Կյանքից հեռացել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կամո Մարտիրոսյանը

kamoԵրեկ՝ մայիսի 7-ի երեկոյան կյանքից հեռացել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կամո Մարտիրոսյանը:

Կամո Մարտիրոսյանը ծնվել է 1960թ. նոյեմբերի 6-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։

1978թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։

1984-1985թթ. աշխատել է շինարարությունների տնօրինման ձեռնարկությունում՝ որպես ինժեներ-տեխվերահսկիչ, 1985-1992թթ.՝ ագրոարդի միջտնտեսային վերահսկողության բաժնում շինարարության գծով ինժեներ-վերահսկիչ։

1992-1993թթ. ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հետախուզության բաժնում` որպես առաջին բաժանմունքի պետ։

1993-1996թթ. ծառայել է N պաշտպանական շրջանում` որպես ինժեներական ծառայության սպա։ 1996-1998թթ. ծառայել է N դիվիզիայում` որպես ինժեներական ծառայության պետ։

1998թ. մայիսից մինչև սեպտեմբեր աշխատել է ԼՂՀ Շահումյանի շրջանի ճարտարագետ, 1998-2003թթ.՝ Կաթոլիկ օգնության ծառայության ծրագրերի ղեկավար։

2003-2007թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի շինարարության գծով պատասխանատու։

2007- 2008թթ. աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ։ 2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 16 ընտրատարածքից: 2010թ. հունիսի 10-ին ընտրվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ էր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ: Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

Տպել Տպել