Վահան Հովհաննիսեան. Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրաւէրները

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան հիւրն է Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկ.Վահան Յովհաննիսեան:

Յուլիսի 3-8-ը Երեւանում տեղի ունեցած կուսակցութեան նորընտիր Բիւրոյի լիագումար նիստում, բացի երկրի զարգացմանն առընչուող առանցքային մի շարք դրոյթներից ամրագրուեց նաեւ, որ հայոց ցեղասպանութեան հարցը քննարկման ենթակայ չէ:

Հարցում.- Պարոն Յովհաննիսեան, ամրագրուեց, որ հայոց ցեղասպանութեան հարցը անվիճարկելի է եւ բացառւում է, որ Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ այս հարցում որեւէ այլ մօտեցում ունենայ. կարո՞ղ ենք սա համարել պատասխան նախագահի յայտարարութեանը յաջորդած տարաբնոյթ մեկնաբանութիւններին:

– Նախ ասեմ, որ նախագահի յայտարարութիւնների խմբագրումը եւ մեկնաբանութիւնը նախագահի եւ նրա պաշտօնեաների գործն է: Արտգործնախարարի մեկնաբանութիւնը կարծում եմ, այս հարցում բաւականին յստակեցումներ մտցրեց: Մեր տեսակէտը վերաբերում է, ոչ միայն նախագահին, ոչ միայն այսօրուայ նախագահին կամ վաղուայ նախագահներին, այլ ընդհանրապէս, Հայաստանի մօտեցմանը: Մենք Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ ստեղծելուն դէմ չենք, սակայն մենք համարում ենք, որ ցեղասպանութեան լինելու կամ չլինելու փաստի քննարկումը չէ, որ դրա հիմքում պիտի լինի, որովհետեւ ցեղասպանութեան փաստը ընդունուած է, ոչ միայն մեր կողմից, այլ նաեւ ամբողջ աշխարհի, օրինակ ԱՄՆի ժողովրդի: Ամերիկայի ադմինիստրացիան փորձում է խուսափել ցեղասպանութիւն բառից, օգտագործում է անհասկանալի տերմինաբանութիւն, բայց ի վերջոյ Ամերիկայի Միացեալ Նահանգների ժողովուրդը սա ընդունում է: Նաեւ նախկինում Ամերիկայի ղեկավարները սա ընդունել են: Փաստը դեռ 1915 թուականին եւ դրանից յետոյ էլ աշխարհի կողմից ընդունուել է, ուրեմն ինքը, փաստը քննարկման առարկայ չէ: Որեւէ ստեղծուելիք յանձնաժողով կարող է քննարկել, ի հարկէ, եւ պէտք է նաեւ քննարկի ցեղասպանութեան հետեւանքները դրանից ստեղծուած իրավիճակից դուրս գալու ուղիները: Մեր յարաբերութիւններում ընդհանրապէս ցեղասպանութեան հետ կապուած՝ հատուցման, պատճառների մասին կարող է խօսք գնալ, բայց չի կարող քննարկուել ցեղասպանութիւն եղել է թէ՝ ոչ:

Կարծում եմ, որ պաշտօնատար անձանց պարզաբանումները այս առումով բաւարար էին, եւ մենք գտնում ենք, որ սա էլ պէտք է լինի ուղեգիծ: Ի վերջոյ, եթէ խօսքը վերաբերում է այն յանձնաժողովին, որ թուրքական կողմին ի պատասխան առաջարկել է Ռոբերտ Քոչարեանը, ապա մենք այստեղ խնդիր չենք տեսնում, որովհետեւ տարողունակ մի միջպետական, միջկառավարական յանձնաժողով, կարող է բաժանմունքներ ունենալ, որոնք կը զբաղուեն տարբեր հարցերով՝ տրանսպորտային, տնտեսական, մշակութային, դիւանագիտական կապեր հաստատելու եւ այլն, այդ թւում, կարող են քննարկուել նաեւ ինչ-ինչ պատմական հարցեր, բայց ոչ երբեք ցեղասպանութեան լինել-չլինելու խնդիր:

– Ըստ Ձեզ ինչու՞ ակտիւացան հայ-թուրքական յարաբերութիւնները, հրաւէր Գիւլին մասնակցելու Հայաստան-թուրքիայ ֆուտբոլային խաղին, այնուհետեւ փորձագէտների կրկին տարաբնոյթ վերլուծութիւններ: Ին՞չ պէտք է արուի, որպէսզի կարգաւորուեն այս յարաբերութիւնները:

– Պէտք է հարցին նայել մի քանի տեսանկիւնից: Պարզ է, որ Ղարաբաղեան հարցում լուծում որոնելու ասպարէզում միջազգային հանրութեան ակտիւացումը չի կարող շրջանցել հայ-թուրքական յարաբերութիւնները, որովհետեւ հայ-թուրքական յարաբերութիւնների այսօրուայ անմխիթար վիճակը, կամ աւելի ճիշտ, այդ յարաբերութիւնների բացակայութիւնը, մասամբ հետեւանք են ցեղասպանութիւնը Թուրքիայի կողմից չճանաչելու կամ մերժելու: Ինչ-որ չափով էլ, այսօրուայ իրողութիւններն են պատճառ դառնում երկուստէք սառը վերաբերմունքի: Թուրքական ղեկավարութիւնը անվերապահօրէն Ադրբեջանին պաշտպանելու, Ադրբեջանին սատարելու քաղաքականութիւն է որդեգրել: Սա այսօրուայ իրողութիւն է եւ բնական է, որ այն պէտք է փոխուի: Թուրքիան իր որոշումը պէտք է վերանայի, հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մէջ, նա պէտք է կողմի վիճակից դուրս գայ, եթէ ուզում է անաչառ լինել այլ հարցերում: Այս իմաստով, հասկանալի է միջազգային հանրութեան ակտիւացումը: Բայց կայ երկու կարեւոր հանգամանք, որոնք պէտք է անպայման հաշուի առնել: Առաջին՝ ցեղասպանութեան փաստը ինքնին քննման, զննման առարկայ չէ, երկրորդ՝ չպէտք է այս յարաբերութիւնները որեւէ ձեւով պայմանաւորել, այնպիսի շինծու օրակարգերով, ինչպիսին, օրինակ, սահմանները ճանաչելու հարցը: Երբ Հայաստանին փորձում են ճնշման տակ դնել՝ սահմանները ճանաչել, որպէսզի Թուրքիայի հետ յարաբերութիւնները բարելաւեն, սա պարզունակ ծուղակ է: Ասեմ ինչու: Նախ՝ միջազգային պրակտիկան բացարձակապէս չի պահանջում, որ երկրների մէջ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուեն, սահմանների ճանաչման նախապայմանով: Ճապոնիան չի ճանաչում Ռուսաստանի սահմանները, նրանց միջեւ պայմանագիր էլ չկայ պատերազմից յետոյ, Ճապոնիան, նոյնիսկ, տարածքային որոշակի պահանջներ ունի Ռուսաստանի նկատմամբ, սակայն նրանք ունեն դեսպաններ Տոկիոյում եւ Մոսկուայում, նորմալ առեւտուր կայ, նաւահանգիստները բաց են, ոչ-ոք ճանապարհ չի փակել եւ չկայ հակաճապոնական, հակառուսական հռետորիկայ այդ երկրների մամուլի էջերում: Նոյնը կարելի է ասել նաեւ ուրիշ երկրների պարագայում՝ Հարաւային Ամերիկայում, Եւրոպայում անգամ, որտեղ սահմանային հարցը չի դարձել յարաբերութիւններ հաստատելու նախապայման: Մենք ասում ենք՝ եթէ Թուրքիան համաձայն է մեզ հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, թող հաստատի, շատ լաւ է, բայց նախապայմաններ չպէտք է դնի, յատկապէս սահմանները ճանաչելու նախապայմանը:

– Այսինքն՝ մենք խուսափում ենք ծուղակի մէջ յայտնուելուց:

– Ցանկացած դիւանագիտութիւն պէտք է կարողանայ փրկել սեփական երկիրը եւ ժողովրդին սխալ քայլերից, մենք իրաւունք չունենք սխալ քայլեր կատարելու ի հաշիւ մեր սերունդների ազգային եւ պետական շահերի: Վերջապէս այդ սահմանը Հայաստանը պետականօրէն չի էլ վիճարկել: Մենք մտել ենք ՄԱԿ, դարձել ենք ՄԱԿի լիիրաւ անդամը եւ այնտեղ չենք բարձրացրել սահմանների հարցը: Բայց երբ մեզ պարտադրում են այս մասին ինչ-որ յայտարարութիւններ անել, սա նշանակում է ճնշում՝ քաղաքական ծուղակ նետելու համար:

– Ո՞վ է պարտադրում պարոն Յովհաննիսեան:

