Մոմավառությունից մինչև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացում. հիշատակի միջոցառումներ Հոլանդիայում

«Հայոց ցեղասպանության ճանաչում` այո, այո, այո», «Թուրքիայի մուտքը Եվրամիություն` ոչ, ոչ, ոչ» կոչերով Հաագայի փողոցները ապրիլի 22-ին թնդեցրած հոլանդահայ կազմակերպությունները շարունակում են հիշատակի արարողությունները Հոլանդիայում:575187_394172970614652_1308281137_n

Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին` հայկական ժամանակով 22:00-ին, Հոլանդիայի ՀՅԴ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» կազմակերպությունը մոմավառություն կանցկացնի Հոլանդիայի Թուրքիայի դեսպանության առջև:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հոլանդիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Մասիս Աբրահամյանը:

«Հոլանդիայի խորհրդարանի առջևի հրապարակից շարժվելու ենք դեպի Թուրքիայի դեսապանություն, նախ հոգեհանգստյան կարգ է մատուցվելու, այնուհետև գետնին մոմեր ենք դնելու, խաչ ու գրելու ենք 1.5: Մոմավառությունը կզուգորդվի ելույթներով»,-հայտնեց Մասիս Աբրահամյանը:logo

Նրա տեղեկացմամբ` նախատեսվում է նաև հավաք Ամստերդամի եկեղեցում: «Ապրիլի 24-ին էլ Ալմելոյի հուշահամալիրի բացումը կլինի, որին հրավիրված են մեծ թվով հյուրեր ամբողջ աշխարհից: Այն Եվրոպայում ամենամեծ հուշահամալիրն է` կառուցված Հայաստանից բերված խաչքարերից»,- ասաց Հայ դատի հանձնախմբի ղեկավարը` հավելելով, որ այդ միջոցառմամբ իրենք կավարտեն 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները ու կսկսեն պատրասվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մասիս Աբրահամյանի խոսքով` ապրիլի 22-ին Հաագայում` Հոլանդիայի խորհրդարանի դիմաց, մեծ ցույց են իրականացրել հոլանդահայ կազմակերպությունները, որին մասնակցել է 400 հոգի: Նրանք Հոլանդիայի խորհրդարանին խնդրագիր են հանձնել, որում ներկայացրել են դեռևս տասը տարի առաջ ընդունված Հայոց ցեղասպանության օրինագծի իրականացման պահանջը: Ըստ այդ օրինագծի` Հոլանդիայի իշխանությունները պարտավորվում են Թուրքիայի իշխանությունների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հիշեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: «Ցույցի ժամանակ մեր առջևից գնում էին սկաուտները, մենք` հետևից` հնչեցնելով մի քանի կարգախոսներ: «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», «Թուրքիայի մուտքը Եվրամիություն միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելով պետք է լինի», «Թուրքիան մարդասպան է, քանի դեռ չի ընդունել իր մեղքը»: Մի հայտնի կարգախոս ունենք, որ ամբողջ Հաագայի փողոցները թնդեցնում է` «Հայոց ցեղասպանության ճանաչում` այո, այո, այո, Թուրքիայի մոտքը ԵՄ` ոչ, ոչ, ոչ»: Մեր ցույցին ելույթներ ունեցան Հոլանդիայի համարյա բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները»,- ասաց Մասիս Աբրահամյանը:

Նրա հավաստամամբ` տասը տարի առաջ Հոլանդիայի խորհրդարանի 150 պատգամավորները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը:

Ցուցարարները խորհրդարանից շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն, ուր կես ժամ հնչեցրել են իրենց կոչերն ու հեռացել:

armenpress.am

Տպել Տպել