Դա մարտահրավեր է, ոչ հրավեր

Պաշտոնական Անկարան երեկ այդպես էլ չարձագանքեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի նախօրեին հնչեցրած հրավերին:
Թուրքական մամուլը ընդհանուր տարածել է Սարգսյանի ելույթից հատվածներ, սակայն որեւէ թուրք պաշտոնյա չի մեկնաբանել ելույթը եւ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու փաստը:

կիրոՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով հրավերին եւ դրա շուրջ եղած արձագանքին, նկատեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի կողմից հնարավոր է այդպես էլ անարձագանք մնա: «Չեմ զարմանա, եթե Թուրքիան ընդհանրապես անտեսի այս հրավերը այնպես, ինչպես անտեսել էր 2005 թվականի Հայաստանի այն ժամանակվա նախագահի պատասխանը՝ պատմաբանների հանձնաժողով կազմելու իրենց առաջարկին: Թուրքերը դրանից հետո երեք տարի անընդհատ ասում էին, որ Հայաստանը մեր առաջարկին չի պատասխանել, մինչդեռ իրականում Հայաստանը պատասխանել էր, բայց իրենց ուզած պատասխանը չէր: Հիմա էլ կարող են անտեսել այս հրավերը, քանի որ դա իրենց սրտով չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը:

Խոսելով Թուրքիային հրավեր ուղղելու մասին` պարոն Մանոյանը նկատեց, որ հայկական կողմը այս կերպ մարտահրավեր է նետում Թուրքիային. «Սա ֆուտբոլ նայելու հրավեր չէ, այլ քաղաքական ենթատեքստով հստակ ասվում է, որ եթե իսկապես ուզում եք ճանաչել պատմությունը, եկեք տեսեք, թե Հայաստանում ժողովուրդը ապրիլի 24-ին ինչպես է իր հարգանքը մատուցում: Եւ այդ իմաստով՝ դա մարտահրավեր է, քան հրավեր»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ դա Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձի պատասխանն է:

Հիշեցնենք՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 23-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում ցավակցություն էր հայտնել «20-րդ դարասկզբին կյանքները կորցրած հայերի» թոռներին: Էրդողանի այս հայտարարությանը միջազգային հանրությունը դրական գնահատեց՝ որակելով երկխոսություն մեկնարկելու փորձ: Հայաստանն ու հայկական սփյուռքը, սակայն, Էրդողանի այդ հայտարարությունը որակել են Հայոց ցեղասպանության իրողությունը նորովի ժխտելու փորձ:

«Հայաստանի այս ընտրած վերջին կեցվածքը Թուրքիայի այդ կեղծ ցավակցությունը բացահայտելուն է ուղղված, ուստի այն նույն շրջանակները, ովքեր Էրդողանի կեղծ հայտարարությամբ խանդավառվել էին, պարզ է, որ հիմա դրական չեն արձագանքի, բայց որ ուղերձը ստացել են, դա հաստատ է»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

armtimes.com

Տպել Տպել