ՀՅԴ-ն արձագանքում է Սերժ Սարգսյանի ելույթին

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամները մայիսի 24-ին այցելել են Գյումրի, որտեղ հանդիպել են ոչ միայն Գյումրիի, այլեւ Շիրակի մարզի կուսակցական ակտիվի հետ:

ՀՅԴ-ն Շիրակի մարզում ձևավորել է յոթ ընկերներից բաղկացած նոր մարզային կոմիտե, որի ներկայացուցիչ է ընտրվել Ռոմիկ Մանուկյանը:Armen-Rostamyan1

Վերջում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՅԴ գործիչները պատասխանել են լրագրողների հարցերին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 15-րդ համագումարում, գովաբանելով Հանրապետական կուսակցությանը` հայտարարել էր, թե չկա Հայաստանի հանրապետությունում որևէ այլ քաղաքական ուժ, որը կարող է ավելին անել, քան ՀՀԿ-ն է:

Հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն վերաբերվում ՀՀԿ 15-րդ համագումարում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Դե ես ցավում եմ, որ երկրի նախագահը նորից փորձում է ամեն ինչ կառուցել նրա վրա, որ ամեն ինչ Հանրապետականով պիտի պայմանավորվի էս երկրում և եթե էդպես էր, բա էս խնդիրները որ կուտակվում էին, ինչի՞ չէիք լուծում, եթե էդպես էր ի վերջ ինչի՞ փոխվեց կառավարությունը: Գիտեք, ամենագլխավոր հարցը, որ էսօր մեծամասնությունը խուսափում է պատասխանել, և դա էսպես ասած քաղաքական առումով ամենաաբսուրդ և նոնսենս վիճակն է, որ փոխվում է կառավարությունը, բայց չեն բացատրում, թե դա ինչի՞ տեղի ունեցավ: Տրամաբանությունը Սահմանադրությամբ, երբ որ կառավարությունը փոխվում է մինչև ընտրությունները, ասում է շատ պարզ, ուրեմն ինչ-որ թերություններ կան, ինչ-որ խնդիրներ կան, եթե խոսքը միայն անձնական հարցերը չեն, եթե վարչապետը հիվանդության կամ ինչ-որ անհաղթահարելի պատճառներով հրաժարական չի տալիս, բայց դա էդպես չի չէ՞, գիտենք, որ անձնականով չէ: Իհարկե, փորձեցին էդպես ներկայացնել, որ վարչապետը դեռևս մի ամիս առաջ որոշել էր որ հրաժարական տա, բայց չգիտես ինչի դա եկավ, համընկավ հենց էն ժամանակ, երբ որ քառյակը անվստահության հարց էր բարձրացնում և տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որտեղ իրենց գլխավոր թեմաներից մեկը` պարտադիրը, ըստ էության հակասահմանադրական ճանաչվեց: Այսինքն գոնե նշվի, որ փոխում ենք, որովհետև բան ենք փոխում, իսկ եթե փոխում ենք, որ բան չփոխվի, իմաստ չուներ էդ փոփոխությունը: Եվ էս կեղծ, շինծու վիճակը ստեղծելը ոչ մեկին ձեռնտու չէ, պետք է ընդհակառակը ճիշտ ախտաճանաչում կատարել երկրում եղած իրավիճակին և հասկանալ, որ դա միասնական կարելի է լուծել: Էսօր կառավարությունը մի կողմից կոչ է անում, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող լուծել, եկեք համախմբվենք, իրար հետ աշխատենք, որ էս քայլերը կատարենք, մենք դրան դեմ չենք և դրա համար էլ առաջարկություններ ենք ներկայացրել նույն կառավարության ծրագրի հետ կապված 34 առաջարկություն ենք ներկայացրել, 5-6-ն էլ մասնակի ընդունել են, մյուս կողմից էլ ասում են` ոնց էլ լինի, մենք ենք էս երկրի փրկիչները»:

Քաղաքական գործիչն ասել է, որ այսօր Հայաստանն արյունահոսության մեջ է, արտագաղթի տեմպերը ահավոր են. «Լավ երկրից թողնում, գնո՞ւմ են, լավ պայմաններից թողնում, գնո՞ւմ են. սրա մասին պտի մտածեն, ոչ թե բացատրեն, որ էս էլ լավ երևույթ է ոնց որ ժամանակին ասում էին չէ՞, որ արտագաղթը հեղափոխությունը կանխելու միջոցներից մեկն է, նույն տրամաբանությամբ եթե շարունակեն, ոչ մի լուծում էլ չի լինի»:

Ռոմիկ Մանուկյանն էլ, մեջբերելով Գյումրու օրինակը, հավելել է, որ հանրապետության երկրորդ քաղաքը լրիվ դատարկվել է, եթե մի քանի տարի առաջ կենտրոնական փողոցներով անցնել չէր լինում, հիմա օրվա կեսօրին հատուկենտ մարդկանց ես տեսնում: Ըստ Ռոմիկ Մանուկյանի, տեղի խնդիրները բարձրաձայնելու, լուծում փնտրելու նպատակով, իրենք սկսելու են քառյակի համագործակցություն մարզում:

Ասուլիսի ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է նաեւ որ Գերագույն մարմինը, բացի Երևանում անցկացվող լիագումար նիստերից, նախատեսել է արտագնա նիստեր անցկացնել մարզերում. «Սա մեզ հնարավորություն կտա տեղում ծանոթանալ խնդիրների հետ, փոխանցել ընկերներին մեր ծրագրերի ընթացքի հետ կապված տեղեկատվություն, մեր գնահատականները, քաղաքական իրավիճակը և ստանալ բնականաբար արձագանքը`տեղից, հենց միանգամից անմիջական, և համատեղ մարզի, հանրապետության հետ կապված, մեր կուսակցական խնդիրների հետ կապված միասնական որոշումներ կայացնենք, ընդունենք և օպերատիվ աշխատանքով առաջ գնանք: Սա էն ոճն է, որը կարծում եմ կօգնի, որ մի քիչ ոչ միայն կտրվածությունը վերանա, թեև մեր մեջ էդպես չի էլ եղել, բայց անմիջական քննարկումների հնարավորություններ առաջացնենք, որ բոլոր մարմինները մեր կառույցի լիարժեք մասնակից զգան ընդունվող որոշումների և դրանց կատարման մեջ»:

Տպել Տպել