Արցախին անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման համակարգ

aparaj.am-ի հարցացրույցը ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:

artur-Տեղեկություն ունենք, որ ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ պետք է կատարվեն, սակայն հասարակությանը հասանելի չէ՝ այդ փոփոխությունների նախաձեռնությունը կառավարությա՞նն է, թե՞ Ազգային ժողովինը: Նաեւ հասկանալի չէ, թե ո՞րն է ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելու պահանջը :

-Իրականում կառավարությունն է նախաձեռնել՝ ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ կատարել: Պետք է գիտակցենք, որ մեր երկիրը գտնվում է կայացման փուլում, ուստի նաեւ կայացման փուլում է գտնվում ընտրական գործընթացը: ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այնպիսի քաղաքական մթնոլորտ է տիրում, որ ամեն ընտրությունից հետո անհրաժեշտություն է առաջանում նոր օրենսդրական փոփոխությունների՝ հիմք ընդունելով ընտրությունների ժամանակ հրատապ լուծում պահանջող խնդիրները: Եթե հարցը դիտենք այս համատեքստում, ապա դեռ մոտակա ժամանակներում ամեն ընտրություններից հետո անհրաժեշտ է լինելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել՝ նպատակ հետապնդելով հաջորդ համապետական նշանակության ընտրություններին ընտրողների մոտ վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի քաղաքացին գիտակցի եւ ընդունի, որ իր քվեով նա մասնակցում է երկրի կառավարմանը: Իշխող քաղաքական կուսակցությունները, քաղաքական անհատները, քաղաքական ուժերը պետք է ձգտեն հասնել մի այնպիսի աստիճանի, որ քաղաքացու քվեն մեծ դերակատարություն ունենա երկրի կառավարման գործում: Դա պետք է դառնա նրանց առաջնային պարտականություններից մեկը: Դեռեւս 90-ականներին ունեինք 100% մեծամասնական ընտրակարգով ձեւավորված խորհրդարան: Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թե իրականում որն է ամենաճիշտ խորհրդարանի ընտրակարգի ձեւը՝ 100% մեծամասնական, թե 100% համամասնական, թե՝ և՛ նա, և՛ նա: ՀՅԴ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, եւ դա ձեւավորված տեսակետ է ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլեւ՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ժամանակ քննարկվել եւ ընդունվել է, որ լավագույն խորհրդարանը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կհամարվի այն խորհրդարանը, որը կձևավորվի 100% համամասնական ընտրակարգով: Այն տեսակետը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը Ազգային ժողովում ներկայացնում է հասարակության մի հատվածին, ինքնին Ազգային ժողովի քաղաքական մարմին լինելու կոչմանը չի համապատասխանում:Խորհրդարանի պատգամավորի թիվ մեկ առաքելությունը քաղաքական թիմի կազմում կառավարությանը օպտիմալ կառավարելու հնարավորության ընձեռնումն է կամ, ինչու չէ, ճիշտ կառավարելու պարտադրումը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ քաղաքական կուսակցությունը պետք է արժանանա ընտրողի քվեին: Իսկ ընտրողը քվեն տալիս է ոչ թե առանձին անհատի, այլեւ կուսակցության այն ծրագրերին, որով տվյալ կուսակցությունը ներկայանում է ընտրողներին՝ ակնկալելով նրանց աջակցությունը: Սխալ կարծիքներ կան ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, որ կուսակցությունների ներկայացրած ընտրացանկերում կարեւորվում են առաջնային համարները: Իմ համոզմամբ՝ ընտրացանկը պետք է ստորադասվի այն ծրագրին, որով քաղաքական կուսակցությունը ներկայանում է ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ընտրացանկին, ապա այնտեղ կարեւոր են ոչ թե առաջին հորիզոնականներում ընդգրկված անձինք, այլեւ բոլոր այն անհատները, որոնք իրենց կենսագրությամբ, քաղաքական կեցվածքով, կուսակցության ծրագիրը ներկայացնելու կամքով եւ պատրաստակամությամբ ներկայանում են հասարակությանը: 100% համամասնական ընտրակարգի դեմ հանդես եկող ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը ազգային Ազգային ժողովը կտրում է հասարակությունից: Կարծում եմ, որ կառավարության այս նախաձեռնությունը լուրջ քննարկման առարկա է դառնալու ԼՂՀ Ազգային ժողովում, եւ դաշնակցական պատգամավորները կանեն ամեն ինչ, որպեսզի մեզ հաջողվի անցնել այդ ընտրակարգին:

-Կարելի՞ է ենթադրել, որ՝ որպես դաշնակցական Դուք կողմ եք երկրի կառավարման խորհրդարանական համակարգին:

