Նիկոլ (Նիկողայոս Յակոբեան) 1877-1918

Fotor0720212636Ծանօթ.- Վ. Մենակի (Վարդգէս Ահարոնեան) գրչին պատկանող վերի խորագրով այս յօդուածը, որ լոյս է տեսել Թիֆլիսում հրատարակուող ՀՅ Դաշնակցութեան Վրաստանի Կենտրոնական կոմիտէի օրգան «Աշխատաւոր» թերթի 9 Յունիսի 1918, թիւ 57 համարում, վերաբերում է Անդրանիկի հրամանատարութեամբ գործող կամաւորական առաջին գնդի վաշտապետներից, դաշնակցական մարտիկ Նիկոլ Յակոբեանին, որը ծանօթ էր պարզ Նիկոլ անունով: Նկատի ունենալով, որ շատ քչերին է յայտնի նրա կեանքի մասին, առաւել եւս՝ անծանօթ իր ազգանունով, առ այդ՝ յօդուածի վերահրատարակութիւնը կարող է օգտակար հանդիսանալ թէ՛ ընթերցողների եւ թէ մանաւանդ պատմաբանների համար:

* * *
Շիրիմներ կան, որ աւելի արժեն, քան մի ամբողջ կենդանի սերունդ:

Նա մէկն էր նրանցից, որոնք դուրս են գալիս մեր ժողովրդի ծոցից եւ այն օրից, երբ սկսում են գիտակցել իրենց շրջապատը, անդարձօրէն կապում են իրենց կեանքը, իրենց բախտը հարազատ ժողովրդի բախտին: Նրանց կեանքի գիրքը մեր ժողովրդի պայքարի, մեր ժողովրդի տառապանքի գիրքն է միաժամանակ:

Մի քնքուշ մտերմութեամբ ժողովուրդը ճանաչում է նրանց իրենց անունով միայն, չէ՞ որ մեր մտերիմներին մենք անունով ենք կոչում՝ Խեչօ, Քեռի, Նիկոլ: Եւ թւում է տարօրինակ, որ այդ մարդիկ ազգանուն էլ ունեն՝ որ Նիկոլը՝ Յակոբեան է, իսկ Խեչօն՝ Ամիրեան: Մեզ համար Նիկոլը՝ Նիկոլ է եւ Խեչօն՝ Խեչօ: Սրանից դուրս ուրիշ մանրամասնութիւններ մեզ համար օտար են:

Նիկոլը ծնուել է 1877ին, Ախալքալաքում: Սովորել եւ աւարտել է Կարսի քաղաքային դպրոցը: Հենց աշակերտական նստարանից երազել եւ ձգտել է դէպի այն գոռ պայքարը, որ թնդում էր Սասունի լեռներում եւ Մշոյ դաշտում: Եւ ահա 1903ին Խանի խմբի հետ նա անցնում է Երկիր Սասուն հասնելու: Խանի խումբը կռուի բռնուեց եւ ջարդուեց: Դրօշակակիր Նիկոլը վիրաւոր գերի է ընկնում տաճիկ զօրքերի ձեռքը:

Վիրաւոր ֆեդայուն տանում են Էրզրում եւ նետում տաճկական բանտը: Թուրք կառավարութիւնը դատապարտում է մարտիկին մահուան, եւ միայն ռուսական հիւպատոսի միջամտութիւնն է փրկում Նիկոլին մահից: Թուրք կառավարութիւնը մահուան դատավճիռը փոխարինում է հարիւր եւ մէկ տարուայ բերդարգելութեան: 1908ին երիտասարդ թուրքերի յեղափոխութիւնը շատերի հետ ազատութիւն է բերում նաեւ Նիկոլին:

Էրզրումի բանտից ազատուելուց յետոյ Նիկոլը վերադառնում է Կովկաս: Սարիղամիշում, Կաղզվանում եւ Կարսում հերոսին ընդունում են մեծ շուքով:

1910ին Նիկոլը նորից անցնում է Թուրքիա կազմակերպական գործերով եւ վերադառնում Կովկաս պատերազմից առաջ: 1914ի աշնանից մինչեւ 1915ի ամառը նա Անդրանիկի 1ին կամաւորական գնդի վաշտապետներից մէկն էր: Երբ անցեալ Դեկտեմբերին վերսկսուեց պատերազմը Անդրկովկասի եւ Թուրքիայի մէջ, Նիկոլը Անդրանիկի յանձնարարութեամբ ստանձնեց Կարսում թուրքա-հայկական երկրապահ դիվիզիայի պահեստի գնդի կազմակերպութեան գործը: Մարտ ամսին Կարսի կոմանդանտի հրամանով նա անցաւ Կարսի 1ին բերդապահ բատալիոնի գլուխը, մասնակցեց Կարսի կռիւներին եւ ապա Կարսը յանձնուելուց յետոյ իր փոքրաթիւ զինակիցների հետ անցաւ Ալեքսանդրապոլից Ախալքալաք: Մայիսի կէսին էր, որ հեռագիրը գուժեց նրա մահը Ախալքալաքի տակ կռիւներից մէկում:

Ահա չոր ու ցամաք թուերն ու դէպքերը Նիկոլի կեանքի: Դրէք դրանց մէջ այն յոյսն ու ոգեւորութիւնը, այն եռանդն ու պայքարի տենչը, որ փոթորկում է մարդկային կենդանի սիրտը եւ ձեր առաջ կը ցցուի մի հոյակապ մարտիկ իր ամբողջ հասակով, որ ապրեց, պայքարեց ու մեռաւ իր ժողովրդի համար:

Վ. ՄԵՆԱԿ

Տպել Տպել