Տիգրան Մանսուրյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված “Ռեքվիեմն” առաջին անգամ հնչեց Սանկտ Պետերբուրգում: Սմոլնի տաճարում կայացած համերգով մեկնարկեց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
Քաղաքի հայ համայնքի եւ Հայաստանի Գլխավոր հյուպատոսության կազմակերպած միջոցառման ընթացքում հանդես եկան սուրբ Կատարինե Հայ առաքելական եկեղեցու մշակութային կենտրոնին կից Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` ՄիհրանԱղաջանյանի գլխավորությամբ եւ Պետերբուրգի կամերային երգչախումբը:
Քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակման ողղությամբ օրերս եւս մեկ կարեւոր քայլ է ձեռնարկվել:
“Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնում օրենսդրական ակտերի կոմիտեում միաձայնությամբ ընդունվել է մի որոշում, որը վերաբերում է Սանկտ Պետերբուրգում տոներին եւ հիշատակի օրերի օրենքում փոփոխությանը, որպեսզի Ապրիլի 24-ն այսուհետ համարվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Խնդիրը իհարկե պետք է քննարկվի օրենսդիր մարմնի լիագումար նիստում: Ուշիուշով հետեւում ենք եւ հույս ունենք, որ կընդունվի”,- ասաց Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը։







