Զավարյանականներին Արցախ է բերել հայրենի հողի կանչը

Արցախցի պատանիներն անհամբերությամբ են սպասում ամառային արձակուրդներին, քանզի հենց այդ ժամանակահատվածում է, որ Արցախում Սփյուռքից ժամանած երիտասարդները կազմակերպում են երկշաբաթյա, երբեմն նաեւ երեք շաբաթ տեւողությամբ ճամբարներ:

Zav
Արդեն 10 տարի է, ինչ Լիբանանի Զավարյան ուսանողական միությունը (ԶՈՄ) Արցախում իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թվում նաեւ` կազմակերպում է պատանեկան ճամբարներ, որին մասնակցում են 9-16 տարեկան պատանիներ:

«Զավարյան» ուսանողական միության կողմից կազմակերպված ճամբարների աշխարհագրությունը շատ հստակ է. նրանք 10 տարի շարունակ գործունեություն են ծավալում եւ ճամբարներ են կազմակերպում Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներում:

Ճամբարների կազմակերպումն Արցախում եւ առհասարակ հայրենիքում` իրենց դրական ազդեցությունն են ունենում ոչ միայն տեղի երիտասարդների եւ պատանիների, այլեւ` ոչ պակաս դեր ու նշանակություն են ունենում սփյուռքահայ երիտասարդների համար. նրանցից շատերը հայրենիք են գալիս առաջին անգամ:

«ԶՈՄ-ը այս 10 տարիների ընթացքում ճամբարներ է կազմակերպել հիմնականում Քաշաթաղի շրջանում», – «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ եւ ԶՈՄ-ի պատասխանատու Լեւոն Ավետանյանը եւ հավելեց,- 2013 թվականին Լիբանանի «Զավարյան» ուսանողական միությունը ճամբարներ է կազմակերպել Մոշաթաղում, Տիգրանավանում, Սարաթաղում եւ Այգեհովիտում: Վերջին տասնամյակում ԶՈՄ-ը ճամբարներ է կազմակերպել Հայաստանում եւ Արցախում: Միությունը վերջին տարիներին ճամբարներ է կազմակերպում Քաշաթաղի շրջանում: Յուրաքանչյուր տարի առնվազն երկու կամ երեք համայնքում կազմակերպում ենք ճամբարներ: Լիբանանում մեր տարեկան աշխատանքների պլանավորման ժամանակ մեծ ուշադրություն ենք հատկացնում հենց ճամբարների կազմակերպման ծրագրին, եւ այդ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Այս տարի ճամբարներ կկազմակերպվեն Հայաստանի Կոտայքի մարզում եւ Բերձորում»:

Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կազմակերպված ճամբարները, դաստիարակչական կողմ ունենալուց բացի, նաեւ ուսուցողական բնույթ են ներառում իրենց մեջ. «Բնականաբար, յուրաքանչյուր ճամբար ունենում է իր «Դաստիարակչական բաժինը եւ ժամանցի բաժինը», – նշեց Լեւոն Ավետանյանը,- Ճամբարի ընթացքում երեխաներին բաժանվում են շապիկներ, որոնց վրա պատկերված է լինում տվյալ տարվա ճամբարի խորհրդանիշը: Ճամբարի առօրյան հագեցած է լինում ուսուցողական պարապմունքներով: Սփյուռքի երիտասարդները համակարգիչ, պատմություն, անգլերեն եւ այլ նյութեր են ուսուցանում արցախցի պատանիներին: Նրանք նաեւ իրենց փորձն են փոխանցում տեղի պատանիներին: Եւ, ամենակարեւորը, ճամբարների արդյունքում կապ է ստեղծվում զավարյանականների եւ Քաշաթաղի շրջանի երեխաների միջեւ: Քաշաթաղում ամեն տարի անհամբերությամբ են սպասում զավարյանականների այցերին եւ կազմակերպվող ճամբարներին: Եւ ամեն տարի, երբ նոր խումբ է այցելում Արցախ, երեխաները անուններով հիշում են նախորդ տարիների կազմակերպիչներին եւ հարցնում բոլորի մասին: Առհասարակ, Արցախի հետ կապված մեր ծրագրերը մինչ օրս սահմանափակվել են ճամբարների կազմակերպմամբ, բայց, կարծում եմ, զուգահեռ այլ ծրագրեր եւս կմշակվեն` Արցախում կյանքի կոչվելու համար»:

Լեւոն Ավետանյանի խոսքերով` զավարյանականներին Արցախ է բերել հայրենի հողի կանչը. «Հայրենի հողի կանչն է զավարյանականներին Արցախ բերել: Եւ հենց դա է պատճառը, որ արդեն 10 տարի է, ինչ նրանք մեծ եռանդով ու խանդավառությամբ են սպասում ամռանը, որ գան Արցախ»:

aparaj.am

Տպել Տպել