Զուրաբյանը փորձում էր խրատներ տալ, ինչը ճիշտ մոտեցում չէ

աղվան1Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, միայն Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը հստակ արտահայտեցին իրենց տեսակետը` Դաշնակցությունը կողմ էր այդ ծրագրին, իսկ ՀԱԿ-ը` դեմ: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դեռևս չեն արտահայտել իրենց դիրքորոշումը կառավարության նախագծի վերաբերյալ:

Մեր հարցին` հնարավո՞ր է, որ կառավարության նախագծի վերաբերյալ հակադիր դիրքորոշումները լուրջ արգելք հանդիսանան քառյակի հետագա համագործակցության համար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դա ՀԱԿ-ի դիրքորոշումն էր, որը տարբերվում էր մեր դիրքորոշումից: Բայց մենք երբեք երդում չենք տվել, որ բոլոր հարցերում պետք է միակարծիք լինել: Պարզապես ես համաձայն չեմ ՀԱԿ խմբակցության ղեկավարի այսօրվա ելույթի այն մասին, որով մի տեսակ փորձում էր խրատներ տալ, դասեր տալ այլ ֆրակցիաներին, սա ճիշտ մոտեցում չէ»:

Պատգամավորը հավելեց, որ քառյակը համագործակցում է այն հարցերի շուրջ, որոնց մասին չորս ուժերն ունեն համաձայնություն, մնացած հարցերում ամեն մեկն ազատ է իր դիրքորոշումներում:

Տպել Տպել