Եթե իշխանությունները որդեգրեն 12 կետերը

Aghvan-Vardanyan (1)«Չունենալով ամբողջ քառյակի անունից խոսելու լիազորություն՝ ես միայն հետևյալը կարող եմ ասել. եթե մեր առաջարկած 12 կետերն ամբողջությամբ կատարեն, մենք պատրաստ ենք «պահանջում եմ» բառը փոխել ավելի հարմար բառով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ երեկ Ս.Սարգսյանը հեռուստատեսային հարցազրույցում անդրադառնալով ոչ իշխանական քառյակի այդ 12 կետերին՝ հայտարարել էր, որ «եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պիտի բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» և այլ հասկացողությունները»:

Նաև հայտարարություններ եղան, որ այդ կետերում պոպուլիստական պահանջներ կան: Ի պատասխան այդ կարծիքներին՝ Ա.Վարդանյանն ասաց. «Առնվազն 12 անգամ սխալվում են, բայց մենք մեր պահանջները ներկայացրել ենք»:

Ս.Սարգսյանը նաև ասել էր, թե «այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի փոքր շտապողականություն են ցուցաբերել»:

Արդյոք սա նշանակում է, որ իշխանությունները սկսել էին այդ 12 կետերի մեջ առկա խնդիրներից որոշները լուծել, մինչ ոչ իշխանական ուժերը դրանք որպես պահանջ կներկայացնեին իրենց: Հիշեցնենք, որ կառավարությունն անցած շաբաթ հայտարարեց, որ փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը 3,5 տոկոսից կիջեցնի 1 տոկոս:

«Կառավարության ծրագիրը քննարկել ենք ԱԺ-ում, տեղյակ ենք բոլոր մանրամասներին: Մենք առաջադրել ենք հիմնականում այնպիսի խնդիրներ, որոնք հուզում են հանրության գերակշիռ մասին և էականորեն կբարելավեն նրանց վիճակը»,- պատասխանեց Ա.Վարդանյանը:

1in.am

Տպել Տպել