-Դեռեւս 1992 թվականին, երբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդականն էի, Գերագույն խորհրդի նախագահությունում խոսվում էր, որ Արցախը չպետք է ունենա նախագահական կառավարման համակարգ: Այդ ժամանակ դա էր մեր նորանկախ երկրի մոտեցումը այս հարցին: Սակայն Արցախում հետագա քաղաքական ճգնաժամը բերեց նրան, որ Արցախը անցավ կառավարման նախագահական համակարգին: Այսօր ես գտնում եմ, որ ունենք արդարացված կառավարման ուղղահայաց, սակայն կառավարման համակարգը պետք է դիտարկել ոչ թե տվյալ պահին արդարացված կամ չարդարացված լինելու, այլեւ սպասվելիք մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելիս, նման որոշումներ կյանքի կոչելիս ավելի էֆեկտիվ է գործում խորհրդարանական կառավարման համակարգը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով և ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ կետով՝ հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն, կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ հանրապետության նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին: Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Կարելի է ասել՝ Ազգային Ժողովի մեծամասնությունը այո է ասում պատերազմին և հետագա մասնակցություն չի ունենում, ամբողջ պատասխանատվությունը թողնելով նախագահին: Խորհրդարանական կառավարման պարագայում՝ վարչապետի հետ միասին պարտադրված է շարունակել կրել պատասխանատվություն՝ որպես իշխող մեծամասնություն, որպես երկիրը իր վարած քաղաքական կուրսով պատերազմին հասցնող, կամ պատերազմից դուրս բերող մեծամասնություն: Զինված ուժերի կայացման ընթացքում, նրա կիրառման պարագայում՝ քաղաքացիական վերահսկողությունը, խորհրդարանական կառավարումը ավելի արտահայտված է և ավելի էֆեկտիվ: Այն դեպքում՝ եթե Արցախի Հանրապետությունը ենթարկվի միջազգային հանրության ճնշումներին ՝ տարածքներ զիջելու, Արցախի լինել-չլինելու առումով, ապա պետք է ասեմ, որ այս ծանր բեռը մեկ անձին թողնելն անթույլատրելի է: Այս մարտահրավերներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման համակարգը: Եթե խոսենք երկիրը հրամանագրերով ճգնաժամից հանելու խնդիրների լուծման մասին, իհարկե, արդյունավետ է նախագահական կառավարման համակարգը: Պետք է խոստովանեմ, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական համակարգի տարրեր են գործում: Դրա օրինակը կարող է հանդիսանալ ռազմական դրություն հայտարարելու դրույթը: Ռազմական դրություն հայտարարել՝ նշանակում է երկիր ղեկավարին, մեր այսօրվա պարագայում՝ նախագահին տալ լիազորություններ, որով նա պատրաստելու է երկիրը պատերազմի, բայց ռազմական դրություն հայտարարողը Ազգային ժողովն է: Նաեւ՝ այս կարեւոր մարտահրավերն է, որը ստիպում է մեզ ունենալ 100 % համամասնական ընտրակարգով ընտրված խորհրդարան: Ամեն պատգամավոր, նամանավանդ՝ իշխանությունը ներկայացնող, պետք է գիտակցի, որ կոճակ սեղմելով նա մասնակից է լինում երկրի համար կարեւոր մարտահրավերներին դիմակայելուն: Այստեղ է երեւում, որ մարտահրավերների հաղթահարման ամբողջ պատասխանատվությունը Ազգային ժողովի վրա է: Իշխող համակարգը եթե խորհրդարանական է, ապա ոչ միայն պարտերազմ հայտարարելն է մնում տվյալ իշխող կուսակցության պատասխանատվության ներքո, այլեւ հետագա գործողությունների ամբողջությունը: Արցախի համար կա նաեւ մի շատ կարեւոր իրականություն, որը կարող է հիմք հանդիսանալ՝ հասկանալու համար, որ ճիշտ տարբերակը խորհրդարանական կառավարման երկիր ունենալն է: Իմ կարծիքով՝ այն երկիրը, որտեղ բնակչության թիվը մեծ չէ եւ խորհրդարանի պատգամավորները կարող են անձնապես ճանաչել երկրի բնակչության մեծամասնությանը, կառավարման լավագույն ձեւը խորհրդարանական մոդելն է: Կիսանախագահական կամ կիսախորհրդարանական համակարգ ունեցող երկրները հաճախ են ենթարկվում քաղաքական ճգնաժամերի եւ երկիրը դուրս բերում բնականոն զարգացման հունից: Վստահ եմ, որ կառավարման լավագույն համակարգը կարելի է ձեւավորել քաղաքական քննարկումների արդյունքում՝ եթե առկա է հասարակական խավերի մասնակցությունը:

-Հնարավո՞ր է արդյոք Արցախում կառավարման խորհրդարանական համակարգն ընդունվի՝ առանց ՀՀ-ում ընդունման:

-Հնարավոր է: Դուք հարց եք ուղղում մեկին, ով իր ցանկացած քայլի եւ գործողության հիմքում դնում է Միասնական Հայաստան կյանքի կոչելու նպատակը: Պիտի խոստովանեմ, որ դա Միացյալ Հայաստան ունենալու համար եւս մեկ քայլ կլինի: Այն պետք է ընդունել որպես ճանապարհային քարտեզի մի փոքրիկ հատված, որով պետք է հասնենք այն վերը նշված գերնպատակին, ինչի համար այսօր ապրում եւ ստեղծագործում է ամեն մի հայ:

Հարցազրույցը՝ Արմինե Նարինյանի

aparaj.am

Տպել Տպել