«Ցեղասպանություն» բառի չօգտագործումը Թուրքիային գոհացնում, սակայն չի բավարարում

kiro-manoyan-320x228«Ուժեղ ու ազդեցիկ կլիներ միայն այն դեպքում, եթե նախագահ Օբաման «ցեղասպանություն» որակումը տար դեպքերին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Ցեղասպանության թանգարանում նոր ցուցահանդես-սրահի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապրիլի 24-ին Օբաման հանդես կգա ազդեցիկ հայտարարությամբ: Դեսպանի այս խոսքերը ենթադրությունների տեղիք տվեցին, որ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը իր ուղերձում, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ եւս խուսափել է 1915 թ-ի կոտորածը «ցեղասպանություն» որակելուց, նա իր այս տարվա հայտարարության մեջ կրկնել է անցած տարվա «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

«Դեսպանի հայտարարությունը պետք է այլ իմաստով հասկանալ, կարծես թե այն այլ նպատակներով էր արված և ոչ թե իսկական ուժեղ հայտարարության մասին խոսելու»,- նշում է Կիրո Մանոյանը, իսկ Օբամայի պարագայում «ցեղասպանություն» բառի հնչեցմանը պետք է սպասել ու կարևորել, քանի որ Օբաման մինչ նախագահ դառնալը քննադատել է այն քաղաքականությունը, որը հիմա նաև ինքն է վարում: «Նա խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կփոխի այդ քաղաքականությունը, հիմա էլ այնպես է հայտարարում իր ուղերձում, որ ինքը անձնական ինչ կարծիք որ ունի, դա պահում է, բայց որպես նախագահ ուրիշ կարծիք ունի, արդեն սա սկսել է անհեթեթ դառնալ, բացի այդ, նա չի խոսում այն մասին, թե այդ Մեծ Եղեռնը ով է գործել, կարծես թե մեղավոր չկա սրա մեջ, դա արդեն վիրավորական է դառնում»,- նշեց Կիրո Մանոյանը:

Ի՞նչն է կաշկանդում Օբամային, որպեսզի որպես ԱՄՆ նախագահ հնչեցնի «ցեղասպանություն» բառը, Կիրո Մանոյանը ասել դժվարանում է: Ինչքանո՞վ է բավարարում թուրքական կողմին Օբամայի այս հայտարարությունը, ևս միանշանակ ասել չի կարելի, փաստ է՝ «ցեղասպանություն» բառի չօգտագործումը Թուրքիային գոհացնում, սակայն ամենայն հավանականությամբ չի բավարարում:

Ինչ վերաբերում է վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը, ապա Կիրո Մանոյանը վստահեցրեց, որ Հայ դատի ամերիկյան հանձնախումբը իր աշխատանքը կշարունակի:

Նաիրա Նալբանդյան

galatv.am
24/04/2014

Տպել Տպել