ՀՀԿ-ից լավն էլ կա և լավից լավը միշտ էլ կա

ԱրծվիկՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ավելի շատ ուղղված էր ՀՀԿ-ին, այնպես որ, Ա. Մինասյանն ասաց, որ ավելորդ ցանկություն չունի խոսել Հանրապետականի ներկուսակցական խնդիրների մասին: Պարզապես անդրադարձավ այն թեզին, թե ՀՀԿ-ն ամենալավն է քաղաքական դաշտում:

«Այս կեղծ ու իրականությանը չհամապատասխանող թեզը, որ առաջ է քաշում Հանրապետականը ցույց է տալիս, որ հենց ՀՀԿ-ի մեջ է խնդիրը, և ՀՀԿ-ն երկրի զարգացումն ապահովելու գործում լինելով թույլ փորձում է նախահարձակ լինել` ի սկզբանե պնդելով, թե իրենցից լավը չկա: Եվ ես կարծում եմ սա մարտահրավեր է նույն քաղաքական ուժերին, որպեսզի համախմբվեն կոնկրետ գաղափարների շուրջ և հասնեն նրան, որ ապացուցեն` ՀՀԿ-ից լավն էլ կա և լավից լավը միշտ էլ կա»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դաշնակցական պատգամավորը:

Ա.Մինասյանն անդրադարձավ նաև նախագահի ելույթում կարևորած այն անհրաժեշտությանը, որ քաղաքական դաշտը պետք է երկբևեռ լինի և նշեց, որ դա չպետք է հասկանալ իբրև թվաբանական երկբևեռություն, այլ ավելի շատ պետք է դիտարկել գաղափարական և լծակային երկբևեռության մասին հայտարարություն:

«Եթե կա իշխանություն, որը տիրապետում է իշխանական լծակների, ապա մյուս բևեռը ընդդիմությունը պետք է լինի: Եվ այդ ընդդիմությունը պետք է ունենա անհրաժեշտ լծակներ, որպեսզի կարողանա վերահսկի իշխանությանը: Եվ եթե այս համակարգի մասին է խոսքը, եթե պատրաստ լինեն ընդդիմությանը տալ վերահսկողություն բնականաբար ողջունելի է: Եթե երկկուսակցական համակարգի մասին է, ապա այդ հարցադրումը ոչ միայն արհեստական է դառնում, այլև նշանակում է, որ ժողովրդավարության հիմքերի հիմքն ենք ոչնչացնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Ապա ավելացրեց, որ իր ասածը ամենևին էլ չի նշանակում, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը կարող է դիտվել որպես այդ բևեռ. «Իհարկե ոչ, որովհետև քառյակը կոալիցիա չի, տակտիկական միավորում է, որպեսզի որոշակի խնդիրներ կարողանա լուծել»:

panorama.am

Տպել Տպել