Մեծ աշխատանքներ ենք տարվում Արցախի անկախության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հարցազրույց ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանի հետ

վաչեՂահ– Վերջին տարիներին Ավստրալիայում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Դատի գրասենյակը, եւ Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: Անցած տարի ավստրալացի պատգամավորների խումբ էիք բերել Արցախ: Որ՞ն էր այդ այցի նպատակը:

– Ավստրալիան մի փոքր տարբերվում է այլ երկրներից, քանի որ չունենք հարեւաններ: Այն մի մեծ կղզի է, եւ երբ փորձում ենք պատգամավորներին ներկայացնել Արցախի հարցը` ասելով, որ կան սահմաններ, նրանք չեն կարողանում հստակ պատկերացնել` ինչ ասել է սահմաններ: Նրանք հստակորեն չեն պատկերացնում, որ երկիրը կարող է սահմաններ ունենալ: Ավստրալիան սահմաններ չունի, իր շուրջն օվկիանոս է: Նրանք չեն կարողանում ըմբռնել, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնեցնում Արցախին` սահմաններում լարվածության պատճառով, եւ այնտեղ առկա խնդիրներն ինչ ազդեցություն են ունենում ժողովրդի հոգեկան աշխարհի վրա: Եվ անգամ ինչ ազդեցություն ունի առեւտի վրա կամ դիվանագիտական հարաբերություններում` սահմաններում առկա խնդիրները: Մենք այս ամենը մեկ առ մեկ բացատրում եւ պարզաբանում ենք Ավստրալիայի պատգամավորներին: Անցյալ տարի մենք Ավստրալիայի 7 պատգամավորների հետ այցելեցինք Արցախ: Դրանք անձիք էին, ովքեր անտարբեր չեն Արցախյան հիմնահարցի նկատմամբ եւ հաճախ են խոսել այդ հարցի մասին: Ավստրալիայի ամենամեծ նահանգն ընդունեց բանաձեւ Արցախի ինքնորոշման ճանաչման մասին: Իսկ այդ պատգամավորները, ովքեր եկան Արցախ եւ իրենց աչքով տեսան, թե ինչ նշանակություն ունի Արցախը, բոլորովին տարբեր մթնոլորտ ստեղծվեց հենց իրենց մտքերում: Շատ լավ եմ հիշում, երբ ԼՂՀ ԱԺ-ում ավստրալիացի պատգամավորներից մեկը հարցրեց, թե ուր են փլատակ շենքերը: Նրանք զարմացած էին, որ Արցախը ոտքի է կանգնել եւ վերանորոգել է պատերազմի հետքերը: Նրանք զարմացել էին` տեսնելով, որ Արցախում ժողովուրդն ապրում է նորմալ, ինչպես Եւրոպական երկրներում են ապրում: Ավստրալիա վերադառնալով` նա իրապես կարողացավ ըմբռնել, թե Արցախը ոչ միայն ինչ-որ տարածք է, այլ մի պետություն է, որն ունի կառավարություն, եւ այդ երկրում ապրում է մի ամբողջ ժողովուրդ: logo

– Ավստրալիայի Հարավային Նոր Ուելս նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը խորհրդարանի մակարդակով: Ի՞նչ եք կարծում, այդ ճանաչման գործընթացը կարո՞ղ է շղթայական լինել եւ արդյո՞ք այդ գործընթացը կտեղափոխվի այլ նահանգներ կամ այլ մակարդակներում այն կընդունվի:

