարկվում է, դեռ չի նշանակում, որ այդ մասին խոսք կա: «Անձերի փոփոխությունը ինքնանպատակ չէ, մենք ունենք հստակ պատկերացնումներ, թե ինչ պետք է արվի արմատական փոփոխություններ անելու ուղղությամբ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը եւ մասնավորապես, թե որքանով է դա ընդունելի ՀՅԴ-ի համար, Արսեն Համբարձումյանն ասաց, որ չի ցանկանում ենթադրություններ անել, քանի որ հաճախ քննարկվող ենթադրյալ փոփոխություններ, պարզվում է, իրականության հետ կապ չունեն:

ՀՅԴ-ն կխոսի վարչապետի մասին, երբ հստակեցվի, թե վարչապետի թեկնածությունը կոնկրետ ում անձի շուրջ է պտտվում:

news.am

Տպել Տպել