Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների տնտեսական համաժողովը

logoԱյսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱԺ ոչիշխանական ուժերի՝ ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» «Տնտեսական նոր քաղաքականություն» խորագրով համատեղ համաժողովը։

Մասնակցում էին ԲՀԿ խմբակցության պատգամավորների հիմնական մասը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, «Ժառանգություն»–ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը և Արա Նռանյանը:

Համաժողովին ներկա էին նաև քաղաքական այլ գործիչներ, փորձագետներ, հեղինակավոր տնտեսագետներ և իրավաբաններ Հայաստանից ու արտերկրից, ՀԿ ներկայացուցիչներ:arm1

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշել է, որ ընդդիմության նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացումն ապահովել այն հենքի վրա, որպեսզի բոլորը կարողանան իրենց տեղին, դիրքին և իրենց ունակություններին համապատասխան վարձատրության համակարգով և ստացվող եկամտով բավարարվեն:

«Փորձ է արվել բոլոր քաղաքական ուժերի ծրագրային դրույթներից ներառել այս ծրագրում՝ ձևավորելու մեկ ամբողջություն: Անշուշտ, կան կուսակցությունների մեջ գաղափարախոսական տարբերություններ. մենք փորձել ենք այս ծրագիրը կառուցել ոչ թե տարբերությունների հենքի, այլ միասնական մոտեցումների սկզբունքին համապատասխան»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը կառուցվել է՝ կենտրոնում ունենալով մարդուն, ՀՀ հանրությանը և պետությանը՝ հիմնված մարդու հիմնարար ազատությունների, դրանք հարգելու սկզբունքների վրա:

«Պետության պարտավորությունն է ազատ թողնել բոլոր տեղերը, որտեղ մարդը կարող է ստեղծել, արարել և սահմանափակել բոլոր այն մեխանիզմները, որտեղ առկա են լինելու չարաշահումներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս ծրագրով Հայաստանում արհեստական մենաշնորհ չպետք է լինի:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս ծրագրի իրականացման գործում կարևորել է Սփյուռքի դերը:

–Սփյուռքը պետք է մասնակցի իր ամբողջ ներուժով: Դրա համար անհրաժեշտ է, որ պետությունը տասը տարով ազատի բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն եկամտահարկը:

Մինասյանը հայտնել է, որ ներկայացված տնտեսական ծրագիրն աշխատելու ցանկություն ունեցող բոլորին կարող է աշխատատեղերով ապահովել, ինչը կխթանի նաև ներգաղթը:

–Մենք առաջարկում ենք նաև սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում կոնկրետ քայլեր,-հայտնել է Ա. Մինասյանը:

Տպել Տպել