Չնայած Հալեպում ստեղծված ծանր իրավիճակին, հալեպահայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ապրիլի 24-ի առավոտյան Հալեպի ս. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել:
Ռեիսյանի խոսքով, այժմ հայկական եկեղեցուն կից մշակութային միության Զոհրապ Գաբրիելյան սրահում ոգեկոչման հանդիսություն է ընթանում: Միջոցառմանը ներկա են Հալեպում ՀՀ հյուպատոս Կարեն Գրիգորյանը, հայկական տարբեր միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մամուլի քարտուղարը հավելեց, որ ոգեկոչման միջոցառում կկայանա նաև Հալեպի համալսարանի Բժշկական ամբիոնում: Միջոցառումը տեղի կունենա Հալեպի ժամանակով ժամը 2-ին:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի հայ առաքելական ս. Սարգիս եկեղեցում Ցեղասպանության 99-ամյակի առիթով հոգեհանգստի արարողություն է կատարվել:
armenpress.am







