Պետք է թանկ գնահատել սեփական կենսագրությունը

«Հրապարակ» օրաթերթի հարցին պատասխանում է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

լիլիթ– Ինչպիսի՞ն պետք է լինի պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը։

– Նախ պետք է բարոյական լինի, բարոյականությունն ամեն ինչ է ասում, հետո պետք է պրոֆեսիոնալ լինի եւ լինի հայ։ Մարդը պետք է թանկ գնահատի իր կենսագրությունը, իր ստորագրությունը, իր հետագիծը, որովհետեւ քարեր նետելու եւ հավաքելու ժամանակները միշտ կան։ Ցավոք սրտի, այս վերջին շրջանում մենք շատ քիչ պաշտոնյաներ ունենք, որոնց հասցեին ասելու վատ բան չունենք։ Եթե մենք ուրիշ արժեքների մեջ լինեինք, ես կասեի պրոֆեսիոնալ, բայց նախ ես սահմանում եմ բարոյականը, որովհետեւ այսօր Հայաստանում ընդհանուր բարոյականության ճգնաժամ ունենք, իշխանության ճգնաժամի մեջ ամենամեծ չափաբաժինը բարոյականությանն է վերաբերում՝ չգողանալու, չթալանելու, չգռփելու, անկշտությամբ չտառապելու, ազգային շահը տեսնելու, անկեղծ լինելու։ Ոչ մի նոր բան չեմ կարող ասել, քան արդեն ասել են մեր մեծերը՝ Խորենացուց մինչեւ Թումանյան. այսօր Հայաստանն այնպիսի վիճակներ է ապրում, որ լռությունը դավաճանություն է։ Բոլորս գիտենք, որ մենք երկու իրականության մեջ ենք ապրում՝ թղթի, լոզունգների իրականություն եւ իրական իրականություն, որտեղ բոլորս գիտենք, որ այս պաշտոնյան իր աշխատավարձով երբեք չէր կարող նույնիսկ մի լավ կոստյում հագնել, բայց իր եւ իր նմանների դղյակների ծավալները Թաջ Մահալի ծավալներին չեն զիջում։

Չեմ ուզում բանակին անդրադառնալ՝ ասելով, թե ում որդիներն են ծառայում, ումը՝ ոչ։ Չի կարելի խոսել հայրենասիրությունից, բանակից ու անվտանգությունից, երբ դու ազգային բանակում միայն տոնական օրերին ի պաշտոնե ես լինում եւ, կամուֆլյաժը հագնելով, կարծում ես հայրենասիրությո՞ւն է։ Այդ ամենը մտնում է բարոյականության չափանիշների մեջ, որը մեր ժամանակներից մի տեսակ խռոված է։ Չի կարելի դաս տալ նրանց, ովքեր կույր են մտքով եւ աչքով։ Ունենք այն, ինչ ունենք, եւ պետք է կարողանանք մեղավորությունը նաեւ մեր մեջ տեսնել։ Բոլորը գիտեն, թե ովքեր են եւ ինչպես են հայտնվում իշխանության մեջ՝ վերից վար։ Հիմա վստահության դեֆիցիտ կա, որ ամենամեծ դեֆիցիտն է Հայաստանում, որ մեկ-երկու ազնիվ, առաքինի պատգամավոր կամ պաշտոնյա են հանդիպում, շատերը դժվարանում են հավատալ, որ հնարավոր է այդպես լինի։ Անշուշտ, այդ նույն սանրով չեմ սանրի խորհրդարանի 131 պատգամավորներին, քանի որ այնտեղ հրաշալի մարդիկ եմ ճանաչում, ովքեր եւ բարոյական են, եւ իմացյալ են, եւ հայ են։ Բայց այնքան են ցորենն ու որոմը խառնվել, եւ այնքան ենք մեր հավատի մեջ կռապաշտ դարձել, որ չենք հավատում, եւ դա լուրջ խնդիր է, ու ամենօրյա ծանր հետեւանքներ ունի Հայաստանի համար չհավատալով ապրելը։

Այսօր ոչ բարոյական չափանիշներով ապրելու իրականությունն է։ Մարդիկ են խոսում կոռուպցիայից, որոնք մինչեւ ականջները խրված են դրա մեջ, ազատ ընտրություններից, որոնք գիտենք, թե ինչպես են հայտնվում իշխանության այս կամ այն օղակում, մարդու իրավունքներից, որոնք բռի, պատրիարխալ արժեքների մեջ են, էլ չեմ խոսում անպատժելիության, գողականության մասին, որոնք դառել են մեր անբաժան ուղեկիցը։ Այդ արժեքներով էլ գլորվում ենք։ Մեր պաշտոնյաներին տեսեք մեր այսօրվա արժեքների դեգրադացիայի մեջ։ Մեր պաշտոնյաները չեն գիտակցում, թե որտեղից են գալիս, մեր արմատի հզորությունը չգիտեն, մեզ դատում են մեր տերեւներով։ Մեզ այսօր հիշողության կորուստն է պատել, եւ պատասխանատվության բեռը չկա։ Մեր հավաքական երթն ամեն մեկիս մի բաժակ ջրով է գոյանում, բայց այսօր մեծ մասը մտածում է, թե մեր այս նվազող գետից ինչպես գողանա իր մի բաժակ ջուրը։ Այնինչ մենք պետք է մեր արմատը ջրելու մասին մտածենք. ինձ համար դա է պաշտոնյան, գործիչը։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

hraparak.am
12/07/2014

Տպել Տպել