ՀՅ Դաշնակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների հետաձգմանը

22.04.14-4111axvan-rostomyan (1)«ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմի իշխանությունների հետ, կառավարությունում պաշտոններ չի զբաղեցնի»,-ՀՅԴ 18-րդ Գերագույն ժողովի որոշումը, որը նաեւ ՀՅԴ ԳՄ դիրքորոշումն էր, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին փոխանցեցին ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն նշեց, որ ապրիլի 18-20 Աղվերանում գումարված ՀՅԴ Գերագույն Ժողովը վերահաստատել է, որ ՀՅԴ-ն մաս չի կազմելու կոալիցիային և ՀՅԴ-ն գործելու է ընդդիմության դաշտում:

Արմեն Ռուստամյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն պատճառներին, թե ինչու ՀՅԴ-ն հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել:

Նրա խոսքով` Դաշնակցությունը իշխանություններից չի ստացել ամբողջական երաշխիք, որ ընդունելի են իրենց ներկայացրած առաջարկությունների փաթեթը` «Յոթ կետեր»-ը :

«Իշխանությունները այդ դուռը բաց են թողել, ասելով, որ դեռ կանդրադառնան այդ յոթ կետերին: Եթե մեր առաջարկությունները ընդունվեին, մենք պատրաստ էինք ստանձնել ամբողջական պատասխանատվություն, որպեսզի հստակ ժամականացույցով իրականացվեին այդ յոթ կետերը: Կոալիցիայի մաս կազմելը մեզ համար ինքնապատակ չէ, չէ՞ որ 2009-ին մենք կոալիցիայից դուրս եկանք` իշխանությունների կողմից այդ յոթ կետերի խախտման պատճառով: Եվ մեր հարաբերությունը նոր կառավարության հետ պայմանավորված կլինի նրանով, թե որքանով է կառավարությունը իրականացնում այդ յոթ կետերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ այդ պարագայում Դաշնակցությունը պատրաստ է ներդնել իր ներուժը` համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականը պահանջելուն, Արման Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը պետք է համոզված լինի, որ մարդկանց փոփոխությունից հետո կլինի այնպիսի փոփոխություն, որ նույն բանը չկրկնվի: «Մենք դա ասում ենք դառը փորձից, որպեսզի իշխանափոխության արդյունքներից չօգտվեն նրանք, ովքեր արեցին այդ փոփոխությունը, որպեսզի երաշխիք լինի, որ անձանց փոխելուց հետո նույնը չի կրկնվի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա կարծիքով` մարտավարական առումով տեղին է ոչ թե միայն «դեմ» խոսելը, այլ տրամաբանական քայլերի տեսլական ունենալը, քանի որ ժողովուրդն ուզում է տրամաբանված քայլեր, որը ավելի մեծ շանսեր է ապահովում իշխանափոխության համար:

Հայաստանում գործող կառավարման համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը, ահա ինչու պետք են սահմանադրական փոփոխություններ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքը, թե սահմանադրական բարեփոխումները երկրին անհրաժեշտ են այն ժամանակ, երբ գործող Սահմանադրությամբ այլևս հնարավոր չէ առաջ գնալ: «Ռոբերտ Քոչարյանի ասած ժամանակը վաղուց եկել է, այսինքն սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են և գործող համակարգը այլևս չի նպաստում երկրի զարգացմանը»- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մեկնաբանելով այն կարծիքը, թե ՀՅԴ-ն դաշտ է բացում Ռոբերտ Քոչարյանի համար, Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք որևէ մեկի համար դաշտ ապահովելու խնդիր չունենք, ՀՅԴ-ն գործում է իր սկզբունքներով: Այո, սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»:

Աղվան Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ իրենց յոթ կետերով երկրում տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության ոլորտներում և համակարգային փոփոխություն է ենթադրվում. «Դրա համար ենք մենք կարևորում և հասարակական, և քաղաքական ուժերի համախմբումը: Փորձենք համոզել, որ այս փաթեթն իսկապես ելք է երկրում արմատական փոփոխություններ անելու համար: Ինչքան մեծ կլինի համախմբումը, այնքան հեշտ կլինի դա կյանքի կոչելը»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց, որ խորհրդարանում ոչ իշխանական չորս ուժերի միջև համագործակցությունը շարունակվելու է, թեև կան մի շարք հակասություններ տարբեր քաղաքական ուժերի միջև, այնուամենայնիվ, նրա խոսքով, միշտ էլ հնարավոր է գտնել քայլեր ու անելիքներ, որոնք կհամաձայնեցվեն չորս ուժերի կողմից` դառնալով լրացուցիչ ճնշում իշխանության վրա:

«Մենք դեմ ենք, որ սահմանադրական փոփոխությունները հետաձգվեն, ու այստեղ տարաձայնություններ ունենք երկրի նախագահի հետ: Եվ մենք պատրաստ ենք ցանկացած պաշտոնյայի հետ` վարչապետ կլինի, թե նախագահ, քննարկել ու ներկայացնել մեր փաստարկները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով ՀՅԴ ղեկավար մարմնում Սպարտակ Սեյրանյանի եւ Արսեն Համբարձումյանի չընդգրկվելուն էլ, Աղվան Վարդանյանն ասաց. «Մեր երկու ընկերները չեն ընտրվել իրենց անձնական ցանկությամբ, անձնական խնդիրների եւ զբաղվածության պատճառով, այլ բան մի փնտրեք: Նրանք մեր լավ ընկերներն են եւ շարունակելու են գործել ԳՄ-ի հետ: Առաջիկայում այլ աշխատանքներում նրանց կտեսնեք»:

Տպել Տպել