Կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ

Arsen -Նախօրեին տարածված «սենսացիոն» լուրերից մեկն այն էր, որ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը «առաջին դեմքերի» մակարդակով հանդիպել են, բայց ՀՅԴ-ն այդ հանդիպմանը չի մասնակցել։ Սրանից հետեւո՞ւմ է, որ ձեր եւ «քառյակի» մյուս ուժերի ջրերը նույն առվով չեն հոսում։

-Դաշնակցությունը ունի իր ուրույն մոտեցումները, պատկերացումները ցանկացած հարցի վերաբերյալ, ըստ այդմ՝ երբեւէ չի ակնկալել, որ քառյակի շրջանակներում բոլոր քաղաքական ուժերը բոլոր հարցերում միատեսակ մոտեցումներ պետք է ունենան։
Ի սկզբանե հայտարարվել է, որ խորհրդարանական չորս ուժերը պատրաստակամ են համագործակցելու բոլոր այն խնդիրների շուրջ, որոնց կապակցությամբ՝ ունեն ընդհանուր մոտեցումներ։ Մնացած պարագաներում յուրաքանչյուրն ազատ է իր քայլերի, գործողությունների մեջ։

Ավելին՝ պայմանավորվածություն կա, որ գործընկերային հարաբերությունների հանգամանքը նկատի ունենալով՝ քառյակի մաս կազմող այս կամ այն քաղաքական ուժը, այն չափով, ինչ չափով նպատակահարմար կգտնի, մյուսներին տեղյակ կպահի իր գործողությունների մասին, որպեսզի հետո թյուրըմբռնումներ չլինեն։ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» լիդերների երեկվա հանդիպմանը Դաշնակցության ներկայացուցչի չմասնակցելը այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։

-Այնուամենայնիվ, ի՞նչը խանգարեց ՀՅԴ-ին՝ մասնակցելու «բարձր մակարդակով» այդ հանդիպմանը։

-Մենք այդպիսի խնդիր չունենք եւ երբեք չենք ունեցել. եթե կան Դաշնակցության կողմից լիազորված մարդիկ, որոնք մասնակցում են հանդիպումներին, դա նշանակում է, որ կուսակցության ղեկավար կազմը ամբողջությամբ համաձայն է այն տեսակետներին, որ իրենք հայտնում են։ Այսինքն՝ «բարձր մակարդակով» ներկայացված լինելու, թերահավատության, այլ բնութագրումներ տալու խնդիր չենք տեսնում։

Չենք տեսնում նաեւ նպատակահարմարություն՝ անպայման ղեկավարների, լիդերների մակարդակով մասնակցելու այդ քննարկումներին։

-Ասել է թե՝ առաջնորդների հանդիպումները որակական առումով ոչինչ չեն տալիս համագործակցության խորհրդարանական ձեւաչափին։
-Իհա՛րկե։ Կարեւորը ձեւը չէ, այլ բովանդակությունը։

-Կոալիցիա կազմելու վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը նո՞ւյնն է։

-Դաշնակցությունը ասել է այն, ինչ ասել է՝ մենք այս պահին կոալիցիայի մեջ մտնելու խնդիր չենք դնում. մեզ համար կարեւորը ծրագրերն են։ Երբ մեծամասնությունը ներկայացնի՝ կոալիցիան ինչ հետեւություններ է արել, ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ինչ ծրագրեր է իրականացնելու, դրանից հետո պարզ կլինեն նաեւ մեր մոտեցումները։

-Եթե մեծամասնությունն ընդառաջ քայլ անի՝ ընդունի ձեր առաջարկած 7 կետերից մի քանիսը, մերժելով մյուսները, կվերադառնա՞ք կոալիցիա։

-Դեռեւս 2011թ. աշնանը, երբ Դաշնակցությունը հրապարակեց 7 կետերը, հայտարարվեց, որ դրանք քարացած ձեւակերպումներ չեն՝ պատրաստ ենք լսել քաղաքական այլ ուժերի տեսակետները եւ առաջարկությունները։ Այսինքն՝ մեր առաջ քաշած հիմնախնդիրների իրականացման ժամկետների, ձեւերի շուրջ կարող են լինել տարբեր պատկերացումներ, բայց բովանդակային առումով բոլորն էլ մեզ համար շատ կարեւոր են։

-Երեկ հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը, որտեղ, որպես այլընտրանք, ամրագրված է նաեւ կառավարման համակարգի փոփոխության հնարավորությունը։ Սա կարո՞ղ է դառնալ այն հենքը, որի շուրջ համագործակցելով՝ իշխանությունը եւ ընդդիմությունը կարող են իրականացնել «համակարգային փոփոխությունների» տեսլականը։

-Կարծում եմ, դեռ առիթ կունենանք այդ մասին խոսելու։ Ամեն դեպքում, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նույնիսկ նախնական նախագծի հրապարակումը թույլ է տալիս ասել, որ այն մոտեցումները, որոնց մասին մենք պարբերաբար բարձրաձայնել ենք, առնվազն սահմանադրական բարեփոխումների, համամասնական ընտրակարգի ամրագրման հետ կապված, իրենց արտացոլումը գտել են այդ նախագծում։

Սա նշանակում է՝ այն մոտեցումները, որոնք մեծամասնության կողմից նախկինում կտրականապես մերժվում էին, այսօր անընդունելի չեն համարվում։ Այդ առումով իրավիճակ է փոխվել։

Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարիներին էլ, երբ Դաշնակցությունը խոսում էր, օրինակ, երկքաղաքացիության դրույթը սահմանադրորեն ամրագրելու, սփյուռքի նախարարություն ստեղծելու, Ազգային անվտանգության խորհուրդ, հակակոռուպցիոն մարմին ձեւավորելու անհրաժեշտության մասին, դա ընկալում չէր գտնում, բայց հետո այլ քաղաքական ուժեր եւս անդրադարձան այդ հարցերին, եւ ոչ միայն անդրադարձան, այլեւ իրենք դարձան դրա ջատագովը։

Հույս ունենք, որ այս դեպքում էլ այն հիմնահարցերը, որ ժամանակին առաջ էր քաշում Դաշնակցությունը, այդ թվում՝ հրապարակված 7 կետի շրջանակներում, ի վերջո, սկզբունքային հավանության կարժանանան այլ քաղաքական ուժերի կողմից։

-Մեծամասնությունն ասում է՝ ինչ կառավարություն էլ լինի, ով էլ լինի վարչապետը, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերն է իրականացնելու։ Այս տեսակետից, ծրագրային լուրջ փոփոխությունների հեռանկար տեսնո՞ւմ եք։

-Եթե ձեւավորվեն ընդհանուր մոտեցումներ, մասնակցության ձեւաչափերի հարցը կարելի է քննարկել եւ հստակեցնել։ Սա բնավ չի նշանակում, թե այդ մասնակցությունը կարող է լինել բացառապես պորտֆելներ ստանձնելու կամ գործադիր իշխանության մեջ անպայման ներկայացված լինելու ձեւով։

Եթե գտնվեն համագործակցության եզրեր, այն ժամանակ կարելի է մտածել՝ ինչպես աջակցել, օժանդակել այդ ծրագրերի իրականացմանը։ Չեն գտնվի՝ ամեն մեկը կշարունակի այն ընթացքը, որով շարժվում էր մինչեւ հիմա։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Տպել Տպել