Իրաքը՝ 1990-ականների Աֆղանստանի հետքերով

ալիքՄինչ Իրաքին սպառնում է պետականութեան կազմաքանդումը, երկրի տարածքային ամբողջականութեան մասնատումն ու քաղաքացիական՝ միջդաւանանքային եւ միջհամայնքային հակամարտութիւնը, երէկ մեկնարկած նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստն անաւարտ է մնացել պատգամաւորների միջեւ ծագած սուր վէճի եւ անհամաձայնութեան արդիւնքում:
Այն յետաձգւել է մէկ շաբաթով, սակայն չի թւում թէ ժամանակաւոր «թայմ աութ»-ը կարող է ինչ-որ էական բեկում մտցնել ստեղծւած փակուղային-ճգնաժամային իրադրութեան մէջ: Չկայ որեւէ նախադրեալ, որը կը վկայի այն մասին, թէ Իրաքի քաղաքական հոսանքներն ու անհատ գործիչները կարող են վեր կանգնել նեղ-համայնքային շահերից՝ նախապատւութիւնը տալով կայունութեան վերահաստատմանն ու երկրի միասնականութեան պահպանմանը:
Դեռ աւելին՝ նրանց մօտ ակներ եւ է անորոշութիւն՝ կապւած անգամ այն հարցերի հետ, որոնք անմիջականօրէն վերաբերւում են երկրի ղեկավարման համակարգում իւրաքանչիւր համայնքին յատկացւած տեղին ու դիրքին:

Շիաներին չի յաջողւում յստակեցնել վարչապետի թեկնածուին: Սուննիները չեն կարողանում ընդհանուր յայտարարի գալ խորհրդարանի խօսնակի պաշտօնի կապակցութեամբ: Անորոշ է, թէ արդեօք քրդերը կը ներկայացնե՞ն երկրի նախագահի պաշտօնի համար իրենց թեկնածուին, թէ՞ ոչ:
Փաստօրէն, հէնց սկզբից, ի դերեւ են դարձել խորհրդարանի միջոցով պետականութեան փլուզումը կանխելու յոյսերը:

Եթէ հաշւի առնենք այն փաստը, որ Իրաքի երեք համայնքների՝ շիաների, սուննիների եւ քրդերի անմիջական շահերի համադրումն ու միատեղումը գրեթէ անհնար է դարձել, ապա պէտք է խոստովանել, որ նման պայմաններում բացառւած է խորհրդարանական ձեւաչափով քաղաքական կոնսենսուսի կայացումը:

Մանաւանդ որ՝ ստեղծւած ճգնաժամային իրադրութիւնից փորձում են «կատարեալ յաղթանակած» դուրս գալ բոլորը, մասնաւորաբար՝ քրդերն ու սուննիները:

Իրաքի քրդական ինքնավարութիւնում արդէն բացէիբաց խօսում են առաջիկայ ամիսներում անկախութեան հանրաքւէ անցկացնելու հնարաւորութեան մասին: Այս մասին յայտարարել է ինքնավարութեան ղեկավար Մասուդ Բարզանին, «BBC»-ի լրագրողի հետ զրոյցում:

«Այն, ինչ-որ տեղի է ունենում այսօր Իրաքում, վկայում է այն մասին, որ Քուրդստանն ունի իրաւական ու բարոյական բոլոր իրաւունքները՝ յայտարարելու իր անկախութիւնը: Այսուհետեւ սա է լինելու մեր նպատակը»,- ասել է Բարզանին:

Եթէ հաշւի առնենք այն իրողութիւնը, որ Բաղդադն արդէն գրեթէ ամբողջովին կորցրել է վերահսկողութիւնը՝ երկրի սուննիաբնակ արեւմտեան եւ հիւսիս-արեւմտեան շրջանների վրայ, ապա կարելի է առանց վարանելու բարձրաձայնել Իրաքի որպէս միասնական պետականութեան կազմաքանդման մասին:

Սա առաջին հերթին գերազանցապէս գիտակցել են քրդերը՝ փորձելով հնարաւոր առաւելագոյնը քաղել ստեղծւած իրավիճակից: Իրաքի կազմաքանդման իրականութեան հետ կարծես թէ աստիճանաբար համակերպւում են բոլորը, եւ առնւազն այս պահին, դրանում քրդերին ոչ ոք չի մեղադրում:

Ստեղծւած իրադրութիւնն անհամեմատելի է այն ժամանակների հետ, երբ Իրաքում փլուզւեց Սադդամ Հուսէյնի բռնապետութիւնը: Անցեալ 10 տարիների ընթացքում քրդական աւտոնոմիայի գոյութեան փաստն ընդունել է անգամ Թուրքիան:

Ողջ այս տարիների ընթացքում Անկարան փորձել է միջոցներ ձեռք առնել, որպէսզի հնարաւոր նւազագոյնի հասցնի Իրաքի քրդական ինքնավարութեան անկախութեան դէպքում, իր ազգային անվտանգութեան շահերին հասցւող անմիջական վնասի չափերը: Այդ իսկ պատճառով՝ Էրբիլի հետ ձեւաւորել է իւրայատուկ յարաբերութիւններ, որոնք հիմնականում հէնքաւորւած են փոխադարձ տնտեսական-քաղաքական գերիրատեսական շահերի վրայ:

Փոխարէնը՝ Իրաքի քրդական ինքնավարութիւնը Անկախ Քուրդստանի սահմաններն ընդլայնելու նպատակով՝ որպէս անմիջական թիրախ ընտրել է ոչ թէ Թուրքիայի, այլ Սիրիայի քրդաբնակ տարածքները:

Ինչ որ է, առաջին հայեացքից դժւար, բայց լուծելի թւացող այս հաւասարութիւնն իր յետեւից բերելու է բազմաթիւ բարդութիւններ, որոնց դիմաց Իրաքի կազմաքանդումը թւալու է մեղմ ասած «խաղ ու պար»: Այս մասին երկու կարծիք լինել չի կարող:

Չմոռանանք, որ Իրաքի հաւանական՝ վերջնական կազմաքանդումից յետոյ, վրայ է հասնելու աւարը բաժանելու առաւել բարդ փուլը, որն անխուսափելիօրէն անզիջում պայքարի մէջ է ներքաշելու առաջին հերթին այս օրերին Իրաքի կազմաքանդման համար դաշնակիցներ դարձած քրդերին ու սուննիներին:

Նման հակամարտութեան մեկնարկը փաստացի արդէն տրւած է, իսկ թեման Քերքուքն է՝ Իրաքի նաւթարդիւնաբերութեան կենտրոնը:

Եւ վերջում, որպէս յիշեցում. մտաբերենք 1990-ականների Աֆղանստանը, եւ ապագայ սպասւող մղձաւանջը իրականութիւն կը դառնայ հէնց այսօր: Այն օրերին մինչ Քաբուլը գրաւած մուջահեդները ներքաշւել էին այսպէս կոչւած աւարակռւում, վրայ հասած թալիբները գրաւեցին ամէն ինչ:

Այսօրւայ Իրաքը շատ է նման 90-ականների Աֆղանստանին: Աւարակռւի մեկնարկը տրւած է, իսկ դարանակալած, կազմ-պատրաստ «ԴԱԷՇ»-ն հաստատապէս ձեռքից բաց չի թողնելու ընձեռւած բացառիկ առիթը: Մնացածը, ինչպէս ընդունւած է ասել՝ No Comment …

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

Տպել Տպել