Պարտադիր բաղադրիչը էլ հնարավոր չէ վերականգնել, ինչու՞ եք կրքերը նորից լարում

Արծվիկ Մինասյանը՝ ԿԲ նախագահին

արծվիկԱյսօր Ազգային ժողովի նիստում, երբ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու, ներկայիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացնում էր ԿԲ նախկին վեց տարվա գործունեության առաջնահերթությունները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ՝ ասելով, որ ստիպված է արձագանքել Արթուր Ջավադյանի մի շատ կարևոր ու վտանգավոր պնդմանը:

Նրա խոսքով՝ ՍԴ որոշմամբ պարտադիր կուտակային բաղադրիչը բնութագրող օրենքի նորմերը ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր: Պնդել հակասահմանադրական նորմերը պահելու մասին, նույն է, թե թույլ տալ հանցագործություն և ԱԺ ամբիոնից դրա մասին հայտարարել:

Նա ևս մեկ անգամ մանրամասն նկարագրեց բոլոր այն երեք բաղադրիչները, որոնցով բնութագրվում է պարտադիր բաղադրիչը՝ ըստ ՍԴ որոշման: «Ինչու՞ եք անընդհատ այստեղից պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի, և ցանկացած փաստաթուղթ, որը կպարունակի նման արտահայտություն, նշանակում է գնալ հակառակ ՍԴ որոշման: Ինչու՞ եք նորից կրքերը լարում, չի կարելի»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները նշանակում են, որ իշխանությունները չեն ցանկանում, որ ստեղծվի այնպիսի միջավայր, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները շարունակվեն: «Պարտադիր բաղադրիչը էլ հնարավոր չէ վերականգնել, պարոն Ջավադյան: Եթե անգամ փորձ արվի այստեղ նման հակաիրավական նորմ անցկացնել, պայքարն ավելի է թեժանալու: Անընդհատ ստիպում եք, որ այս ամբիոնից անընդհատ այդ թեմայով խոսենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել