Հայկական կողմի համար ցեղասպանությունը անվիճելի փաստ է


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի e-channel.am կայքէջին տված հարցազրույցում մեկնաբանում է ՀՀ նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը, թե` կարելի է ստեղծել հանձնաժողով` պատմական փաստերը ուսումնասիրելու նպատակով, ինչը չի նշանակում ցեղասպանության փաստերի հերքում:

-Նախագահի մամլո խոսնակը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե` կարելի է ստեղծել հանձնաժողով` պատմական փաստերը ուսումնասիրելու նպատակով, ասել է, որ ուսումնասիրությունը չի նշանակում փաստերի հերքում: Համաձա՞յն եք այս մեկնաբանությանը:

– Նախագահը, բացի հայ համայնքից, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել է նաեւ քաղաքագետների, վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ ու խոսել է ավելի ծավալուն: Ասել է նույն բաները, բայց ավելի մանրամասնորեն, ավելի հստակ շեշտադրումներով, որոնք հաստատում են, որ հայկական կողմի համար Ցեղասպանությունը անվիճելի փաստ է: Դրան հաջորդեցին տարբեր հայտարարություններ` ոչ միայն նախագահի մամուլի քարտուղարի, այլ նաեւ արտգործնախարարի կողմից: Վերջինս էլ հաստատեց, որ Ցեղասպանության ճանաչումը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Կարծում եմ` այս ամենը բավական է, որ ասենք` նախագահը չի կասկածում` իրողությո՞ւն է Ցեղասպանությունը, թե՞ ոչ: Ես կասեի, որ վատ խորհրդի հիման վրա արված հայտարարություն էր նախագահի հայտարարությունը:

– Վատ խորհուրդ` տրված ո՞ւմ կողմից:

– Չգիտեմ. նրա, ով նախագահին խորհուրդ է տալիս այս հարցերում:

– Իսկ պե՞տք էր այդ հայտարարությունը, մինչեւ արտաքին աշխարհին ներկայացնելը, քննարկել ներսում:

– Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել, որ այդ հարցերը քննարկվեն ոչ միայն արտաքին գործերի նախարարությունում, այլ նաեւ Ազգային անվտանգության խորհրդում: Որքան ես գիտեմ` մինչեւ նախագահի ելույթը` այս հայտարարությունը խորհրդում չի քննարկվել:

– Կարելի՞ է ասել, որ այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը առանձնանում է իր նախորդից, ով անընդունելի էր համարում Ցեղասպանությունը ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելը:

– Մամուլի խոսնակի եւ արտգործնախարարի հայտարարություններով, ինչպես նաեւ մեզ տված բացատրությամբ, նախագահն արդեն հստակեցրել է, որ երկրի իշխանությունների ուղեգծի մեջ փոփոխություն չկա:

– Մեզ` ո՞ւմ նկատի ունեք:
– Դաշնակցությանը:

– Ինչո՞ւ հատկապես ՀՅԴ-ին. որպես Ցեղասպանության, Հայկական հարցի հիմնական պահանջատիրո՞ջ:

– Ոչ, պարբերաբար հանդիպումներ լինում են, ու այս հարցը չէր կարող չարծարծվել:

– Իսկ չկա՞ անհրաժեշտություն, որ Դաշնակցությունը, նախագահից բացատրություն ստանալուց բացի, հանդես գա նաեւ պատասխան հայտարարությամբ:

– Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, երկու օր հետո գուցե լինի: Դաշնակցության համար նախագահի տեսակետը հստակ է, չնայած չի բացառվում, որ որոշվի նաեւ հանդես գալ հայտարարությամբ: Առայժմ նման որոշում չկա: Պետք է ուշադրություն դարձնել, թե նախագահի այս հայտարարությունը ինչ քաղաքական իրավիճակում է արվել: Դրան նախորդող 7-10 օրերի ընթացքում ամերիկացի 3 բարձրաստիճան պաշտոնյաներ` Ֆրիդը, Բրայզան եւ Հայաստանում ԱՄՆ դեռ չնշանակված դեսպանը, հանդես են եկել հայտարարություններով: Նրանք նույն բանն են ասում` պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, դրա համար Թուրքիան պետք է իր պատմության սեւ էջերը ուսումնասիրի, իսկ Հայաստանը պետք է հաստատի, որ ինքը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Մյուս կողմից` նկատի ունենանք, թե որտեղ է արվել հայտարարությունը. Մոսկվայում, իսկ Ռուսաստանի արտգործնախարարը այս օրերին պաշտոնական այցով լինելու է Թուրքիայում, ուր, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են նաեւ Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները: Այսինքն` արտաքին տարբեր լսարանների պատգամ փոխանցելու հարց էլ է, կարծում եմ, ունեցել նախագահը:

– Իսկ ինչպե՞ս է այդ հայտարարություններին արձագանքում սփյուռքը:

– Կարելի է ասել` բացասաբար: Իմ տված գնահատականներն էլ դրական արձագանքներ չեն: Պարզ ասած` լավ կլիներ, եթե նախագահի հայտարարությունը չլիներ, բայց եթե եղել է, գոնե մենք չպետք է անենք այն, ինչ անում է Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատը: Դա էլ կեղծ կեցվածք է: Նրանց իշխանության տարիներին Ցեղասպանության հարցը նույնիսկ արտաքին քաղաքականության մաս չէր կազմում:

– Ողջունո՞ւմ եք Սերժ Սարգսյանի` Աբդուլա Գյուլին ուղղված` Հայաստանում միասին ֆուտբոլ նայելու հրավերը: Իսկ եթե Գյուլը վեր կենա ու գա՞:

– Թող գա, մենք էլ մեր կեցվածքը կարտահայտենք նրա նկատմամբ` որպես Թուրքիայի նախագահի:

– Մենք` ո՞ւմ նկատի ունեք:

– Հասարակությանը, ժողովրդին:

– Ժողովուրդը ցույց կանի՞ երկրի նախագահի հրավիրած հյուրի դեմ:

– Ժողովուրդը ցույց է անում իր նախագահի դեմ: Նրա հրավիրած հյուրի դեմ չի՞ կարող ցույց անել:

– Ի՞նչն է փոխվել Հայաստանում, որ այսօր հնարավոր են դարձել այսպիսի հայտարարությունները:

– Երկրի նախագահն է փոխվել:

e-channel.am

Տպել Տպել