Մենք էլ ազնիվ մղումներով ենք քննադատել

արձանագ1Ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը: Իրեն վաղուց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության և այդ դիվանագիտության արդյունք հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցեր չեն տվել, և նա, սա արդեն մեր կարծիքն է, բնականաբար, հասցրել է ինչպես հարկն է մոռանալ այդ գործընթացի շատ էական նրբություններ: Այդպիսի մի հարցի` ՀՀ պաշտպանության նախարարությունում նրա «հանգամանալից» պատասխանը միայն հաստատում է իր և մեր եզրակացությունները: Ահավասիկ Սերժ Սարգսյանն ասում է. «Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով»: Մղումը` մղում: Այդ էր պակաս, որ մի հատ էլ անազնիվ մղումներով գնայիք այդ քայլին:

Հարցն այստեղ այլ է: Ինչո՞ւ եք սկսել և հետո միայն հրապարակայնացրել: Սա ճիշտ չարաճճի պինգվինի պատմությունն է. «Նախ անում եմ` ինչ ուզենամ, հետո հարցնում ծնողներիս: Հարմար է այդպես»: Ինչևէ: Սերժ Սարգսյանը պնդում է, որ Թուրքիայի հետ գործ ունենալու դժվարություններն իրենք գիտակցել են և նախապես էլ իմացել են, թե ինչպիսի դժվարին խնդիր են փորձում լուծել: Սա արդեն մի քիչ կասկածելի է: Բանն այն է, որ դժվարությունները և բանակցող կողմի ով լինելը գիտակցողի արտգործնախարարը ԱԺ-ում չէր հայտարարի, որ արդեն հրապարակված փաստաթղթերը (ճանապարհային քարտեզ, արձանագրություններ) մերժողները, իրականում, եզան տակ հորթ են ման գալիս, իսկ ինքը համոզված է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան: «Ոչ, ոչ, ևս մեկ անգամ` ոչ»,- ճչում էր Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Ազգային ժողովում:

Հիշեցնենք մեծարգո նախագահին, որ Արձանագրություններում առկա նախապայմանների մասին մտահոգությունները ի վերջո հստակ արտահայտվեցին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայ ժողովրդին ուղղված իր իսկ ուղերձում, որտեղ նա բացահայտեց այն նույն վտանգներն ու նախապայմանների առկայությունը, որ ավելի վաղ Դաշնակցությունն էր արտահայտել: Իսկ նախագահն իր հիշյալ ուղերձում մասնավորապես հաստատեց, որ`

1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա է սահմանների հարց:

3. Ստորագրված փաստաթղթերը որեւէ ձեւով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

ՀՀ նախագահը ՊՆ կատարած իր վերջին այցի ժամանակ պնդում է, որ այդ հետո են թուրքերը որոշել նշված երեք ուղղություններով նախապայմաններ առաջադրել, ինչի պատճառով էլ Հայաստանը կասեցրել է արձանագրությունների վավերացման գործընթացը:

Ստիպված ենք մի փոք էլ թարմացնել բոլորիս հիշողությունը: 2009թ. հոկտեմբերի 12-ին տարածված ՀՅԴ հայտարարության մեջ հստակ ասվում է. «Արձանագրությունների ստորագրության արարողության ընթացքին Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական կեցվածքը պերճախոս վկայությունն էր, որ Թուրքիան գործընթացը իրականացնում է հօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը, ինչը բավարար հիմք էր, որ Հայաստանը հրաժարվեր դրանք ստորագրելուց: Ստորագրության պահին դրսեւորված խայտառակությունը նաեւ վկայում է Հայաստան-Թուրքիա բանակցություններում մեր դիվանագիտության ձախողումների մասին: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի. Եվրամիության եւ Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայությունը եւ արձանագրությունների ստորագրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստորեն պարտադրանք էր հատկապես Հայաստանի Հանրապետության վրա: Համոզված ենք, որ Հայաստանը չպետք է ենթարկվեր այդ ճնշումներին, բայց նաեւ անընդունելի է քաղաքական, տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրա ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կենտրոնների վարքագիծը»: Ահա այսպես: Մնում է հարցնել` ինչո՞ւ էին Ցյորիխում Նալբանդյանին բերման ենթարկում, ինչո՞ւ էին Նալբանդյանի այտերն այնքան կարմրել:

