ՀՅԴ նախաձեռնությամբ Կովսականում աշխատատեղեր կբացվեն

DavitIshkhanyan-5ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում նախատեսվում է բիզնես շահագործման համար տարածք կառուցել եւ տրամադրել գործարարներին:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքերով` ՀՅԴ մտահոգությունների դաշտում միշտ տեղ է գտել վերաբնակեցված շրջաններում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, դրա համար բավարար արդյունք ապահովելու համար պետք է նոր աշխատատեղեր բացվեն:

Նա նշեց, որ ելնելով Հայաստանի եւ ԼՂՀ-ի ծանր սոցիալական պայմաններից,Կենտրոնական կոմիտեն ԼՂՀ իշխանությունների հետ իր ուժերը ի սպաս է դրել`փորձելով լուծել մի շարք սոցիալական հարցեր:

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում` կուսակից ընկերների, ինչպես նաեւ համակիրների նվիրատվությունների միջոցով Կովսականում բիզնես պայմաններ ստեղծելու:

Բոլոր գործարարներին կտրամադրվի տարածք, որը հանրավորություն կտա`նամանավանդ կանանց համար նոր աշխատատեղեր բացել:

Նա հույս հայտնեց, որ այս նախաձեռնությանը կմիանան նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի մեր ընկերները եւ համակիր շրջանակները:

«Ինչպես բազմիցս նշվել է`«Դաշնակցությունը» նաեւ աշխատանքի կուսակցություն է: Որպես ընկերվարական կուսակցություն`մեզ համար երկրում սոցիալական խնդիրների լուծման, սոցիալական արդարության հաստատման հարցը միշտ առաջնային տեղում է: Համոզված ենք, որ մնայուն եկամուտներ ապահովելու համար կարեւոր է մնայուն աշխատանք ունենալը, եւ միայն այդ ճանապարհով է, որ ձեռք բերված եկամուտները կարող են նպաստել սոցիալական իրավիճակի բարելավմանը, – նշեց Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք, որ հիմնականում Կովսականում են կենտրոնացված սիրիահայ մեր հայրենակիցները, ովքեր`չնայած այն հանգամանքին, որ ԼՂՀ կառավարությունից եւ մի շարք կազմակերպություններից ստացել են տարբեր օժանդակություններ, այնուամենայնիվ նրանց համար մնայուն աշխատանք ունենալը դեռ առանցքային եւ չլուծված խնդիրներից է:

aparaj.am

Տպել Տպել