Սահմանապահ Բաղանիսի գյուղապետն ամենաերիտասարդն է Հայաստանում

20140804-NSahakyanՏավուշի մարզի Բաղանիս համայնք սահման պահող մեր գյուղերից է։ Այն շենանում է՝ հակառակ սահմանային միջադեպերի, գրեթե ամեն օր լսվող կրակոցների: Սահմանամերձ Բաղանիսում 11 տարվա ընդմիջումից հետո կրկին լսվել է կոմբայնի ձայնը: Ստացված առաջին բերքից բաղանիսցիները չեն դժգոհում: Այստեղ հացահատիկ մշակելու համար տարածքներ կան, բայց գյուղացիները չեն համարձակվում հողը մշակել: Ամեն անգամ գյուղում լսվող կոմբայնի ձայնը թշնամին կրակոցով է փորձում լռեցնել:

Ջահան պապն ասում է՝ իրենք գիտեն` ինչ է նշանակում սահման պահել: Գիտեն նաեւ, որ դիրքերում կանգնած զինվորն էլ իրեն ապահով եւ հպարտ է զգում. իր թիկունքին առօրյա հոգսերով ապրող գյուղացին է:

Գյուղը սահմանամերձ մյուս բնակավայրերի նման մի շարք դժվարություններ ունի: Բաղանիսում լուրջ խնդրի է դարձել ոռոգման եւ խմելու ջրի հարցը: Այն մասամբ արդեն լուծված է, մի քանի օրից այստեղ սկսվելու է ջրագծի կառուցման աշխատանքը:

Պետք է պայմաններ ստեղծել ապրելու, աշխատելու համար՝ ասում է Բաղանիսի 28-ամյա համայնքապետը. Հայաստանում ամենաերիտասարդ գյուղապետը: Նարեկ Սահակյանն արդեն մի քանի տարի է, ինչ ղեկավարում է համայնքը, եւ այստեղ կատարված փոփոխությունները չնկատել՝ չի լինի: Լուծված է գյուղի գազիֆիկացման հարցը, վերանորոգվել է Բաղանիսի միջնակարգ դպրոցը: Դեռ պատերազմի տարիներին լիովին ավերված գյուղի մանակապարտեզին այսօր փոխարինում է վերանորոգված նախակրթարանը: Սեպտեմբերին այստեղ իրենց օրվա մեծ մասն են անցկացնելու բաղանիսցի 20 փոքրիկները:

Կարգավորված է նաեւ գյուղի աղբահանության խնդիրը: Ամեն ուրբաթ այստեղ աղբահանության օրը է, աշխատանքներին մասնակցում է ողջ գյուղը:

Դաշնակցական գյուղապետն ասում է՝ հպարտությամբ է կատարում իր աշխատանքը: Դժվար է սահմանամերձ գյուղում աշխատանքի բացակայության պայմաններում երիտասարդությանը պահել: Ինքը սակայն համարձակվեց մնալ: Մասնագիտությամբ հնագետ է, Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո հրաժարվեց մայրաքաղաքում աշխատելու առաջարկությունից՝ մի պարզ պատճառով. ինքն իր ապագան սահմանամերձ գյուղում է տեսնում:

Սահմանամերձ Բաղանիսը 998 բնակիչ ունի, նրանցից յուրաքանչյուրը մի զինվոր է, ով համառելոգվ պայքարում է թշնամու դեմ` իր գյուղը շենացնելով:

© Երկիրմեդիա

Տպել Տպել