ԼՂՀ Ազգային ժողովի արձագանքը Կալիֆորնիայի ընդունած բանաձեւին

արցախԱյսօր ԼՂՀ ԱԺ նիստում պատգամավորական խումբ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի կողմից

ԼՂՀ-ին սատարող բանաձեւի մասին, որում մասնավորապես ասված է.

Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմինը գրեթե միաձայն ընդունել է բանաձեւ, որով հավանություն է տվել և աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին, ինչպես նաեւ կոչ է արել ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող` մեր տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Կարեւորելով բանաձեւը որպես աջակցություն իր պատմական հայրենիքում ինքնիշխան ժողովրդավարական պետություն կառուցելու արցախահայության իրավունքին, մենք երախտագիտություն ենք հայտնում բանաձեւի հեղինակներին, Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամներին:

Մենք նաեւ բարձր ենք գնահատում բանաձեւում արձանագրված շեշտադրումը Հարավային Կովկասում տեւական խաղաղություն հաստատելու գործում ԼՂՀ պարտադիր ներգրավվածության մասին եւ համարում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն այսուհետ պետք է նպատակաուղղված լինեն համապարփակ կարգավորման գործընթացին ԼՂՀ օրինական եւ լիարժեք մասնակցության ապահովմանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հետխորհրդային տարածքում ոչ միայն պատմական, այլեւ աշխարհաքաղաքական անբեկանելի իրողություն է, որի միջազգային ճանաչումը Հարավային Կովկասում արդարացի եւ տեւական խաղաղության ու ժողովուրդների միջեւ համագործակցության հաստատման նախապայման է:

Մենք հուսով ենք, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւն իր արդյունավետ ազդեցությունը կունենա Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականության առաջնահերթությունների վերանայման եւ նոր շեշտադրումների որդեգրման գործընթացին:

ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Դաշնակցություն»
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ
«Արցախատուն» պատգամավորական խումբ

Տպել Տպել