– Մենք արդեն լծվել ենք այդ աշխատանքին, որպեսզի այլ նահանգներ եւս իրենց հերթին ճանաչեն ԼՂՀ անկախությունը, ինչպես այն արեց Նոր Հարավային Ուելս նահանգը 2012 թվականին: Բավականին մեծ եւ լուրջ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի կողմից, եւ հույս ունենք, որ այլ նահանգներ եւս իրենց հերթին նման բանաձեւեր կընդունեն, ինչպես եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: Արցախի անկախության ճանաչումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը` դրանք երկու հարցեր են, որոնց ուղղությամբ միաժամանակ մեծ աշխատանքներ ենք իրականացնում: Այդ երկու հարցերն էլ շատ մեծ նշանակություն ունեն, շատ մեծ կարեւորություն ունեն: Դրանցից մեկը` պատմական հարթակում, իսկ մյուսը` ներկա իրավիճակի նկատմամբ:

– Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւից հետո արդյո±ք եղան ճնշումներ Ադրբեջանի կողմից, եւ, առհասարակ, ինչ խնդիրների առաջ եք կանգնում, որպեսզի Ավստրալիան ճանաչի Արցախի անկախությունը:

– Կարող եմ մի պարզ օրինակ բերել: Երբ 2012 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը որդեգրեց եւ միաձայն ընդունեց բանաձեւ, որով ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թուրքերը փորձեցին որոշակի քայլեր ձեռնարկել: Մինչեւ 2013 թվականը Ավստրալիայում Ադրբեջանը չուներ դեսպանատուն, եւ երբ 7 պատգամավորներ Ավստրալիայից այցելեցին Արցախ, հենց այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը բացեց իր առաջին դեսպանատունն Ավստրալիայի մայրաքաղաքում: Փաստը ինքնին շատ հստակ է, թե ինչու: Բնականաբար` հակասելու մեր տարած աշխատանքներին Արցախի ճանաչման նկատմամբ: Ավստրալիան եւ Ադրբեջանը չունեն ոչ մի տնտեսական կամ քաղաքական կապ: Իհարկե, ամեն մի պետություն նման իրավունք ունի եւ մենք չենք կարող դրան դեմ լինել, սակայն փաստը հայտնի է, թե ինչու Ավստրալիայում Ադրբեջանը դեսպանատուն բացեց: Եվ անկախ այն բանից, թե որքան գումարներ են ծախսում իրենց սուտը առաջ տանելու համար, միեւնույն է` մենք համոզված ենք, որ ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է: Նոր Հարավային Ուելս նահանգի ճանաչումը մեծ արձագանք ունեցավ հենց տեղական շրջանակներում: Դաշնային կառավարությունը եւ խորհրդարանը քաջատեղյակ են, որ նման բանաձեւ է ընդունվել: Արդեն իսկ փաստն առկա է, որ Ավստրալիայի մայրաքաղաքում ղեկավարներն ու խորհրդարանականները լսեցին Արցախի մասին: Մենք հույս ունենք, որ այլ նահանգներ եւս իրենց հերթին կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բնականաբար, այդ ամենը մեկ օրվա աշխատանք չէ: Մեր ցանկալի արդյունքին հասնելու համար երկարաժամկետ եւ քրտնաջան աշխատանք է պահանջվում, սակայն մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում մենք մեր ցանկալի արդյունքին հասնելու ենք:

– Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ Դատի գրասենյակի աշխատանքներն ակտիվացել են, եւ, առհասարակ, ի՞նչ աշխատանքներ է այսօր կատարում Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը եւ ի՞նչ խնդիրների եք հանդիպում:

– Խնդիրները գրեթե նույնն են` ինչ աշխարհի բոլոր երկրներում է առկա: Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ սպառնալիքներ է տեղում: Այդ հարցում արդեն տարիների փորձառություն ունենք եւ այդ ամենը նորություն չէ մեզ համար, սակայն պետք է միշտ պատրաստ լինենք հակասելու այդ բոլոր սպառնալիքներին, ինչը եւ անում ենք: Կարող եմ մի պարզ օրինակ բերել: 2013 թվականի վերջին թուրքական համայնքը Ավստրալիայում իրապես սկսել է ակտիվանալ: Նրանք Ամերիկայից մի պատմաբան էին հրավիրել Ջաստին Մաքարթի անունով: Նա բավականին հայտնի պատմաբան է եւ հայտնի է իր աշխատությամբ, որը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ է: Նա հրավիրվել էր Ավստրալիա եւ երեք գլխավոր ելույթներ պետք է ունենար: Արդեն տեղյակ լինելով, թե որտեղ են նախատեսվում ելույթները, կապվեցինք այդ հանդիսությունների սրահների ղեկավարների հետ եւ ներկայացրինք, թե ով է այդ անձնավորությունը եւ ինչ է իրենից ներկայացնում: Եվ անմիջապես 2 հաստատությունները հրաժարվեցին տրամադրել իրենց սրահները այդ ելույթների համար: Սա նույնպես հաջողություն է: Բնականաբար, տեղական մամուլը նույնպես անդրադարձավ այդ ամենին, քանզի Հայոց ցեղասպանության իրողությունը աղավաղող ինչ-որ մեկը չպետք է հնարավորություն ունենա բեմ բարձրանալու եւ իր ասելիքը փոխանցելու: Բնականաբար, այդ ամենը թուրքերի համար բավականին մեծ վնաս էր, քանզի նրանք չկարողացան փոխանցել ժողովրդին այն, ինչ ուզում էին փոխանցել` խեղաթյուրելով պատմական իրողությունը:

Մենք Ավստրալիայում երկու գլխավոր հաջողություններ ենք ունեցել: Ավստրալիայի երկու նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը, եւ այժմ էլ այլ նահանգների հետ ենք աշխատանքներ տանում, որպեսզի նրանք էլ բանաձեւեր ընդունեն: Եթե մի փոքր հետ նայենք, մոտ 5 կամ 6 տարի առաջ շատ քիչ մարդիկ կային, որ գիտեին Հայոց ցեղասպանության իրողության մասին: Եվ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ ընդհանրապես Հայաստանի մասին գրեթե տեղեկություն չունեին: Սկզբունքային խնդիրներ կային, որ պետք է վերլուծեինք եւ ներկայացնեինք խորհրդարանի անդամներին` կապված Հայաստանի հետ: Էլ չեմ ասում` Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի հարցով: Այսօր Ավստրալիայում հասել ենք մի հանգրվանի, որ չկա խորհրդարանի որեւէ անդամ, որը չգիտի Հայոց ցեղասպանության իրողության մասին:

– Հայոց ցեղասպանության ճանաչումն Ավստրալիայում կատարվել է նահանգային մակարդակում: Արդյո՞ք այն այլ հարթակներ եւս կտեղափոխվի:

