Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է իր շեշտադրումները բերել օրակարագ

Աղվան Վարդանյանը` Բաքվում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների մասին

10487374_10152113566811386_5212398742571093392_nԱյսօր Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի առաջին օրն էր: Մշտական հանձնաժողովի նիստը տեղի ունեցավ առավոտյան, ելույթ են ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը Ռանկո Կրիվոկապիչը և գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը:

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով հայկական պատվիրակության կազմում գտնվում է Բաքվում:
աղվան-300x168
Աղվան Վարդանյանը նշեց, որ մշտական հանձնաժողովի նիստին, հարց ու պատասխանի ժամանակ, պատվիրակությունների ղեկավարները հարցեր տալու հնարավորություն են ունեցել: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովան հարց ուղղեց, արդյո՞ք չի պատրաստվում ԵԱՀԿ ԽՎ-ն ավելի ակտիվ ներգրավվել Անդրկովկասի խնդիրներին` հիշեցնելով Ուկրաինայի վերջին իրադարձությունները : «Կար լրացուցիչ արձանագրության խնդիր Ուկրաինայի հարցի վերաբերյալ, որը պետք է ներառեր Ռուսաստանի քայլերը Ուկրաինայի հանդեպ , այն պետք է քվեարկության մտներ ԽՎ օրակարգ, և բուռն քննարկումներ տեղի ունեցան: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը առաջարկեց ընդլայնել հարցերի օրակարգը, որպեսզի նրանում ընդգրկվի ոչ միայն Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ խնդիրը, այլ բոլոր հակամարտությունների վերաբերյալ հարցերը: Հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ձայն խնդրեց և անդրադարձավ այն հարցին, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը միայն տարածքների ամբողջականության մասին չի խոսում, այլ խոսում է նաև ժողովուրդների ինքնորոշման մասին: Բավական բուռն քննարկումներ եղան` այդ հարցը օրակարգ մտնի, թե ոչ: Ի վերջո, քվեարկությամբ այդ հարցը ևս ընդգրկվեց օրակարգում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա հավելեց, որ այօր օրվա երկրորդ կեսին կլինի ԵԱՀԿ ԽՎ հանդիսավոր բացումը, ելույթ կունենա նաև Ադրբեջանի նախագահը, և վաղը աշխատանքները կշարունակվեն երեք տարբեր հանձնաժողովներում` քաղաքականության և անվտանգության հարցերի, տնտեսական տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հարցերի , ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեներում, որտեղ կան զեկույցներ և եզրափակիչ արձանագրություններ, որոնց վերաբերյալ առաջարկություններ կլինեն: «Քանի որ Ադրբեջանում է տեղի ունենում վեհաժողովը, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձելու է իր շեշտադրումները և առաջարկությունները բերել օրակարգ, և բնական է, որ ակտիվ աշխատում են նաև մյուս պատվիրակությունների հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել