Արցախի պաշտպանունակությունը պայմանավորված չէ անձերով

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը

ishxan-Հայաստանի հանրությունը բառացիորեն ցնցված է իր ղարաբաղանպաստ գործունեությամբ, Արցախում իրականացրած հայրենաշեն ծրագրերով հայտնի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. դա դիտվում է որպես մարտահրավեր՝ ուղղված առաջին հերթին Արցախի ժողովրդին եւ պետականությանը։ Հավատո՞ւմ եք, որ պրն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքն իրավական դաշտում է։

-Այս պահին ձեռնպահ կմնամ նման գնահատականներից, բայց մի բանում համոզված եմ. անձերը, անհատները լուրջ դերակատարում են ունեցել եւ ունեն պատմության անիվը ճիշտ ճանապարհով տանելու հարցում, եւ այդ առումով Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը լուրջ հարված է Ղարաբաղին եւ ղարաբաղցուն։

Ինքը միշտ էլ կանգնած է եղել Արցախի, արցախահայության կողքին՝ իր կեցվածքով, ներդրումներով, ազգօգուտ նախաձեռնություններով, լոբբիստական գործունեությամբ՝ ամեն, ամեն առումով, եւ Արցախի պետականության կայացմանն իր նվիրվածությունը փաստել է գործով, ի տարբերություն շատ-շատերի, ովքեր կարող են միայն խոսել կամ ճառ ասել։ Փաստն ինքնին շատ ցավալի է, մտահոգիչ է, եւ, կարծում եմ, յուրաքանչյուր ղարաբաղցի ունի այդ մտահոգությունը։

-Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ձերբակալության լուրն առնելուն պես, հայտարարեց, որ դա ակնհայտորեն քաղաքական պատվեր է, որի թիրախը ԼՂՀ պաշտպանունակության, բանակի կադրային ներուժի ամրապնդման ուղղությամբ Լեւոն Հայրապետյանի ձեռնարկած ռազմավարական ծրագրերն են՝ մասնավորապես ռազմական նոր ուսումնարանի շինարարության հետ կապված։ Այդ մտահոգությունն արդարացված չէ՞։

-Շինարարությունը կշարունակվի՞, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել. մանրամասներին չեմ տիրապետում։ Բայց ԼՂ պաշտպանունակության, անվտանգության խնդիրները երբեք էլ պայմանավորված չեն եղել անձերով։ Այսինքն՝ մենք ունենք բավարար ներուժ, կարողականություն՝ լիարժեք ապահովելու եւ զարգացնելու այդ համակարգը։

Արամ կաթողիկոսն իր ելույթներից մեկում ասաց՝ եկեղեցին, հավատքը միայն եկեղեցաշինությամբ չէ։ Նույն կերպ՝ մեր ժողովրդի ռազմական տաղանդը, հատկապես կադրային պոտենցիալը զարգացնելը ռազմական մեկ օղակով չի պայմանավորված։ Ուրիշ բան, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալության փաստը շատ լուրջ մտահոգություն է բոլորիս համար՝ սա ակնհայտ է։

-Շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ Լեւոն Հայրապետյանին մեկուսացնելու որոշումը կապված է հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած կնճիռների հետ՝ արտացոլում է երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։

-Լեւոն Հայրապետյանը երբեք էլ չի ներկայացրել այն հիմնական գիծը կամ թեւը, առանցքային ֆիգուրը, որով պայմանավորված են հայ-ռուսական այդ հարաբերությունները. նա այդ առանցքի ճյուղերից, ճյուղավորումներից մեկն է, որը, անկասկած, ունեցել է իր դերակատարությունը հայ-ռուսական հարաբերություններում, բայց առանցքը չէ՝ երբեւէ չի եղել այդ դերում։ Սա՝ առաջին։

Երկրորդ՝ էլի նույնը պիտի ասեմ. չեմ կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված են անձերով։ Այդ մեկնակետից առաջնորդվելու դեպքում կարող ենք հայտնվել սուբյեկտիվ գնահատականների, մեկնաբանությունների դաշտում, ինչը տեղին չեմ համարում։

-«Ադրբեջանական հետքի» մասի՞ն ինչ կասեք։ Բացառո՞ւմ եք, որ Լեւոն Հայրապետյանին մեկուսացնելու «մտահղացումը» ծնվել է Բաքվում։

-Այն, որ ադրբեջանական լոբբին կարող է իր դերակատարությունն ունեցած լինել այդ հարցում, իհարկե չի կարելի բացառել։ Նաեւ զուտ մարդկայնորեն, որպես ԼՂՀ քաղաքացի, հակված եմ այդ տարբերակին։ Համենայն դեպս ղարաբաղյան ծագում ունեցող հայ մեծահարուստի, բարերարի ձերբակալության փաստը առնվազն կարող է շահարկման նյութ դառնալ Ադրբեջանի համար։

Դեպքերի զարգացումը ցույց կտա՝ ինչն ինչոց է, այնուամենայնիվ լիահույս եմ, որ Լեւոն Հայրապետյան անհատը, բարերարը, հասարակական գործիչը շատ շուտով կլինի Ղարաբաղում՝ ղարաբաղցիների կողքին։

-Վստա՞հ եք, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարգին է։ Այստեղ առաջացած հարցերը բացասական ազդեցություն չե՞ն ունենա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։

-Ես այն մարդկանցից չեմ, որ հակված են հալած յուղի տեղ ընդունել հայտարարությունները, թե հայ-ռուսական հարաբերությունների բնականոն ընթացքին ոչինչ չի սպառնում։ Անկախության հռչակումից ի վեր Ռուսաստանը միշտ հետապնդել է իր շահերը Կովկասում, մասնավորապես Հարավային Կովկասում, եւ այնպես չէ, թե ռուսները միանշանակ դրական դերակատարություն են ունեցել Հայաստանի ներկա կացության, ընդհանրապես հայ ժողովրդի՝ իր ապագան կառուցելու հնարավորությունների ընդլայնման առումով։

Ինչ վերաբերում է զենքի եւ ռազմական տեխնիկայի վաճառքին, մասնավորապես ռուս-ադրբեջանական վերջին գործարքներին, մի բան կարող եմ ասել. անընդունելի է, երբ դաշնակից երկիրը մեծածավալ զենք եւ ռազմական տեխնիկա է մատակարարում հակառակորդ պետությանը։ Այդպիսի գործարքները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին եւ ոչ միայն մտահոգության, այլեւ լուրջ անհանգստության տեղիք են տալիս։

Առավել եւս, երբ այդ երկիրը հանդես է գալիս միջնորդի դերում որպես Մինսկի խմբի համանախագահ։ Եվ ավելին՝ անվտանգության նույն համակարգի՝ ՀԱՊԿ-ի անդամ է։

-Օրերս համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ Եվրամիությունը մտադիր է հանել Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը, Միացյալ Նահանգներն էլ պատրաստվում է խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը այդ երկրի հետ։

-Բնականաբար Ադրբեջանը, իր քաղաքական կեցվածքին հավատարիմ, ֆինանսական հնարավորություններն օգտագործում է իր շահերի համար, մենք էլ պետք է կարողանանք մեր շահերը հետապնդել՝ ճիշտ քայլեր անելով ե՛ւ եվրոպական համագործակցության, ե՛ւ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ե՛ւ արտաքին քաղաքականության մյուս ուղղություններով։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

armworld.am

Տպել Տպել