Շարունակվում են քաղաքաշինական խեղումները


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգը Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում որպես հիմնարար արժեք ամրագրել է ներկա և գալիք սերունդների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումը «Քաղաքաշինության մասին» օրենքը ևս պետության, հասարակության եւ քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը դիտարկում է որպես կարևորագույն սկզբունք: Բայց սրանք սոսկ խոսքեր են, ինչպես առհասարակ, այս պարագայում ևս ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով սահմանված մեր իրավունքները ոտնահարվում են, կամ պարզապես արհամարհվում է հասարակության շահն ու կարծիքը:

Երևի շատերն են հիշում Երևանի քաղաքաշինական, կառուցապատման հայցեկարգին ու բնապահպանական խնդիրներին նվիրված 2008¬ի Խորհրդարանական լսումները: Եվ ինչ, իհարկե ոչինչ: Իշխանությունների հետ երկխոսությունը նման է չինական պատի հետ երկխոսության:

Այդպես էլ ոչ մեկը չպատժվեց, փաստեցինք, որ քաղաքաշինության նախարարությունը անկարող ու անդեմ մի կառույց է, որ չկարողացավ անգամ բացահայտ ապօրինի մի կցակառույց ապամոնտաժել: Իսկ Երևանի չկանոնակարգված, կետային կառուցապատումը շարունակվում է, նույնն է թե շարունակվում է Երևանի բետոնապատումն ու հանրային զբոսայգիների ոչնչացումը:

Իսկ Երևանի ներկա քաղաքապետը ընտրություններից առաջ շրջում էր բակեբակ ու համոզում, որ Երևանցին է քաղաքի տերը, ու դեռ բակերն էլ պիտի ազատվեն ապօրինի ավտոտնակներից: Իհարկե սա ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև երևանցին վաղուց իր քաղաքի տերը չէ և ինչպես նախորդի ժամանակ, այսօր էլ Երևանը նախևառաջ դիտվում է որպես բիզնես տարածք, ուր յուրաքանչյուր ազատ քառակուսին վերածվում է շինհրապարակի:

Իսկ հուսահատված երևանցիներն ու նրա մտավորական տարրն անկարող է պայքարել օրը ցերեկով խոշտանգվող Ուսանողական այգու փրկության համար: Մի կողմից իբրև թե Վ.Համբարձումյանի 100-ամյակն ենք նշում, նախագահը հուշարձանի բացում է կատարում, ՀՀ վարչապետը գիտելիքահեն ու մրցունակ Հայկական աշխարհ է կառուցում, 2012թ. Երևանը հայտարարում ենք համաշխարհային գրքի մայրաքաղաք և այս նույն իշխանությունը Ազգային գրադարանից ընդամենը 4 մ հեռավորության վրա ոչնչացնում է ուսանողական զբոսայգին, կառուցվող երկու հսկայական ռեստորանների արանքում նվաստացնում Համբարձումյանի արձանն ու Թամանյանի հեղինակած աստղադիտարանը:

Հայաստանը գրքի մայրաքաղաք հռչակող իշխանություններին հավանաբար չի էլ անհանգստացնում, որ գիրքը վաղուց է օտարվել գրախանութից ու զուգարանաբույր ստորգետնա անցումներում է վաճառվում:

Իսկ քաղաքային իշխանությունները շահարկելով Թամանյանի անունը շարունակում են այլանդակել նրա քաղաքը: Վերջերս տարածվեց կանաչ գոտու կամ զբոսայգու ոչնչացման հերթական լուրը: Օղակաձև զբոսայգու սկզբնամասում Բյուզանդ-Սարյան գերկառուցապատ միջավայրում, այգու տարածքում հողահատկացում է կատարվել առևտրի կենտրոնի ու ստորգետնյա ավտոկայանետեղի կառուցապատման համար: Ուր մնացին այս ծրագրերի հանրային քննարկումները, ինչը օրենքի պահանջ է, ով է ձեզ առևտրի կենտրոնի կառուցման հասարակական պահանջը տվել, ինչու հենց այգու ու շատրվանների տեղում: Ով չգիտե, որ պատահական մարդիկ չեն կարող սրա պատվիրատուն ու տերերը լինել: Եվ հետո պետք չի զարմանալ, որ հայ երիտասարդների 70%- ն իր ապագան Հայաստանում չի տեսնում:

Մի ցնցող քաղաքաշինական ծրագրի մասին էլ վերջերս իմացանք: Կոմիտասի այգում Դելֆինարիում է կառուցվում: Ինչ հիմնավորմամբ, ինչ առաջնահերթությամբ, ինչ էկոլոգիական փորձաքննությամբ: Ոչ մի` միայն բիզնեսի ու շահի: Եվ ինչ լավ է, որ երկրի ներկա տերերը սաֆարիի կամ գլադիատորական մարտերի հոբբիի չունեն, թե չէ Օպերայի շենքը շատ հարմար տարածք է:

2008-ից ՀՀ գլխավոր ճարտարապետին ղեկավարությամբ քաղաքաշինական խորհուրդ է գործում: Եվ քանի որ Հայաստանում ոչ թե ինստիտուտներն են որոշում, այլ անձերը, այս խորհուրդը որևէ ծրագիր չի քննարկել, ներառյալ ամառային դահլիճի հարցը:

Եվ խնդիրը ոչ այնքան օրենսդրական դաշտում համապատասխան լուծումների բացակայությունն է, որքան քաղաքական կամքը, իսկ ավելի ճիշտ քաղաքական կամայականությունը, որովհետև որոշներին թվում է, որ հենց իրենք են այս երկրի ու քաղաքի տերերը:

Իսկ ես գնալով համոզվում եմ, որ ներկա իշխանությունները ոչ միայն ցանկություն չունեն, այլև ի վիճակի չեն ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ ու պաշտպանված կենսամիջավայր ստեղծել:

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

Տպել Տպել