Այսօր հասարակության շահը ստորադասվում է մենաշնորհ ունեցող ընկերություններին

armenԱյսօր ԱԺ-ում, երբ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ստեղծված վիճակը վերլուծեց քաղաքական տեսանկյունից:

Այսօր, երբ երկրում առաջանում են սոցիալական հնչեղության սուր հարցեր, դրանք ցույց են տալիս համակարգի ողջ սնանկությունը, և ականատեսն ենք լինում փլուզվող տնտեսության:

Ըստ Արմեն Ռուստամյանի, բնականաբար իշխանությունները այսօր կարիք ունեն ֆինանսական միջոցների, և այդ միջոցները հայհայթելու երկու աղբյուր ունի`ժողովրդից կորզել, ինչ հնարավոր է, որն էլ իր հերթին հանգեցրել է աղքատության 70-5-80 տոկոսի, և երկրորդ աղբյուրը` դրսից պարտքեր վերցնել, ինչի հետևանքով էլ 4 անգամ մեծացել է Հայաստանի արտաքին պարտքը: Ունենք էներգետիկ համակարգ, որը պետք է տնտեսության շարժիչ ուժը հանդիսանար, բայց այդ համակարգը իր այդ դերը կորցնում է: «Ժամանակին էներգիայի արտահանող ենք եղել, և հիմա սա էլ է հարվածի տակ: Սրանից բխելու են լուրջ հետևանքներ տնտեսության համար, այսինքն լուրջ խնդիր կա, ուստի տնտեսությունը պետք է փրկել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` քառյակի փաստարկները, որոնք ներկայացվեցին երեկ ՀԾԿՀ նիստի ժամանակ, այնքան հիմնավոր էին, որ պետք էր հետաձգել որոշման կայացումը, բայց չհետաձգեցին, որովհետև վերևից պատվեր կար: Այդ հանձնաժողովը պատվերից դուրս կգա և կդառնա անկախ, եթե իսկապես այդ անկախությունը ապահովվի, ահա ինչու ընդդիմությունը պահանջում է, որ դա տրվի ընդդիմությանը: «Այդ դեպքում ընդդիմությունը այնպիսի առաջարկություններ կներկայացնի, որոնք բխում են հասարակության շահերից և կախված չի լինի իշխանություններից, կկարողանա հակադևվել կենտրոնական իշխանություններին: Մենք լուրջ խնդիր ունենք քաղաքական համակարգը առողջացնելու ու փոխելու, հակառակ պարագայում ականատեսն ենք լինելու հասարակության շահի կոպտագույն խախտումների»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ պատգամավորի, ՀԾԿՀ-ն ըստ էության իր դերի մեջ չի և չի կատարում օրենքով ու Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները, որովհետև 31-1 հոդվածը սպառողների շահերի մասին հստակ ասում է, ինչ է պետք անել, 33-1 հոդվածը հստակ ասում է, թե ինչպես պետք է գործի մենաշնորհային դիրք ունենալու պարագայում:

Արմեն Ռուստամյանի խոսքով` օրենքը շատ հստակ սահմանում է, որ հանձնաժողովի գործունեության նպատակը պետք է լինի ապահովել հավասարակշռություն սպառողների և տնտեսվարող սուբյեկտների միջև, բայց նման գործառույթ մինչ հիմա ոչ ոք չի տեսել:

Ընդհակառակը, միշտ սպառողի շահը ստորադասվել է մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտների շահերին: հետևաբար, լուրջ բաց կա, որը պետք է կարգավորել:

«Մեր կարծիքով հիմք կա դիմել ՍԴ օրենքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Օրենքը պետք է հստակ սահմանի, որ պետք է գերակա համարվի հասարակության շահը, այդ գերակայությունը օրենքով լիարժեքորեն սահմանված չէ: Երբ պետք է լինում մարդկանց տները քանդեն ու ինչ-որ կառույցներ կառուցեն, այդ գերակա շահն աշխատում է, բայց երբ որ պետք է իսկապես հասարակության գերակա շահը գործի բոլոր հիմնարար պրոցեսների մեջ, անտեսվում է այն, իսկ մարմինը, որը կոչված է այն ապահովել, չի կատարում իր գործառույթները»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել