Հրանտ Մարգարյան. «Սահմանային, այսպես ասած՝ խուլիգանությանը միշտ պետք է պատասխան տրվի»

20140804-HMargaryan“Ադրբեջանն իր տկարությունից ելնելով է լարվածություն ստեղծում, որպեսզի ազդի բանակցային գործընթացի վրա եւ իր համար բարենպաստ մթնոլորտ ստեղծի”,- այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ Իսկ հայտարարությունը նա արել է Բյուրականում՝ հանդիպելով Հայ մարմնակրթակական ընդհանուր միության նախաձեռնությամբ աշխարհի 18 երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին։ “Հայրենիքին աջակցելու հարցում դերակատար պետք է լինի յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ նա ապրելիս լինի”,- Մարգարյանն այս հորդորով է դիմել երիտասարդներին։

“Եթե մենք մաս ենք կազմում հայ ժողովրդին, նշանակում է ունենք իրավունքներ եւ պարտականություններ։ Եթե կա պատասխանատվություն, կա նաեւ աշխատանք։ Դուք “Հայ մարմնակրթակական ընդհանուր միության” ճանապարհով եք կերտում այդ ճակատագիրը։ Եվ ես դրա համար շատ ուրախ եմ”,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Հրանտ Մարգարյանը նկատել է նաեւ, որ տարբեր երկրների հայ երիտասարդությունը հայրենիքում համախմբվել է այն ժամանակ, երբ սահմանին անհանգստություն կա։ “Ամեն պահ փորձում են մեզանից զոհեր խլել, դեռ Հայաստանը պատերազմի մեջ է, եւ մեզ պարտադրում են պահերազմ։ Մենք կարող ենք դիմակայել բոլոր դժվարություններն իբրեւ համաշխարահային ազգ։ Մեր ուժերը չեն սահմանափակվում միայն Հայաստանով, մենք ուժեղ ենք ամբողջ աշխարհի տարածքի վրա”։ Երիտասարդներին ուղղված խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ հայրենիքը ծնողի նման է, եւ ծնողի նկատմամբ պատասխանատվության զգացումով էլ պետք է վերաբերվել հայրենիքին։

“Եվ դա չպետք է պայմանավորել ծնողի որակային հատկանիշներով։ Մեր պետությունը կարող է շատ-շատ թերություններ ունենալ, շատ սխալ լինի մեր մեջ։ Դրա համար պետք է պայքարենք եւ շտկենք, բայց ոչ մի բան չի կարող պատճառ դառնալ, որ մենք մեր հայրենիքից երես թեքենք, ոչ մի բան չի կարող պատճառ դառնալ, որ մենք պատասխանատու չլինենք մեր երկրի ապագայի համար։ Մեր ժողովրդի նկատմամբ այս գիտակցությունն է, որ մեզ պետք է ուղեկցի”,- ասաց Մարգարյանը։

Ի դեպ, սահմանային իրավիճակի մասին Հրանտ Մարգարյանը խոսել է նաեւ “Երկիրն այսօր” ծրագրին տված հարզազրույցում։ Նրա խոսքով, Ադրբեջանն իր տկարությունից ելնելով է լարվածություն ստեղծում, որպեսզի ազդի բանակցային գործընթացի վրա եւ իր համար բարենպաստ մթնոլորտ ստեղծի։ Ադրբեջանի փորձերից մեկն էլ հայության հանդեպ հոգեբանական ճնշում իրականացնելն է։

“Բայց ես կարծում եմ մեր բանակի համարժեք պատասխաններով նրանց գործը ձախողված է։ Մենք պետք է նաեւ քարոզչական մակարդակով, միջազգային հանրային շրջանակում բացահայտենք Ադրբեջանի ագրեսոր բնույթը եւ այս սահմանային բախումների հիմնական նպատակը։ Պատերազմը տարածաշրջանում բոլորի համար վատ է, բնականաբար մեր ժողողվրդը չպետք է ներքաշվի այս ամենի մեջ, բայց պետք է արժանավայել պատասխան տալ եւ հաղթանակով ավարտել”։ Դաշնակցության ներկայացուցիչը կարծում է` մոտալուտ պատերազմի մասին խոսելու հիմք չկա. “Հույս ունեմ, որ երբեք չենք ունենա, բայց սահմանային, այսպես ասած՝ խուլիգանությանը միշտ պետք է պատասխան տրվի”։

© Երկիրմեդիա

Տպել Տպել