ԱՄՆ Կոնգրեսի եւ Հայ Դատի գրասենյակի անդամները մամուլի ասուլիս են տվել քեսաբյան դեպքերի առնչությամբ

g_image
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի 9-ին երկրի օրենսդիր մարմնի շենքի մոտ մամուլի ասուլիս է տվել սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Կոնգրեսականի նախաձեռնությանն են միացել հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Պալլոնեն, ներկայացուցիչների պալատից` պատգամավորներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշոոն, Բրեդ Շերմանը, ինչպես նաեւ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է արվել աջակցություն ցուցաբերել Քեսաբից տեղահանվածներին, ինչպես նաեւ հետաքննել Թուրքիայի դերը քաղաքի վրա իրականացված հարձակման գործում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին` ասուլիսին մասնակցելու համար, շեշտելով, որ վերոհիշյալ հարձակումը Թուրքիայի տարածքից է իրականացվել, թուրքական զինված ուժերի ակնհայտ աջակցությամբ: «Մենք պետք է իմանանք, թե արդյոք մեր դաշնակիցները եւ նրանց մատակարարված մեր սպառազինությունները որեւէ դերակատարում են ունեցել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վրա հարձակման գործում»,-ասել է նա:

Կոնգրեսական Շիֆը նշել է, որ սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր բազմաթիվ անգամ մտահոգություն է հայտնել երկրում ապրող հայերին եւ այլ քրիստոնյաներին սպառնացող վտանգների առնչությամբ նախագահի, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ զրույցների ընթացքում:

Ներկայացուցիչների պալատը ներկայացնող պատագամավոր Աննա Էշոոն նշել է, որ Սիրիայում ապրող որոշ համայնքներ, մասնավորապես հայկականը, ակաբեկչությունների թիրախի կիզակենտրոնում է հայտնվել քրիստոնյա լինելու պատճառով: «Հիմա, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ենք շուտով նշելու, այդ ժողովուրդը կրկին անգամ միջազգային քաղաքականության շախմատային տախտակին է հայտնվել: Դա չսպիացած վերքը բորբոքելու ակնհայտ փաստ է»,-համոզմունք է հայտնել կոնգրեսականը:

Մեկ այլ կոնգրեսականի` Ջուդի Չուի խոսքով, քրիստոնյաները, մասնավորապես` հայերը Սիրիայի ամենախոցելի համայնքն են ներկայացնում:

Ասուլիսի ընթացքում բազմիցս շեշտվել է, որ Քեսաբում 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի հետնորդներն են ապրում, եւ որ վերջին իրադարձությունները նրանց մեկ անգամ եւս ստիպել է վերապրել պապերի ցավն ու ողբերգությունը:

news.am

Տպել Տպել