Արձագանք ներկայացվող մեղադրանքներին

aghvan-vardanyanԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետներին, որոնց համաձայն` քառյակն իր 12 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ է կատարել միայն սոցիալ-տնտեսական խնդիրներին:

Այսօր, Աժ ավանդական ճեպազրույցների ժամին Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ քառյակի հայտարարության առաջաբանում կար հատուկ կետ, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության խնդիրներին, որոնք գերակա խնդիրներ են. «Լրատվամիջոցները հավանաբար կամ մոռացել են այս կետը կամ ցանկանում են անտեսել: Նրանք, ովքեր մեզ մեղադրում են միայն սոցիալ-տնտեսական հարցերի անդրադառնալու մեջ, չարաչար սխալվում են»:

Պատգամավորն ընդծել է, որ քառյակի հայտարարության մեջ ամրագրված կետերից շատ կարևոր է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված կետը, որով իրենք առաջարկում են վերացնել պարտադիր բաղադրիչը:

Նա շեշտել է, որ կառավարությունը օրենքի նոր մոդելի մշակման համար քաղաքական ուժերին առաջարկել է մասնագետների ներկայացնել, ովքեր կմասնակցեն օրենքի մշակման գործընթացին. «Այս պահին մեր առաջարկած մասնագետների հետ դեռևս կապ չի հաստատվել, իսկ մեզ խոսակցություններ են հասել, որ նոր մոդելը շուտով արդեն պատրաստ կլինի և կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, ինչը մտահոգիչ է մեզ համար»:

Իշխանություններն իրենց խոսքի տերը չեն, կենսաթոշակային բարեփոխումների շուրջ այլ քաղաքական ուժերի հետ չեն համագործակցում, ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը. «Խնդրել էին, որ մասնագետներ ներկայացնենք` քննարկումների համար: Մեր խմբակցությունը չորս անուն էր տվել, սակայն մինչ օրս այդ մարդիկ որեւէ քննարկումների չեն ներգրավվել: Մինչ այդ, մեզ հասած տեղեկություններով, նոր օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է: Միասին չէին ուզում` իրենց գործն է, տեսնենք` միայնակ ինչ են արել: Կարծում եմ` այն իշխանության փորձաքարը կդառնա»:

Խոսելով էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման մասին՝ Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ մինչեւ 1999թ. էլէներգիան պարբերաբար քիչ-քիչ թանկանում էր, այդ տարի եղավ կտրուկ թանկացում, որից հետո մոտ տաս տարի գինը մնաց նույնը, ապա թանկացավ 2009-ին, որից հետո՝ 2013-ին, եւ ապա՝ հիմա. «Դա նշանակում է, որ կանխատեսելիություն չկա»:

Նա անդրադարձել է նաեւ պուտինյան քարոզչամեքենայի գլխավոր դերակատարներից մեկի՝ Դմիտրի Կիսելյովի այցին. «Մինչ այսօր էլ ռուսական կողմը փորձել է լեզվի ազդեցությունը մեծացնել մեր երկրում, բայց դեռ երբեք չի եղել, որ այս տոնով, այս ձեւով, այս սանձարձակությամբ անեին: Սա, պարզ ասենք, շանտաժ է ՀՀ բնակչության, իշխանության եւ պետականության հանդեպ՝ եթե չանեք՝ ձեր անվտանգությունն ապահովել չի լինի, կարծես թե մենք ռազմավարական գործընկերներ չենք, կարծես թե մեր երկրների միջեւ չկան միջպետական հարաբերություններ, այլ՝ տեր ու ծառայի, կարծես թե մենք չենք համագործակցում ՀԱՊԿ շրջանակներում….»:

Այս կապակցությամբ Աղվան Վարդանյանը երկու դիտարկում է արել. «Այդ մարդիկ ասում են՝ չի կարելի անվտանգության գծով մի միություն ընտրել՝ ՀԱՊԿ-ը, իսկ մշակութային գծով մեկ այլ: Իսկ ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը այս մասին երկու օր առաջ Վիեննայում՝ «մեծ ցանկության դեպքում նույնիսկ չենք կարող հրաժարվել Եվրամիության հետ համագործակցությունից, որովհետեւ մենք մեզնից չենք կարող հրաժարվել, մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք»:

Տպել Տպել