Այն պատգամավորները, որոնք սեփականատերեր են, պետք է հրաժարվեն քվեարկությունից

արծվիկԱԺ նիստում քննարկվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների ֆինանսնական հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացնելով ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այդ նախագծին:

Արծվիկ Մինասյանի խոսքով` պարտադիր աուդիտի պահանջը հանելով փորձում են ներկայացնել, թե գործարար աշխարհի վրա թեթևացնում են բեռը, ոչ ամենևին, օրինագիծը ընդունելու դեպքում խրախուսվելու է ստվերը` հրաշալի դաշտ ապահովելով կոռուպցիայի զարգացման համար:

Նա նշեց, որ ավելի վաղ եղել է հանդիպում աուդիտորական կազմակերպությունների հետ, որտեղ ներկայացվել են փաստարկներ, մտահոգություններ, առաջարկ է արվել ոչ թե գաղափարը վերացնել, այլ փոխել չափանիշները, ուժեղացնել աուդիտորի պատասխանատվությունը, բարձրացնել աուդիտորական կազմակերպության կողմից ապահովագրական համակարգի մասնակցությամբ ծառայություն մատուցելու , սակայն այդ ամենը չի արժանացել ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից հավանության: «Կառավարության դիրքորոշումը պայմանավորված է այն մարդկանց ցանկությամբ, ովքեր կամ աուդիտորական եզրակացության ամբողջ իմաստը լիարժեքորեն չեն պատկերացնում, և թափանցիկությունը նրանց համար կարևոր չէ, կամ նրանք առաջնորդվում են նեղ անձնական շահերով, այսինքն մասնագիտական ու անձնական շահագրգռվածություն ունեն այդ համակարգը հանելու: Որևէ այլ ողջամիտ բացատրություն ես չեմ տեսնում: Մենք ասում ենք` եղբայր գաղափարը մի վերացրեք, այլ չափանիշները վերանայեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ Հայաստանում արդեն 18-19 տարի է հաշվապահական հաշվառման քաղաքականություն է վարվում, և այս օրինագծով հարված է հասցվում այդ քաղաքականությանը: «Աուդիտոր բառը աուդիտորիայից է գալիս, երբ անկախ հաշվապահը գնահատում է կազմակերպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման վիճակը, ներկայացնում իրական վիճակը, թե ինչքանով է ճիշտ արտացոլված կազմակերպության վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը: Դժգոհությունը առ այն, որ աուդիտորական կազմակերպությունները թանկ գումարներ են վերցնում և պատասխանատվություն չեն կրում, դրանց էլ լուծումներ կան` աուդիտորական կազմակերպությունները պետք է կրեն քաղաքացիա-իրավական բնույթի պատասխանատվություն, միանշանակ դատական կարգով»,- ասաց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրում այն հարցի վրա, որ կանոնակարգ օրենքի 6-1 համաձայն, որը սահմանում է պատգամավորի էթիկայի կանոնները, և 6-2 հոդվածի համաձայն, որը սահմանում է պատգամավորի շահերի բախումը , հստակ պետք է կիրառվի այս օրենքի քվեարկության ժամանակ: «Բոլոր այն պատգամավորները, ովքեր սեփականատերեր են և ենթարկվում են աուդիտի, նրանք իրավունք չունեն մասնակցելու այս օրենքի քվեարկությանը, ավելին, նրանք պարտավոր են հրապարակային հայտարարել շահերի բախման մասին և հրաժարվել քվեարկությունից, եթե դուք դա չանեք, հանրությունը կհրապարակի դա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նորից դիմեց կառավարությանը և ԱԺ քաղաքական մեծամասնությանը` ասելով, որ վարսահարդարման լավագույն ձևը գիլյոտինը չէ, աուդիտի գաղափարը պահպանելով հանդերձ, պետք է փոխել չափանիշները, պահպանել հաշվետվողականության չափանիշները, այլ ոչ թե կացնային մեթոդով վնասել հաշվետվողական քաղաքականությանն ու ստեղծել բացասական նախադեպ` երկրում թաքնված գործարքները նոր մակարդակի բարձրացնելու համար:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքելով Արծվիկ Մինասյանի եկույթին, ասաց. «Արծվիկ Մինասյանը շատ զայրացած է, բայց փորձում է մտնել ԱԺ նախագահի լիազորութունների մեջ, պատգամավորներին կարելի է հիշեցնել, բայց ահաբեկել, չգիտեմ ինչ անել, այս լսարանի համար չէ, ես հորդորում եմ, որ պատգամավորներից նրանք ովքեր բաժնետերեր են, մեկ անգամ ևս քննարկեն այս հարցը»:

yerkir.am

Տպել Տպել