– Ավստրալիայում Հայոց ցեղասպանության իրողությունը ընդունվել է նահանգային մակարդակով, սակայն աշխատանքներ են տարվում: Այդ հարցում հասել ենք այնպիսի մի տեղ, ինչպես որոշ երկրներում է. հասել ենք «Ցեղասպանություն» բառի օգտագործմանը, սակայն, դժբախտաբար, Ավստրալիայի կառավարությունը շատ ուշադիր հետեւում է Ամերիկայի քաղաքականությանն այդ հարցի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ` պետք է նշեմ, որ Ավստրալիան շատ մոտ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ առաջին համաշխարհային պատերազմից հետո: Թուրքիան կարողացել է օգտագործել այդ պատմական հետքը, որպեսզի ամրապնդվեն կապերը Ավստրալիայի հետ: Ապրիլի 24-ին, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերի անմար հիշատակի համար, ապրիլի 25-ին Ավստրալիան պետք է տոնի առաջին համաշխարհային պատերազմի իր գլխավոր տոնակատարությունը: Թուրքերը կարողացել են օգտագործել այդ թվականը իրենց շահի համար: Մենք` որպես հայ ազգ, որը գտնվում է Ավստրալիայում, մեր ձեռքին ունենք մեծ փաստ բոլոր այդ սպառնալիքների դեմ: Դա այն է, որ Ավստրալիան մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերին: Լիբանանում ներկայումս Կիլիկիո թեմի առաջնորդարանի շենքը` նախքան առաջնորդարան լինելը եղել է որբանոց, եւ ավստրալիացիները հոգ են տարել մոտ 1500 հայ որբերի համար: Դա եղել է 1915-1927 թվականներին: Կան բազմաթիվ օրինակներ, որ Ավստրալիայի բժիշկներ եւ այլ մասնագետներ գաղթել են միջին արեւելք հայ որբերին հոգ տանելու համար: Ավստրալիայի տարբեր շրջաններում նստած կանայք իրենց ձեռքերով են հագուստներ կարել եւ ուղարկել այդ որբանոցներին: Նաեւ այլուր ու ցորեն են ուղարկել, որպեսզի այդ երեխաները սոված չմնան: Դա Ավստրալիայի ներքին պատմությունն է, որը թուրքերը խախտել չեն կարող: Իսկ այս ամենը ուժ է մեր ձեռքին, առավել եւս` որ մոտենում է 100-ամյակը եւ լուրջ աշխատանք կա այդ ներքին տեղական պատմության ճանաչման նկատմամբ` կապված Հայոց ցեղասպանության հետ: Մենք լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի Ավստրալիան իր հերթին ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Որքանով տեղյակ եմ` առաջիկայում լրագրողների խումբ եք բերելու Հայաստան: Արդյո՞ք նախատեսվում է նաեւ պաշտոնական ներկայացուցիչների այց Հայաստան կամ Արցախ:

– Հավանաբար մեր հաջորդ այցելությունը Հայաստան` կլինի միայն լրագրողների հետ: Մենք ունենք ծրագրեր` տարբեր ներկայացուցիչների բերել Արցախ եւ Հայաստան: Բայց քանի որ եկող տարի Ցեղասպանության 100-ամյակն է, ուզում ենք, որ մեր տեղական թերթերն ավելի լայնորեն գրեն ոչ միայն Ցեղասպանության մասին, այլ ընդհանրապես Հայաստանի մասին, քանզի բազմաթիվ ավստրալիացիներ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեն: Չի բացառվում, որ այդ ամենից հետո ցանկություն ունենան այցելել Հայաստան` որպես զբոսաշրջիկ: Այն ծրագիրը, որն ուզում ենք իրականացնել, կենտրոնացած է ոչ միայն Արցախի վրա կամ Ցեղասպանության ճանաչման վրա, այլ Հայաստանի տնտեսական զարգացման վրա:

Չնայած Հայ Դատը, որը Հայ Յեղափոխական Դաշնակցության քաղաքական բաժինն է, միայն Դաշնակցության խնդիրը չէ: Հնարավոր չէ, որ աշխարհի երեսին մեկ հայ լինի, ով դեմ կլինի Հայ Դատին. դա արդեն իսկ շատ մեծ հաջողություն է: Մեր խնդիրն է` նրանց համախմբել եւ նրանց սրտերում միշտ վառ պահել հայրենիքի գաղափարը: Կա թյուր կարծիք, որ 100-ամյակին, եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը, ապա դա կլինի վերջնակետը: Դա բոլորովին սխալ մտածելակերպ է, քանզի Հայոց ցեղասպանության ճանաչումն արդեն իսկ առաջին մարտահրավերն է. մենք ունենք հողային պահանջ, հատուցում եւ այլ պահանջներ: Եվ այդ ժամկետը կարեւոր չէ: Իհարկե, հաջորդ տարի լրանում է 100-ամյակը, բայց դա կարեւոր չէ: Եթե տեւի 200 տարի, որ հասնենք մեր պայքարի արդյունքին, ուրեմն աշխատանքները կտարվեն մինչեւ այդ ժամանակ, մինչեւ մեր բոլոր պահանջները կիրականանան:

Հարցազրույցը` Անի ԱԶԱՏՅԱՆԻ

aparaj.am

Տպել Տպել