– Ճիշտն ասած՝ Մեթյիւ Բրայզայի յայտարարութիւնների մէջ լսել եմ նման տեսակէտ, բայց գիտեմ նաեւ, որ արեւմտեան որոշ շրջանակներում նման տեսակէտներ կան: Պէտք է հասկանալ. ի՞նչ կարող է այսօր Թուրքիան առաջարկել Հայասատնին. դիւանագիտական յարաբերութիւննե՞ր: Լաւ է, բայց դրա գինը նման ծանրակշիռ հաստատումներ, ինչպէս սահմանների ճանաչում եւ այլն, չեն կարող լինել: Ին՞չ կարող է առաջարկել Թուրքիան՝ ճանապարհների բացո՞ւմ: Ոչ-ոք չի կարող վիճարկել, որ բաց ճանապարհը աւելի լաւ է փակ ճանապարհից՝ տնտեսութեան համար, առեւտրի համար, մշակութային, հումանիտար կապերի համար: Բայց՝ երբ ճանապարհի բացումը առաջարկւում է որպէս վճար, գին քաղաքական զիջումների դիմաց փորձենք հասկանալ, թէ այդ ճանապարհի բացումից, ով եւ ինչքան է շահում: Ես չեմ ժխտում որ ճանապարհի բաց լինելը մեր տնտեսութեանը կարող է հեռանկարում օգուտներ բերել: Սա հասկանալի է, թէեւ այստեղ էլ ամէն բան միանշանակ չի, որովհետեւ ճանապարհի բացումով մենք շատ մեծ առաւելութիւններ ենք տալիս ներկրողներին, բայց տեղական արտադրողը պատրա՞ստ է, յարմարուել է, կը կարողանա՞յ արդեօք դիմանալ եւ յաջողել հնարաւոր մրցակցութեան մէջ, երբ Հայաստանը ինքը աւելի շուտ կը դառնայ շուկայ, մինչեւ ուրիշները Հայաստանի համար շուկայ դառնան: Այս հարցի պատասխանը մեր տնտեսագէտները, կառավարութիւնը դեռեւս չեն տուել, պիտի տան, որովհետեւ ի վերջոյ, վաղ թէ ուշ այդ ճանապարհը բացուելու է:

– Այսինքն, սա եւ՞ս կարող է տնտեսական ծուղակ հանդիսանալ:

– Այս դէպքում ես չէի խօսի ծուղակի մասին, բայց որ տնտեսական վտանգները, սպառնալիքները առկայ են, դա փաստ է: Իսկ տնտեսական առաւելութիւնները, շահը շատ ակնյայտ չեն: Վրաստանի սահմանը Թուրքիայի հետ բաց է՝ ու՞ր են Վրաստանում այդ տնտեսական առաւելութիւնները: Չեն երեւում: Բայց տեսէք թէ ի՞նչ է շահում Թուրքիան. Թուրքիան այսօր յամառօրէն ծեծում է Եւրամիութեան դուռը: Եթէ նա որոշի բացել մեր ճանապարհը, նա հսկայական առաւելութիւններ կը ստանայ քաղաքական առաւելութիւն ների տեսքով: Նա եւրոպական հասարակաութեանը կ’ասի՝ տեսէք մենք ժողովրդավարացել ենք, մենք նոյնիսկ հակառակորդ երկրի հետ սահման ենք բացում, մենք հումանիտար առումով խնդիրներ այլեւս չենք ստեղծում, մենք չունենք թշնամական վերաբերմունք:

Եւ այդ փաստարկները, որ Թուրքիան կը բերի, Եւրոպայում չեն կարող անարձագանք անցնել, այսինքն քաղաքական առաւելութիւնները, որ Թուրքիան կը շահի, իմ կարծիքով, առնուազն այսօր շատ աւելի ծանրակշիռ է, քան այն հեռանկարային տնտեսական առաւելութիւնները, որ կը շահի Հայաստանը:
Ուրեմն, երբ մենք այս երկուսը դնում ենք նժարի վրայ, էլի կողմնակից լինելով սահմանը բացելուն, մենք առնուազն ասում ենք՝ սահման բացելը մեզ վրայ քաղաքական գնով մի ծախէք: Ուզում էք բացե՞լ, բացէք, բայց դրա դիմաց մեզանից մի պահանջէք այնպիսի զիջումներ, որոնք մեզ քաղաքական առումով նսեմացնում եւ վտանգաւոր վիճակների մէջ են դնում:

