Սպասարկում են կոնկրետ գործարարի


-Հարց.-Ինչպե՞ս կմեկնաբանեք փոփոխությունները, ըստ որոնց հիմա ձեռք չեն տալիս Լեզվի մասին օրենքին, այլ փոփոխում են միայն Հանրակրթության մասին օրենքը:

-Մութ սենյակում կատու փնտրելու պատմությունն է սա: ԱԺ իմ փորձառության մեջ չի եղել դեպք, երբ որեւէ օրինագծի վերաբերյալ լսումներ կազմակերպվեն եւ տվյալ օրինագծի տեքստը չլինի սեղանին, շատ հստակ է` լսումների ձեւաչափը նախ եւ առաջ կոնկրետ քննարկվող փաստաթուղթ է ենթադրում: Այսօր չկար այդ փաստաթուղթը եւ շատ բացատրելի է, որ քննարկումը չէր կարող արդյունավետ լինել: Լեզվի մասին եւ Հանրակրթության մասին օրենքների նախագիծը ոդիսական է անցել: Գարնանային նստաշրջանի վերջում ԱԺ բերված փաթեթը ՀՅԴ-ն մերժեց: Մեր առաջարկությամբ որոշում կայացվեց նախ լսումներ կազմակերպել, հետո նոր օրինագիծը երկրորդ ընթերցմամբ բերել ԱԺ:

Առաջին ընթերցմամբ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շտապեց ընդունել լրամշակված մի փաթեթ, որը սակայն այսօր քննարկման առարկա չէր: Մեր հանձնաժողովի վերջին նիստում նախարարը վերոհիշյալ նախագծերի երկրորդ ընթերցման մի տարբերակ էր բերել, որը նույնպես այսօրվա լսումների քննարկման առանցքում չէր: Ըստ նախարարի բանավոր խոստման, փաթեթից կհանվի Լեզվի մասին օրենքի նախագիծը: Կողմերը եկան լսումների, ամեն մեկն իր ճշմարտությունն ասաց, ու չգիտեմ` մեր հանձնաժողովի հաջորդ նիստում ինչ փաստաթուղթ կներկայացվի հասկանալու, թե իրականում ինչ փոփոխություններ են կատարվել: Իսկ բանավոր խոստումների հիման վրա չեմ կարող մեկնաբանություններ անել: Մանավանդ որ չեմ պատկերացնում, թե ինչքանով է համադրելի օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության որոշումը եւ Լեզվի մասին օրենքով ամրագրված հանրակրթության լեզուն հայերենն է հաստատումը: Իմ վերաբերմունքը այս փոփոխությունների նկատմամբ մնում է նույնը` ոչ: Նախարարի խոսքերից հստակ էր, որ այլընտրանքային, փորձարարական ու հեղինակային դպրոցներ ասելով նախեւառաջ օտարալեզու դպրոց են հասկանում:

-Այսինքն` անկախ նրանից` Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կլինեն, թե Հանրակրթության մասին օրենքում, միեւնույն է, բացելու են այդ դպրոցները:

-Այո, կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը կարծես թե չի պատրաստվում հետ կանգնել օտարալեզու դպրոցներ բացելու իր մտադրությունից, քանի որ պետք է սպասարկել կոնկրետ գործարարի ցանկություն` ՀՀ-ում բացել օտարալեզու դպրոց: Վերաբերմունքը հստակ է` կրթական համակարգը դիտվում է շահավետ ներդրումային դաշտ: Այս իշխանությունների յուրաքանչյուր քայլ հերքում է նախորդը եւ խճճում կացությունը: Ես կարծում եմ` խորհրդարանական մեծամասնությունն ու քաղաքական իշխանությունները սեփական ձախողումները խորացնելու ճանապարհով են գնում: Մինչդեռ կարող էին նախապես մտածել, նորմալ մի փաստաթուղթ բերել եւ ներկայացնել ԱԺ-ին ու հասարակությանը, որպեսզի իսկապես բովանդակային քննարկում գնար:

-Ինչո՞ւ են այդպես վարվում:

-Սպասարկում է շատ կոնկրետ բիզնես շահ: Հայտնի է նաեւ, թե ում մասին է խոսքը` Ռուբեն Վարդանյան` «Տրոյկա Դիալոգե ընկերության նախագահ: Աշոտյանն էլ իր խոսքում խոստովանեց, որ այդ դպրոցը կայք ունի արդեն, ուր ներկայացված են դպրոցի ծրագրերը: Այսինքն` երեւույթը կա, կարծես թե շինարարությունն էլ ընթացքի մեջ է եւ օրենքի տարազավորում են փորձում տալ ազգային դպրոցի ու մայրենիի հաշվին: Այս լսումները չփարատեցին իմ կասկածները, ընդհակառակը, ավելի շփոթ իրավիճակ ստեղծեցին: Ռ.Վարդանյանին խորապես կհարգեի (ի դեպ, համակրանք ունեմ նրա նկատմամբ), եթե նա իր միջոցներն իրապես ներդներ ազգային դպրոցի մրցունակության ուղղությամբ եւ ոչ թե հակասությունների ու շերտավորման ճանապարհով սոցիալական լարվածություն հաղորդեր հասարակությանը:

-Իրենք ասում են, որ օտարալեզու դպրոց բացում են ավագ դասարանում, երբ աշակերտի լեզվամտածողությունը ձեւավորվել է արդեն, կամ էլ` օտարալեզու դպրոցները սահմանափակ թվով են լինելու: Այսինքն` վտանգները չեզոքացված են, ըստ իրենց:

-Քաղաքակիրթ աշխատանքը ենթադրում է կոնկրետ փաստաթղթի քննարկում: Ես անլուրջ եմ համարում նախագծի վերաբերյալ բանավոր հայտարարությունները մեկնաբանելը` առանց այդ նախագիծը տեսնելու: Հասարակության ու դպրոցի ընդհանուր առողջացման խնդիրն այնքան նեղացրին, որ իրենց թվում է, թե այդ երկու կամ տաս օտարալեզու դպրոցը բացենք, ամեն ինչ իր տեղը կընկնի, ախտերը կվերանան: Այսօր մենք իսկապես հասարակական լուրջ պատվեր ձեւավորելու, քաղաքակիրթ ու մրցունակ ազգ-պետություն կայացնելու խնդիր ունենք ու կեղծ շահարկումներով, թե մրցունակ կադրեր են պատրաստելու, պարզապես անլրջացնում են մեր իրականության դիմագրաված համակարգային ու աշխարհայացքային խնդիրները:

-Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է հասարակական խնդիրների լուծմանը հասնել:

-Բանալին խելամիտ կառավարությունն ու ազգընտիր իշխանությունն է: Նախարարի մատնանշած մտածելակերպը պետք է նախ իշխող վերնախավի մեջ արմատացած լինի, պետք է նախ իշխանությունների միտքը բարեփոխված ու մրցունակ լինի: Բարեփոխված, առողջ ու քաղաքակիրթ միտքն է ունակ առողջ, մրցունակ ծրագրեր բերելու: Իշխանությունները թող այդ բարեփոխումներն իրենց ներսում, իրենց մտածելակերպում անեն, հետո նոր անցնեն հասարակությանը: Որակյալ իշխանությունն է ի զորու որակյալ ծրագրեր իրականացնել:

-Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ամեն գնով ուզում են բացել այդ դպրոցները, ինչո՞ւ են նման խոստում տվել ու ամեն գնով այդ խոստումը փորձում են կատարել: Ի՞նչ պետք է տա իշխանություններին այդ խոստման իրագործումը:

-Սիրում ենք օտար շրջանակներում դավադրություններ փնտրել: Ես հակված եմ մեր խնդիրները մեր մեջ տեսնել ու ոչ արտաքին, ոչ էլ ներքին թշնամի չփնտրել: Խոստում է տրված գործարարին, եւ հիմա փորձելու են ամեն գնով այնպես անել, որ իրենց խոստումը կատարեն: Սա առաջին դեպքը չէ: Ո՞վ չգիտի, որ այսօր ԱԺ ներկայացված նախագծերը սպասարկում են ինչ-որ անձերի, լավագույն դեպքում` իշխանական փոքր խմբերի շահերը: Ամեն ինչի մեջ դավադրություն չեմ տեսնում: Երեւի անկեղծ պոռթկումի ժամանակ ասել են, հիմա էլ իրենց խոստման ձեռքը կրակն են ընկել: Իսկապես կհարգեի Ռուբեն Վարդանյանին ու մեր իշխանություններին, եթե ներդրումները նախեւառաջ կրթական որակին ու նրա կառավարման արդյունավետությանն ուղղվեին:

Lragir.am
Արման ԳԱԼՈՅԱՆ

Տպել Տպել