Սերժ Սարգսյանը հեշտ հանձնվողներից չէ: Հավանաբար նաև ժամանակակից ինքնաձիգն էր պատճառը, որ ՊՆ-ում նա ձեռքն էր վերցրել: Հավատացնում եմ ձեզ, երբ նույնիսկ «Կալաչն» ես առնում ձեռքդ և մատներով զգում նրա փայտյա մասերի կորությունները, իրականության զգացողությունը մի պահ կորցնում ես: Այդքան մոգական ուժ ունի զենքը: Ըստ էության Սերժ Սարգսյանը մի պահ կորցնում է իրականության զգացողությունը` հարցնելով. «Եթե այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը»: Այս կերպ շարունակելու դեպքում կարելի է նաև հայտարարել, որ մենք կրել ենք: Իսկ եթե, մեծարգո նախագահ, այդ փաստաթղթերն այդքան լավն են, ինչո՞ւ մենք առաջինը չենք վավերացնում` ամոթով թողնելով թուրքերին: Մանավանդ որ Դուք նաև նշում եք, որ մեր բարեկամներն ուղղակի հիացած են Հայաստանի կողմից այդ արձանագրությունները ստորագրելու փաստով: Ինչո՞ւ նրանց` մեր բարեկամներին` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրամիություն, Շվեյցարիա, ավելի չուրախացնենք, հը՞, ինչո՞ւ նրանց վերջնականապես չհամոզենք, որ տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը նոր մակարդակի բարձրացնելու համար մենք պատրաստ ենք ամեն ինչի, իսկ ահա Թուրքիան փակ է պահում սահմանը:

Մեր նախագահը նաև համոզված պնդել է, որ այդ արձանագրությունների հետևանք են Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակումը (ԱՄՆ Սենատի վերջին բանաձևը) և Արցախում վիճակի կայունությունը (նկատի ունի` տարածքներ չզիջելը): Մենք այս պնդումը դարձյալ պետք է վերագրենք զենքի հետ նախագահի անմիջական շփումին, որի մասին խոսեցինք վերևում: Իսկ գուցե այդ ամենը հետևանք է այն բանի՞, որ հայ-թուրքական արձանագրությունները ոչ թե կիրառություն գտան, այլ սառեցվեցին: Ի վերջո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին չի սկվել կամ այդ օրն էլ չի դադարել: Եթե կարիք կա, հիշեցնենք` Ուրուգվայ`1965, 2004, ԽՍՀՄ` 1965, Կիպրոս` 1975, 1982. 1990, Հայաստան` 1988, Ռուսաստան` 1995, 2005, Կանադա` 1996, 2002, 2004, Լիբանան` 1997, 2000, Ֆրանսիա` 1998, 2001, Բելգիա` 1998, Հունաստան` 1999, Իտալիա` 2000, Վատիկան` 2000, Շվեյցարիա` 2003, Արգենտինա` 2003, 2004, 2005, 2006, 2007, Սլովակիա` 2004, Նիդերլանդներ` 2004, Գերմանիա` 2004, Վենեսուելա` 2005, Լեհաստան` 2005, Լիտվա` 2005, Ավստրալիա` 2007, Չիլի` 2007, տարբեր տարիների` ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները: 2010 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Շվեդիան, իսկ օրերս թուրքերի համար սարսափելի բանաձև ընդունեց ԱՄՆ Սենատը: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ Սենատի կողմից աննախադեպ բանաձևի ընդունմանը, ապա թույլ տվեք ասել, որ մի քիչ դժվար է դա բացատրել հայ-թուրքական խիզախ արձանագրություններով: Բանն այն է, որ Հայաստանի պարագայում այս պահին ավելի շատ ԵՄ-ից հրաժարվելու և ՄՄ-ին անդամակցելու գործընթացի ֆոնն է գերակշռում, քան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության: Այնպես որ, մենք չենք կարծում, թե Արևմուտքից երես թեքելն այն կարևոր որոշումն էր, որի արդյունքում ԱՄՆ-ի Սենատը գնաց այդպիսի քայլի:

Ամփոփելով` նշենք, որ, ամոթանք տալու խնդիր չկա հատկապես Հայաստանի քաղաքական այն ուժերին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները սառեցվեն և այսօր էլ ամեն ինչ անում են, որ դրանց տակից հանվեն Հայաստանի ստորագրությունները: Մանավանդ, որ այդ ուժերը ժամանակին հայտարարել են. «Այս կեցվածքը պետք է ուղենիշ դառնա ՀՀ իշխանության բոլոր ներկայացուցիչների, ինչպես նաեւ արդեն ստորագրված արձանագրությունները պաշտպանողների համար»:

Ի դեպ` «Այս կեցվածք՚» ասելով` նրանք նկատի ունեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն համոզմունքը, որ`

1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը,

2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա է սահմանների հարց,

3. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն որեւէ ձեւով չի կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

Էդիկ Անդրեասյան

yerkir.am

Տպել Տպել