Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Fotor0731123057ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 30-ին ընդունել է Համազգայինի 20-րդ ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) մասնակիցներին՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կիպրոսից, Սիրիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Արցախից հավաքին մասնակցելու համար ժամանել է 32 ուսանող:

Ողջունելով և շնորհավորելով Համազգայինի ուսանողական մշակութային հավաքի մասնակիցներին կազմավորման 20-ամյակի առթիվ՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը, ով առաջին անգամ է Հայաստանում, անշուշտ, գիտակցում է, որ Հայրենիքի գաղափարն առանց Հայրենիքում լինելու չի կարող իրական ու ամբողջական լինել: Դուք կայցելեք Արցախ, կտեսնեք այն տարածքները, որոնք ձեր հասակակից հայրենակիցները պաշտպանել են իրենց կյանքի և արյան գնով»:

Նախարար Հ.Հակոբյանն ընդգծել է, որ հայ ուսանողի հիմնական և կարևորագույն գործը փայլուն կրթություն ստանալն է և նորարարության այս դարում մրցունակ լինելը: «Համաշխարհայնացման այս դարում հայ երիտասարդը պետք է գտնի իր ուրույն տեղը միջազգային շուկայում՝ չկորցնելով հայ մարդուն բնորոշ նկարագիրը և մարդկային որակները»,- նշել է գերատեսչության ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հավելել է. «Տիկին Հակոբյան, Ձեր կողմից բարձրացված հարցերի փիլիսոփայությամբ ենք մենք անցկացնում այս հավաքը՝ հայրենի հարկի տակ համախմբելով բազմաթիվ տաղանդավոր ու հայրենասեր երիտասարդների»:

Քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Սփյուռքի ուսանողության ակտիվ ներգրավմանը վերաբերող հարցեր:

armenpress.am

30/07/2014

Տպել Տպել