– Նոյն տրամաբանութեամբ՝ եթէ Գիւլը գալիս է, թող գա՞յ:

– Գալիս է, թող գայ, այստեղ կարեւորը մեր յաղթանակն է ֆուտբոլային խաղում: Թող գայ, այստեղ ոչ մի խնդիր չենք տեսնում, բայց քաղաքակիրթ ձեւով մեր տեսակէտները, մեր մօտեցումները կարող ենք արտայայտել: Օրինակ, եթէ պարոն Գիւլը, ֆուտբոլի դաշտում որոշ պաստառներ տեսնի, նա չպէտք է դրանից տարակուսի եւ զարմանայ:

– Անցնենք ներքին մարտահրաւէրներն, որոնք եւս ձեր ուշադրութեան կենտրոնում են: Հիմա շատ է ասւում, որ Հայաստանի ներքաղաքական կեանքը վակուումի մէջ է, փակուղու:

– Այդպէս չի ի հարկէ: Վակուումն ու փակուղին տարբեր բաներ են: Ներքաղաքական կեանքը զարգանում է իր հունով: Միգուցէ հունը մի թեթեւ փոխուել է, որովհետեւ ընդդիմութեան աշխատանքային մեթոդաբանութիւնն է փոխուել եւ անընդհատ տակտիկական փոփոխութիւններ են արձանագրւում: Մենք իսկապէս երբեմն տարակուսում ենք, տեսնում ենք զարմանալի բաներ, որոնք իսկապէս մտածելու տեղիք են տալիս:

Տեսէք, նոյն Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը: Այդ յայտարարութեան խմբագրական տեսքի համար մենք պատասխանատուութիւն չենք կրում, ի վերջոյ պարզաբանումներ եղան: Սակայն, ո՞վ առաջինը հիստերիկաբար յարձակուեց այդ յայտարարութեան վրայ՝ Հհշ- ական լիդէրներն ու մամուլն, ի հարկէ: Այսինքն մարդիկ, որոնք կրում են ուղղակի պրոթուրքական գաղափարախօսու թիւն, որոնց մեր պատկերացումները հայոց ազգային պետականութեան շահերի մասին բոլորովին խորթ են: Սակայն նրանց առիթ էր պէտք եւ նրանք գրոհի անցան: Բայց սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ այս գրոհի մէջ ուղղակի երեւում է կեղծաւորութիւնը: Լաւ, ես կամ Դուք եւ կամ մեր հասարակութեան որեւէ ներկայացուցիչ, ինչու սրանից յետոյ իրաւունք չպիտի ունենայ մտածելու, որ կայ քօղարկուած կեղծաւորութիւն, այլ յայտարարութիւնների մէջ, օրինակ՝ քաղաքական ազատութիւննրի, մարդու իրաւունքների վերաբերեալ: Այդ նոյն մարդիկ չէի՞ն, որ ոտնահարում եւ ոտնակոխում էին քաղաքացու իրաւունքները 90-ական թուականներին: Փոխուե՞լ են: Դատելով միւս յայտարարութիւնների կեղծաւորու թիւնից, ես կարծում եմ, որ այս հարցում էլ չեն փոխուել: Նրանց չի հետաքրքրում ոչ քաղաքացիական հասարակութիւնը, ոչ մարդու իրաւունքները: Եւ հէնց այստեղ է պատասխանը. մենք ունենք մեծ, բաւականին ստուար, դժգոհ ժողովրդի մի զանգուած: Ժողովրդի կէսն իր դժգոհութիւնն արտայայտեց ընտրութիւնների ժամանակ: Սակայն պէտք է իմաստուն լինել եւ դժգոհներին բաժանել երկու անհաւասար խմբի. օբյեկտիւ դժգոհների որոնք արդարացիօրէն դժգոհում են իրենց սոցիալական վիճակից, աշխատավարձից, ոստիկանի պահուածքից, դատաւորի անարդար վերաբերմունքից, իրենց ճնշող մթնոլորտից: Հասկանալի է, որ նրանք դժգոհ լինելու իրաւունքն ունեն, հետեւաբար նրանց դժգոհութիւնն օբյեկտիւ է: Այդ մասին խօսում է նախագահը, այդ մասին խօսում է վարչապետը, այդ ուղղութեամբ կառավարութիւնն այսօր աշխատանք է տանում: Բաւարար կամ ոչ բաւարար, դանդաղ կամ արագ, ժամանակը ցոյց կը տայ: Արդիւնքները մինչեւ տարեվերջ պիտի երեւան: Նախագահի հարիւր օրն էլ դեռ չի լրացել, դրա համար վաղ է այդ մասին խօսել: Սակայն, կայ նաեւ դժգոհների մէկ այլ հատուած, որոնց դժգոհութիւնը սուբյեկտիւ բնոյթ է կրում:

