Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի կրթության հարցերով հանձնաժողովն ընդունել է Ցեղասպանության թեմայի դասավանդման մասին օրինագիծը

g_imageԱՄՆ Կալիֆոռնիայի պետական օրենսդիր ժողովի կրթության հարցերով հանձնաժողովը չորեքշաբթի միաձայն ընդունել է ժողովի անդամ Ադրին Նազարյանի օրինագիծը, որը պահանջում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկում 7-ից 12-րդ դասարանների համար դասընթացների ուսումնասիրման ենթակա ոլորտների ցանկում:

Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը, գրում է asbarez.com-ը: Օրինագիծը նաև խորհուրդ է տալիս Կրթության հարցերով հանձնաժողովին ներառել 1915 թվականի իրադարձությունները հրատարակություններում և ուսումնական նյութերում։ Օրինագիծը պետք է այժմ քննարկվի Օրենսդիր ժողովի հատկացումների հանձնաժողովում:

«Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իմ շարունակական ջանքերով ես ցանկանում եմ երաշխավորել, որ մեր ուսանողներն ավելի լավ կրթական փորձ ունենան՝ ավելի շատ բան իմանալու համար, թե ինչ է եղել անցյալում»,- ասել է ժողովի անդամ Ադրին Նազարյանը՝ օրինագիծը ներկայացնելիս:

«Դա հրամայական է, որ Հայոց ցեղասպանությունն ուսուցանվի, որովհետև այն հիմք է ծառայել 20-րդ դարի հաջորդ ցեղասպանությունների համար»,- հավելել է Նազարյանը:

tert.am

Տպել Տպել