Թե հայ, և՛ եւ թե թուրք իրականության մեջ կա ընդհանուր ակնկալիք՝ ինչ է տեղի ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրան ընդառաջ՝ իննսունիննամյակին, արդյոք ինչ-որ պետություններ ճանաչելո՞ւ են այն, և արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժ կլինի՞. այս մասին, այսօր, ապրիլի 22-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` միաժամանակ նկատելով, որ վերջին դեպքում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, դժբախտաբար չպետք է ակնկալել, որ կլինի դրական տեղաշարժ՝ բացի նրանից, որ թուրք հասարակության մի քիչ ավելի մեծ մասը կսկսի ճանաչել ինքն իր պատմությունը, որովհետև Ցեղասպանության ժխտման քաղաքականության զոհն է նաև Թուրքիայի հասարակությունը:
Նա նշել, որ վստահ չէ, թե ԱՄՆ-ում, Ցեղասպանության տարելիցի հետ կապված, «ուժեղ հայտարարություն» կանեն, ինչպես ակնարկել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որովհետև եթե ԱՄՆ-ը նման մտադրություն ունենար, ապա, այդ հայտարարությունից առաջ ընկնելով, Թուրքիան կփորձեր ինչ-ինչ քայլեր ձեռնարկել` կանխելու համար այդ հայտարարությունը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա, Կիրո Մանոյանի համոզմամբ, անհրաժեշտ է, որ այս տարի Հայաստանը ձերբազատվի այդ արձանագրություններից, որովհետև դրանք իրենց առկայությամբ արդեն սկսել են վնասել Հայաստանին, քանի որ Թուրքիան աշխարհին ուզում է ցույց տալ, որ ինչ-որ գործընթաց է ընթանում հայ-թուրքական հարաբերություններում, սակայն իրականում ոչ մի գործընթաց էլ չկա. «Պետք է իրավականորեն սպանել հայ-թուրքական արձանագրությունները` հետ վերցնելով ստորագրությունը, մանավանդ, որ մենք ականատեսն ենք Թուրքիայի կողմից շարունակվող հակահայ քաղաքականության, որի վառ ապացույցը Քեսաբում իրականացված գործողություններն էին»:
Նա նաև նշել է, որ վստահ չէ, որ ՀՀ նախագահը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելու հայտարարություն կանի, այլ նա կշարունակի ասել այն, ինչ ասել է չորս տարի առաջ` որ Հայաստանի համբերությունը սահման ունի, և մի օր Հայաստանը հետ կվերցնի իր ստորագրությունը: «Կարծում եմ` ճիշտ չի լինի թևակոխել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից այդ արձանագրություններով, որովհետև Թուրքիան աշխարհին փորձում է ցույց տալ գոյություն չունեցող գործընթաց: Իսկ աշխարհը չի մեղադրի Հայաստանին իր ստորագրությունը հետ վերցնելու համար»,- ասել է Կիրո Մանոյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին զուգահեռ անհրաժեշտ է, որ եվրոպահայ համայնքն ավելի աշխուժացնի իր աշխատանքները:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ նախագահի վերջին հայտարարությանը, մասնավորապես` որ հայ-թուրքական արձանագրությունները որևէ վնաս չեն հասցրել Հայաստանին, Կիրո Մանոյանը շեշտել է, որ համաձայն չէ այդ կարծիքին, որովհետև իրականում հայ-թուրքական արձանագրությունները վնասել են: «Նախագահն այնպես է խոսել, կարծես թե երբ բանակցություններ են գնացել, արդեն իմացել են, որ Թուրքիան չի վավերացնելու այդ արձանագրությունները: Թուրքիան վավերացնելու կարիք չունի, որովհետև իր ստանալիքը ստացել է` աշխարհին ցույց տալով, որ պետք չէ խառվել հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ իրենք իրենց հարցերը լուծում են: Այնինչ` պետք է հայ-թուրքական սահմանը բացեր, բայց չի բացում, դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատեր, բայց դրանք չկան»,- ասել է նա:
Մեջբերելով նախագահի կարծիքն այն մասին, թե այդ արձանագրությունները Ղարաբաղի հարցի վրա իրենց ազդեցությունը չեն ունեցել, Մանոյանը շեշտել է, որ իրականում ստորագրության պահից Թուրքիան Ղարաբաղյան հարցի կարգավորումը նախապայման է համարում: Բանախոսի համոզմամբ` հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանին դրական ոչինչ չեն տվել.
«Ասվում է, թե, չվավերացնելով այդ արձանագրությունները, Թուրքիան իր իսկական երեսը ցույց տվեց, բայց քանի՞ տարի պետք է սպասենք, որ իր երեսը ցույց տա: Մանոյանը նաև չբացառեց, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններից ինչ-որ մեկը ինչ-որ պահի վավերացնի՝ ծանր կացության մեջ դնելով Հայաստանին:
Անդրադառնալով՝ ՄՄ Հայաստանի անդամակցությանն նա նշել է, որ ազդեցիկ պետությունները հասկանում են՝ ի վերջո, Եվրոպան իր պատասխանատվության մասն ունի այստեղ, դրա համար հակառակը՝ փորձում են այլ ձևերով հարաբերություն պահել, որպեսզի Հայաստանի վրա հնարավորինս կարողանան ազդեցություն պահել. «Ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունն իրականում վերջանում է Հայաստանով: Անհրաժեշտ է, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը, մենք կոնկրետանանք մեր հատուցման և իրավունքների խնդրի վրա, մեր հիշողությունը աշխարհին ներկայացնելու քայլերին անցնենք»:







