Կրկին կդիմեն Սահմանադրական դատարան

Կուտակայինի օրենքի ընդունումն այս անգամ ավելի կոպիտ խախտումներով է եղել

արծվիկԿառավարության սահմանած օրակարգով հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում խորհրդարանի կանոնակագրի բազմաթիվ խախտումներով ընդունվեցին կառավարության ներկայացրած՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություները եւ լրացումները։

Խորհրդարանական ընդդիմությունն այդ օրը լքեց խորհրդարանի դահլիճը, սակայն չի պատրաստվում, ինչպես ասում են՝ զենքը վայր դնել։

Նորից դիմելու են Սահմանադրական դատարան։ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով, ցավալի է, բայց փաստ, որ կառավարությունը չանսաց ոչ միայն ընդդիմության հորդորներին, այլեւ չկատարեց Սահմանադրական դատարանի որոշումը։ Եւ հենց սա է ստիպում երկրորդ անգամ իրականացնել նույն կարգով բողոքարկման ընթացակարգ։ «Այս դեպքում հույսը հիմնվում է այն համոզման վրա, որ ի տարբերություն նախորդ՝ 2010 թվականի ընդունված օրենքի, ավելի խոշոր խախտում է տեղի ունեցել օրենքի ընդունման ընթացակարգերի հետ կապված։ Այնպես են խախտվել ընթացակարգերը, որ սա կարելի է ասել այսպես՝ ինչ- որ մեկը որոշել է, որ հետասյու այսպես է լինելու եւ վերջ։ Անտեսելով եւ ոչնչացնելով Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր մարմինը, հանրային կարծիքը` օրենք են
ընդունել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը տեղեկացրեց, որ մի քանի նախադեպեր կան, երբ ընթացակարգերի խախտմամբ ընդունված օրենքները Սահմանադրական դատարանի կողմից կասեցվել են։ Արծվիկ Մինասյանը մատնանշեց հուլիսի 1-ից գործողության մեջ մտած օրենքի մի շարք թերություններ։ Նախ, ինչպես բազմիցս նշվել է, չի վերացել կուտակայինի պարտադիր պահանջը, եւ ընդամենը ձեւական շղարշ են ստեղծել, թե իբր կատարվել է Սահմանադրական դատարանի որոշումը։

Պատգամավորը փաստում է՝ ավելի է խորացել խտրականությունը՝ ոչ միայն տարիքային, այլ նաեւ ոլորտային առումով։ «Ստացվում է, որ հանրային ծառայության մեջ ներգրածված մարդիկ միանշանակ ենթարվում են պարտադիր մուծումներին, իսկ մասնավոր հատվածն այսօր գլուխկոտրուկի առջեւ են կանգնած, թե ի՞նչ է կատարվում»,- ասաց նա։

Մինչ Սահմանադրական դատարան դիմելը խորհրդարանական ընդդիմությունը պատշաճության համար դիմելու է նաեւ խորհրդարանի ղեկավարությանը, որպեսզի կամավոր քայլեր ձեռնարկեն՝ իրենց սխալն ուղղելու համար։ «Մենք ավելի քաղաքակիրթ եւ պատշաճորենք ենք վարվում քաղաքական մեծամասնության եւ նրա ցուցաբերած վարքագծի հետ, քան թե իրենք են վարվում մի ողջ ժողովրդի եւ քաղաքական փոքրամասնության հետ»,- ասաց Մինասյանը։ Պատգամավորը հավելեց, որ քառյակի եւ «ԴԵՄ եմ պարտադիրին» շարժման հետեւողական պայքարը կբերի նաեւ նրան, որ քրեական պատասխանատվություն կարող են սահմանել իրավաբանական ուժ չունեցող ակտը կիրառողների վրա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար այս դեպքում անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն։

yerkirmedia.am

Տպել Տպել