Սոյն թուականի յունիսի 15-ին Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներ` Ադրինէ Մարգարեանը, Սարինէ Աբրահամեանը և Նուբար Վարդանեանը մասնակցեցին Նիդեռլանդների Երիտասարդ ընկերվարների Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցաւ Ուտրեխտ քաղաքում։
Երիտասարդ ընկերվարները Աշխատաւորների կուսակցութեան (PvdA) երիտասարդական կազմակերպութիւնն է։
Ժողովի օրակարգում ընդգրկուած էր շրջանաւարտ վարչութեան երկամեայ գործունէութեան հաշուետւութիւնը, որի հիմնական մասը վերաբերում էր Եւրոխորհրդարանի ընտրութիւնների ժամանակ կատարուած աշխատանքներին։ Ժողովը քննարկեց և վերլուծեց Եւրոխորհրդարանի ընտրութիւնների արդիւնքները։
Վերոյիշեալից բացի, Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները մասնակցեցին դասախօսութիւն-քննարկումների` ընկերային համակարգի բարելաւման, ընկերվար-ժողովրդավար գաղափարախօսութեան և անցած 20 տարիների ընթացքում Աշխատաւորների կուսակցութեան կատարած աշխատանքների և ձեռքբերումների մասին նիւթերով։
Ժողովին մասնակցեց նաև Նիդեռլանդների Կրթութեան, գիտութեան և մշակոյթի նախարարը, որն իր ելոյթում անդրադարձաւ ուսանողների նպաստների վերաբերեալ օրէնքներում կատարուած փոփոխութիւններին։ Մասնակիցներն առիթ ունեցան նախարարին հարցումներ ուղղելու։
Ժողովի վերջին օրակարգով ընտրուեց նոր վարչութիւն։
Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները ժողովի շրջանակներում Աշխատաւորների կուսակցութեան երիտասարդների հետ քննարկեցին երկուստէք համագործակցութիւնը զարգացնելու և համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը։
Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
Երևան
17.Յունիս.2014 թ.







