ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օբամային կանգնեցնել Հալեպի ոչնչացումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով միջամտել ու դադարեցնել բռնությունները եւ աջակցել Հալեպում անպաշտպան եւ բռնությունների զոհ դարձած քաղաքացիներին:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյան

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյան

Օբամային ուղղված բաց նամակում Խաչիկյանը շեշտել է, որ Հալեպը գտնվում է ջիհադականների բանակի կրակահերթերի տակ:

«Այն պահին, երբ ես Ձեզ նամակ եմ գրում, Հալեպը գտնվում է պաշարման մեջ եւ ծանր հրթիռներն անխնա կրակ են արձակում եւ կործանում տներ, եկեղեցիներ, դպրոցներ, բժշկական հաստատություններ եւ գործարաններ: ԱՄՆ-ի ոխերիմ թշնամի Ալ-Քայիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, լուրջ աջակցություն ստանալով Թուրքիայից, անխնա ոչնչացնում են Հալեպի դարավոր հայկական թաղամասերը: Հալեպի բնակչությունը մնացել է անօթեւան, վիրավորներին չեն կարողանում արյուն ներարկել, բնակիչները չունեն տուն, սնունդ, ջուր եւ որեւէ միջոց, որպեսզի կարողանան իրենց պաշտպանել: Նրանք պատանդ են պատերազմող կողմերի միջեւ եւ գտնվում են ծայրահեղականների թիրախում: Ամերիկյան հանրությունը չի կարող եւ չի ընդունում ԱՄՆ անգործությունն այս հարցում այն պահին, երբ Հալեպը ենթարկվում է դաժան ոչնչացման»,- ասված է նամակում:

Դիմելով Օբամային, Խաչիկյանը շեշտել է, որ սովորական դիվանագիտության պահը չէ: Անկախ հանգամանքից, թե ինչպիսին է դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, ամերիկացիները չեն կարող ձեռքերը ծալած նստել այն ժամանակ, երբ Հալեպը մահվան ճիրաններում է:

«Խնդրում ենք Ձեզ օգտագործել ձեր ամբողջ ուժը` վերջ տալու այս բռնություններին: Ալ-Քայիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից անընդհատ շարունակվող բռնությունները պետք է դադարեցվեն: Հալեպը պետք է փրկվի: Չի կարող լինել արդարացում, թե դա պատերազմի շարունակություն է, երբ այնտեղ մարդիկ արնաքամ են լինում: Հետեւանքները նրանք կկրեն, եթե մենք այժմ քայլեր չձեռնարկենք, որպեսզի կանխենք հանցագործությունը»,- ասված է նամակում: Հալեպի փրկության համար ամերիկահայ համայնքն առաջարկում է Օբամային` հրավիրել արտահերթ նիստ հայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ եւ քննարկել Հալեպի փրկության գործողությունների ծրագիր:

armenpress.am

Տպել Տպել