– Այսինքն, անձնաւորուա՞ծ են:

– Այո: Օրինակ՝ ՀՀՇ խմբաւորումն իր արբանեակներով, որն իրեն կարող է տարբեր անուններ տալ, տարբեր երեսներով հանդէս գալ, նոր մարդկանց ներգրաւել, ի վերջոյ սակայն կորիզը մնում է նոյնը:Այս մարդկանց դժգոհութիւնը սուբյեկտիւ է, նրանք կորցրել են իշխանութիւնը, պաշտօնները եւ ուզում են այդ իշխանութիւնը վերադարձնել ամէն գնով, նոյնիսկ Հայաստանի նսեմացման, Հայաստանը միջազգային բեմերում վարկաբեկելու միջոցով:
Հասկանալի է, եթէ առաջին խմբի, օբյեկտիւ դժգոհների դժգոհութիւնը կարելի է մարել, պահանջները բաւարարել հակակոռուպցիոն պայքարով, բարեփոխումներով, արդարութեան հաստատումով, ապա երկրորդ խմբի դժգոհութիւնը բաւարարել հնարաւոր չի: Եթէ նրանք իշխանութեան չգան, բաւարարուած չեն լինի:Սա պէտք է լինի մեր իշխանութեան ամենակարեւոր ելակէտը: Մենք պէտք է գործ ունենանք նրանց հետ ում դժգոհութիւնը արդար է եւ ում դժգոհութիւնը հնարաւոր է եւ պէտք է բաւարարել: Դա մեր պարտքն է:

– Պարոն Յովհաննիսեան, քիչ առաջ Դուք նշեցիք, որ առիթ տրուեց եւ յարձակում տեղի ունեցաւ, արհեստական յարձակում: Արդեօք չափից աւելի շատ չե՞ն իշխանութիւնները առիթ տալիս նման յարձակումների համար:

– Հիմա իրականութիւնն այն է, որ ինչ էլ իշխանութիւնն անի, այդ առիթը կը գտնեն: Այդ առիթը կարող է լինել իսկապէս արդար, որոշ պաշտօնեանէը մէկ-մէկ յայտարարութիւններ են անում, որ շուարում ես. ի՞նչ է նշանակում՝ դատապարտելի համարել մարդկանց հոգեվիճակի կամ նրանց մասսայական հիպնոսի ենթարկելը: Կարելի՞ է արդեօք դա դիտել որպէս մեղադրանքի պատճառ ու հիմք: Ես կարծում եմ, որ սա միջազգային պրակտիկայում արտառոց դէպք է, որովհետեւ նախ դա հնարաւոր չի քննչականն մեթոդներով ապացուցել, վերջապէս ցանկացած մարդ հոգեբանական միջոցներով կարող է ազդել միւսի վրայ, միթէ՞ սա դատապարտելի է: Քարզչութիւնը դատապարտելի լինել չի կարող: Երբեմն այս տեսակի բաներ սպրդում են: Մենք ինքներս էլ համարում ենք, որ չի կարելի արհեստականօրէն ձգել որոշ պրոցեսներ, պէտք է հնարաւորիս արագացնել: Եթէ նման առիթների վերաբերեալ մէկը խօսի, դա կարելի է հասկանալ, իսկ միւս կողմից՝ ու՞ր է անկեղծութիւնը: Այն բոլոր խնդիրները կամ դրանց զգալի մասը, որոնք այսօր մատնանշում են ռադիկալ ընդդիմութեան ներկայացուցիչները, Դաշնակցութիւնն այդ ամէնն անում է 18 տարի:

– Եւ Ձեզ կրկին մեղադրում են:

– Երբ մենք պայքար էինք մղում յոռի երեւոյթների դէմ, ինչու՞ այդ նոյն մարդիկ չեկան, չկանգնեցին մեր կողքին, ուրեմն նրանք անկեղծ չեն:Նշանակում է նրանց ոչ թէ այդ խնդիրներն են հետքրքրում, այլ նրանց օրակարգն ուրիշ է: Ինչու՞ պիտի մենք այդ օրակարգին նպաստենք կամ մաս կազմենք: Ես դա չեմ հասկանում:

– Պարոն Յովհաննիսեան, եթէ ընդդիմութիւնը ռադիկալ է, նշանակու՞մ է, որ իշխանութիւնն էլ է ռադիկալ:

– Ոչ: Ընդդիմութեան մէջ, բոլորին նոյն կաթսայի մէջ պէտք չի տեսնել, ի հարկէ, բայց ռադիակալ ընդդիմութեան մէջ կան մարդիկ, ովքեր ուղղորդւում են՝ որքան վատ, այնքան լաւ սկզբունքով: Եւ բնական է, որ պիտի փորձեն դրդել իշխանութեանը սխալ քայլերի, անհամ վիճակների մատնել: Այսինքն չափից դուրս ագրեսիւութիւն դրսեւորել, որպէսզի համարժէք պատասխանը իշխանութիւնից ստանալով, հնարաւորութիւն ստանան էլ աւելի զարգացնել լաչառութիւնը: Որովհետեւ նոյն միջազգային ատեանները, քաղաքագէտները, պարզ քաղաքացին այս հակադրութեան մէջ տրամադրուած չէ զոհի դերում տեսնել իշխանութեանը: Զոհի կերպարն իր վրայ առյաւէտ վերցրել է ընդդիմութիւնը: Այդպէս է ամէն տեղ: Եւ երբ նա փորձում է իշխանութեանը ներքաշել ուժային հակադրութեան մէջ, կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել, իշխանութիւնը դրանից միայն կորցնում է: Իշխանութիւնն ի հարկէ պէտք է զգուշ լինի, խոհեմ, բայց նաեւ վճռական, որովհետեւ կայ մի սահման, որից այն կողմ խախտւում է օրէնքը: Սա իշխանութիւնը երբեք թոյլ չպէտք է տայ:

– Փաստօրէն իսկապէս հետաքրքիր եւ բարդ իրավիճակ է՝ իշխանութիւնների հետ նախապայմաններով փորձում են խօսել մեր հարեւանները, նախապայմաններով փորձում է խօսել ընդդիմութիւնը, գուցէ այստեղ միակ ելքը արդիւնաւէտ բարեփոխումնե՞րն են:

– Արդիւնաւէտ բարեփոխումներն են, որովհետեւ ինչպէս յայտնի է մեր հիմնական պոտենցիալը հէնց մեր ժողովուրդն է եւ մեր ժողովրդի արդարութեան զգացումը: Մեզ համար սա ամենացաւոտն է, երբ ժողովուրդը տեսնում է, որ երկրում սկսւում է հատատուել արդարութիւն, բնականաբար ռադիկալ, ծայրահեղական ընդդիմադիրների ոտքի տակից գետինը փախչում է:

– Պէ՞տք է քաղաքական դաշտը ձեւափոխուի, ի վերջոյ:

– Այո, բայց հիմա ստեղծուած իրավիճակը դրան չի նպաստում: Յաճախ ասում են, արդար է արդեօք, որ այս ընդդիմադիր զանգուածները( որքան են նրանք) ոչ-ոք չի հաշուել, ընդամէնը մի քանի հոգով են ներկայացուած Ազգային Ժողովում: Ու՞մ մեղքն է: Ազգային ժողովի ընտրութիւնների ժամանակ, երբ տոկոս-տոկոս գումարում ես ընդդիմադիր տարբեր խմբակները, կուսակցութիւնները, տեսնում ես, որքա՞ն ձայն են բերել՝ մէկ, մէկուկէս, երկու տոկոս, երկուսուկէս: Երբ գումարում ես այդ տոկոսները, ստացւում է մօտ երեսուն տոկոս: Այսօր ընդդիմադիրները խորհրդարանում հզօր, պատկառելի ֆրակցիայ կ’ունենային: Բայց դրա համար պէտք էր յետ կանգնել յաւակնութիւններից, դրա համար պէտք էր կարողանալ միաւորուել, ընդհանուր պլատֆորմ գտնել, չկարողացան, չարեցին: Հիմա ո՞վ է մեղաւոր, որ նրանց համակրած ժողովուրդը մնաց առանց ներկայացուցչութեան Ազգային Ժողովում:

– Մնում է սպասել արդիւնաւէտ բարեփոխումների՞:

– Մնում է սպասել, բայց ոչ թէ սպասել ձեռքերը ծալած նստելով, այլ ակտիւ մասնակցել այդ աշխատանքներին

Տպել Տպել