Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Երեքշաբթի օրը Լոնդոնի Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:Այս մասին հայտնում է Լոնդոնի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը:

Բանաձեւը քվերակության էր ներկայացվել քաղաքապետարանում մեծամասնություն կազմող Աշխատավորական կուսակցության անդամներից մեկի՝ մեր հայրենակից Արա Իսքենդերյանի նախաձեռնությամբ եւ Լոնդոնի հայ համայնքի նախագահ Արա Ալամուտյանի, Իլինգի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Սեւան Արթինի աջակցությամբ:

Այս որոշմամբ Հայաստանից բերված եւ արդեն Իլինգի թաղամասի հրապարակներից մեկում տնկված Ծիրանի հուշածառի տակ գարնանը ապրիլի 24-ի նախօրերին կտեղադրվի Հայոց ցեղասպանության մասին վկայող հուշատախտակ, որը 2009-ի ապրիլին արգելվել էր ժամանակի քաղաքապետարանի թուրքամետ պաշտոնյաների կողմից: Գրության մեջ նշված է նաեւ «ցեղասպանություն» բառը:

ԻԼԻՆԳԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է

Կարեւոր է, որ Լոնդոնի Իլինգ թաղամասի ավագանու խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարվի ձեռքբերում ամբողջ հայ համայնքի համար, «Ազատություն» ռադիոկայանին ասել է խորհրդի հայազգի անդամ Արա Իսքենդերյանը:

Հարցին, թե Իլինգի ավագանու խորհրդի որոշումը ի՞նչ կարեւորություն կարող է ունենալ բրիտանական այլ կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար, Իսկանդերյանը պատասխանեց, թե հետագա հետեւանքներն ու քայլերը իր նպատակներից դուրս են, եւ ինքը չի կարող պատասխանատվություն կրել այլ նախաձեռնությունների համար:

Իսքենդերյանի առաջարկով դեկտեմբերի 14-ին Իլինգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու թույլատրեց հուշագիր տեղադրել այս գարնանը ցեղասպանության զոհերի հիշատակին Լոնդոնի այս թաղամասում տնկված ծիրանենու մոտ: Մինչ այժմ Մեծ Բրիտանիայում միայն Ուլեսի խորհրդարանն էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսքենդերյանի առաջարկին կողմ էին քվեարկել մեծամասնություն կազմող լեյբորիստներն ու 5 ներկայացուցիչ ունեցող լիբերալ դեմոկրատները: Խորհրդում 24 անդամ ունեցող Պահպանողական կուսակցության անդամները առաջարկել էին խմբագրել հուշագիրը, սակայն նախաձեռնության հեղինակները չէին համաձայնել, եւ արդյունքում պահպանողականները դեմ էին քվեարկել:

Արա Իսքենդերյանը չցանկացավ նշել պահպանողականների առաջարկի բովանդակությունը, բայց կարեւորեց, որ նրանք, փոքրամասնություն լինելով, չէին կարող տապալել քվեարկությունը:

Իլինգը Լոնդոնի արեւմտյան թաղամասերից է, որտեղ մոտ 15 հազար հայ է բնակվում, եւ Իսքենդերյանը համարում է, որ հաստատվել է հայկական համայնքի իրավունքը` պաշտոնապես եւ բացահայտորեն հիշելու ցեղասպանության զոհերին:

«Թուրքական համայնքի կողմից դեռեւս որեւէ արձագանք չի եղել: Հնարավոր է, որ դեռ առաջին օրերն են, եւ գուցե արձագանքը լինի ավելի ուշ: Բայց ես ուզում եմ շեշտել, որ սա քաղաքական քայլ չէր ու նպատակ չուներ խնդիրներ առաջացնել Բրիտանիայի հայերի ու թուրքերի միջեւ: Եվ ես ուզում եմ հուսալ, որ այս համայնքում, որտեղ բավական հայեր կան, մեր միջնորդությունն ու խորհրդի որոշումը ճիշտ կընկալվի», – ասաց Իսքենդերյանը:
Երիտասարդ հայ գործիչը կարեւորում է, որ այս քայլը համարվի ձեռքբերում ամբողջ հայ համայնքի համար ու չվերագրվի որեւէ հայկական կազմակերպության կամ կուսակցության, ինչը, նրա խոսքով, ոմանք փորձում են անել:

«Որեւէ տեղ, ուր հայեր կան աշխարհում, կան կազմակերպություններ, որոնք փորձում են ներկայանալ ամբողջ համայնքի անունից: Շատ կարեւոր է հիշել, որ սա արվել է` հարգելու ամբողջ համայնքի հիշողությունն ու պատմությունը: Եվ իհարկե, պետք չէ մոռանալ, որ սա Լեյբորիստական կուսակցության նախաձեռնությունն էր», – ընդգծեց Իսքենդերյանը:

Հունվարի 28-ը Մեծ Բրիտանիայում նշվում է որպես Հոլոքոսթի հիշատակության օր: Հենց այդ օրը Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկված ծիրանենու մոտ նախատեսվում է տեղադրել հուշագիրը:

Արա Իսքենդերյանի խոսքով` ավելի ուշ իրենք նախատեսում են հայ համայնքի անունից շնորհակալական նվեր մատուցել Իլինգ թաղամասին: Ամենայն հավանականությամբ, դա կլինի փայտե նստարան` շնորհակալական գրությամբ:

Տպել Տպել