Սպասում ենք ավելի լուրջ պատասխանի

-ArmenR«Մենք գիտենք ինչ ենք գրել և այո` պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ համագործակցության հետ կապված հնարավոր բոլոր քայլերը քառյակը կատարել է և մինչև հիմա քննարկումների ամբողջ բնույթն այն էր, որ մղեին կառավարությանը մի դաշտ, որտեղ հատման եզրեր կլինեն:

«Կարծում եմ, որ բառերի հետևից պետք չէ ընկնել, այլ բովանդակությանն է անհրաժեշտ անդրադառնալ: Եթե պետք է բովանդակությանն անդրադառնան, ապա սպասում ենք ավելի լուրջ պատասխան` 12 կետերի իրական կամ ոչ իրական լինելու վերաբերյալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի փոքր շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև, եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պիտի բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» և այլ հասկացողությունները»:

Արմեն Ռուստամյանի կարծիքով` պատասխանը չի արտացոլում այն լրջությունը, որով քառյակը մոտեցել էր 12 կետերի ամրագրմանը:

«Այդտեղ որևէ հապճեպ բան չկա` ի տարբերություն իշխանությունների հապճեպ բերված նախաձեռնությունների, որոնք այս պահին քննարկվում են ԱԺ-ում: Քառյակը երկար ժամանակ է աշխատել այդ կետերի վրա, հասարակությունն էլ ծանոթ է, թե քառյակը քանի նիստ է նվիրել դրան, այնպես որ եթե լուրջ չեն վերաբերվում դրան «դրա համար էլ վիճակն այսպիսին է երկրում: Եթե խոսում են ականջալուր լինելու մասին, բայց լուրջ չպետք է վերաբերվեն, կունենանք այն, ինչ ունենք: Մենք մեր հաստատումներից դուրս չենք գալու և հնարավորություն կտանք հասարակությանը հասկանալ, թե ով ինչ է ուզում, ինչպես է արձագանքում հակառակ կողմը: Բայց մեկ բան հստակ է` ջրբաժան է»,- ընդգծեց դաշնակցական պատգամավորը, շեշտելով սակայն, որ քառյակի համատեղ հանրահավաքը շուտ չեն անցկացնի, այլ կանցկացնեն ինչպես նախանշված է աշնանը:

Արմեն Ռուստամյանը, կրկին անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին կրկնեց, որ սա այն հարցը չէ, որ բառերի հետևից ընկնելով նսեմացվի փաստաթղթի կարևորությունն ու նշանակությունը:

«Պահանջում ենք, այո, որովհետև բանը բանից վաղուց անցել է: Եվ այնտեղ ներկայացված չէ այնպիսի հարց, որը նոր ենք հրապարակ բերում կամ անիրական է: Եթե այդպիսի մոտեցում կա, ապա ժամանակն է շատ ադեկվատ, լուրջ ու խորքային ասեն, թե ինչն այն չէ: Ի վերջո այդ պահանջներն օդից վերցված չեն, այլ հասարակության պահանջներն են: Եվ այո պահանջներ են, որովհետև եթե դրանք այսօր չեք իրականացնում, ուրեմն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ անտեսվում է հասարակության և չորս քաղաքական ուժերի բարձրացրած հարցերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

panorama.am

Տպել Տպել