Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաին


Մեծարգո Պրն. Վարչապետ,

Երևանի ճարտարապետական նկարագրի ու քաղաքաշինական խեղումների շուրջ մտահոգություններս բազմաթիվ առիթներով եմ արտահայտել, փաստել նաև, որ կիսում եք անհանգստությունս:

Դեռևս 2008¬ին Երևանի քաղաքաշինական ու բնապահպանական խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ կազմակերպեցինք: Թվում էր, թե համակողմանի քննարկումը կնպաստի քաղաքաշինական այնպիսի հայեցակարգի որդեգրմանը, որի արժեքային ուղենիշները ուղղված կլինեն երևանցուն և առհասարակ հասարկությանը: Ցավոք եզրակացություններն ու վերլուծությունները անպտուղ ու անհետևանք մնացին:
Երևանի չկանոնակարգված, կետային կառուցապատումը շարունակվում է, նույնն է թե շարունակվում է Երևանի բետոնապատումն ու հանրային զբոսայգիների ոչնչացումը: Քաղաքաշինության նախարարությունն էլ շարունակում է իր անդեմ կեցվածքը` անկարող լինելով անգամ բացահայտ ապօրինի մի կցակառույց ապամոնտաժել:

Ինչպես նախկինում, այսօր էլ Երևանը նախևառաջ դիտվում է որպես բիզնես տարածք, ուր յուրաքանչյուր ազատ քառակուսին վերածվում է շինհրապարակի: Շահարկելով Թամանյանի անունը` շարունակում են այլանդակել նրա քաղաքը: Օրինակները ցցուն են.

1.Օրը ցերեկով խոշտանգվեց Ուսանողական այգին: Հուսահատված երևանցիներն ու նրա մտավորական տարրն անկարող էին պայքարել նրա փրկության համար: Մի կողմից իբրև թե Վ. Համբարձումյանի 100 ամյակն ենք նշում, նախագահը հուշարձանի բացում է կատարում, գիտելիքահեն ու մրցունակ Հայկական աշխարհ ենք կառուցում, 2012 թ Երևանը հայտարարում ենք համաշխարհային գրքի մայրաքաղաք և Ազգային գրադարանից ընդամենը 4 մ հեռավորության վրա ոչնչացնում ենք ուսանողական զբոսայգին, կառուցվող երկու հսկայական ռեստորանների արանքում նվաստացնում Համբարձումյանի արձանն ու Թամանյանի հեղինակած աստղադիտարանը:

2.Գլխավոր պողոտայի սկզբնամասում, Բյուզանդ-Սարյան գերկառուցապատ միջավայրում, այգու տարածքում հողահատկացում է կատարվել առևտրի կենտրոնի ու ստորգետնյա ավտոկայանետեղի կառուցապատման համար:

3.Մի ցնցող քաղաքաշինական ծրագիր էլ վերջերս է բացահայտվել` Կոմիտասի այգում Դելֆինարիում է կառուցվում:
Այս երեք պրոյեկտներն էլ իրականացվում են կանաչ տարածքների, հանրային զբոսայգիների տարածքում:

Հարցեր և խնդիրներ.

•Ի՞նչ հիմնավորմամբ, ինչ առաջնահերթությամբ, ի±նչ էկոլոգիական փորձաքննության արդյունքում են կայացվել կառուցապատման տվյալ որոշումները:
•Ինչո՞ւ է խախտվել Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքը և վերոհիշյալ ծրագրերը հանրային քննարկումներ չեն անցել, ինչն օրենքի պահանջ է:
•Ռեստորանի, առևտրի կենտրոնի կամ Դելֆինարիումի կառուցման հասարակական պահանջը ո՞վ է ձևակերպել, ինչո՞ւ հենց այգու ու շատրվանների տեղում:
•Ինչո՞ւ ենք հենց գերծանրաբեռնված կենտրոնում շարունակում կառուցապատումը, լրացուցիչ տրանսպորտային բեռի հեռանկարով, երբ մայրաքաղաքի ծայրամասերը թերբեռնված են:
•Արդյո՞ք համապատասխանում է Ուսանողական այգու կառուցապատումը հաստատված շինարարկան թույլտվությանը:
•Որքանո՞վ է բարոյական, նաև ճարտարապետական էթիկայի առումով արդարացված Պանթեոնի հարևանությամբ Դելֆինարիումի կառուցումը:
•2008-ից գործում է ՀՀ գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, այդ թվում նրա ղեկավարությամբ քաղաքաշինական խորհուրդը: Վերոհիշյալ ծրագրերից ոչ մեկը, այդ թվում Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի հարցը չի քննարկել խորհրդի կողմից:
Արդյո՞ք բավարար հստակ են և սահմանված այդ ինստիտուտի (գլխավոր ճարտարապետի) գործառույթներն ու լիազորությունները, թե մայրաքաղաքը շարունակելու է քաղաքաշինական տեսչական հսկողությունից ու վերահսկողությունից, հանրային կարծիքից դուրս մնալ:
•Ինչո՞ւ շրջանառության մեջ չի դրվում «Քաղաքաշինական հսկողության և վերահսկողության մասին» կառավարության նախաձեռնած ՀՀ օրենքի նախագիծը, ինչի ընդունումն ու կիրարկումը թույլ կտա հնարավորինս վերահսկելի դարձնել մայրաքաղաքի քաղաքաշինական կամայականություններն ու պաշտպանված կենսամիջավայր ստեղծել նրա բնակիչնեպի համար:
Հարգելի Պրն. Վարչապետ,

Ակնկալում եմ նամակիս գրավոր պատասխան ստանալ, ինչպես նաև երեք կառույցների փաստաթղթային հիմնավորումները:

Կանխահայտ շնորհակալությամբ`
Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Տպել Տպել